Նախկին ամուսինը փախցրել է դստերը. կինը դիմում է ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց նամակ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

«Ես` Արփիկ Հարությունյանս, որպես մայր, օգնության ակնկալիքով դիմում եմ Ձեզ, քանի որ նախկին ամուսինս` Արարատ Ասրյանը, խաբեությամբ վերցրել է դստերս և անհետացել: Ամուսնացած ենք եղել 2005 թվականից, համատեղ կյանքում ունեցել ենք մեկ դուստր: Ընտանիքում տարաձայնությունները սկսվել են երեխայի դպրոց հաճախելու պատճառով, քանի որ արգելում էր դպրոց գնալ: Դուստրս 8 տարեկան է, սովորում է 1-ին դասարանում (հոր պատճառով կորցրել է 1 ուս. տարի): Ամուսինս պատճառաբանում էր, որ իր ընդդիմադիր հայացքների պատճառով երեխային կվնասեն, կբռնաբարեն, անօրինական պատվաստումներ են անում` չիպավորում են երեխաներին: Սոց. ցանցերում, թերթերում հայհոյում էր նախագահին, ինձ ու հայրիկիս ենթարկում էր հոգեբանական տերորի` կապված ազգային անվտանգության պետ` Գորիկ Հակոբյանի հետ, քանի որ նա հայրիկիս ուսանողական ընկերն է:

10937794_888683711175679_1680290965_n

Ասում էր, որ ինքը կարևոր դեմք է, ունի կապեր դրսում, այդ պատճառով էլ Գորիկ Հակոբյանը հետապնդում է, ենթարկում է քաղաքական հալածանքների, բոլոր ձեռնարկումները ձախողում է, այժմ էլ օգտագործում է ինձ` իր դեմ, քանի որ ես ուզում էի ամուսնալուծվել: Ի հայտ էին եկել շեղված մտքեր, տարվել էր բախտագուշակներով և պայծառատեսներով, ասում էր, որ ինքը առաքյալ է: 2014 թվականի հունիս ամսից ես և երեխան ապրում էինք հորս տանը, ես չենթարկվեցի` երեխային ուղարկեցի դպրոց, որից հետո նա անհետացավ: 2014 թվականի դեկտեմբերի 5-ին` 3 ամիս անց հայտնվել է, ուղարկել ընկերոջը և ցանկացել է տեսնել երեխային: Ես, ելնելով երեխայի հոգեբանական վիճակից, տարա Աբովյան քաղաք` ընկերոջ տուն` տեսակցության: 1 ժամ առանձնանալուց հետո երեխան ասաց, որ ուզում է մնա հոր մոտ. ես ստիպված համաձայնվեցի` պայմանով, որ վաղը կվերադարձնի: Հաջորդ օրը հայտնեց, որ ես այլևս չեմ տեսնի երեխային: Ես դիմել եմ դատարան` երեխայի հետագա խնամքի և բնակության վայրի պահանջով: Հունվարի 19-ին ես գնացի Կոտայքի ոստիկանություն, և ինձ ասացին, որ 2 օր է` բնակարանում մարդ չկա: Կոտայքի ոստիկանապետը ինձ հավաստիացնում էր, որ չեն կարող փախչել, որ իրենց հսկողության տակ են: Վերջերս պարզեցի, որ նախկին ամուսինս եղել է դատապարտված` ավազակային հարձակման պատճառով, կա հարուցված քրեական գործ` դասախոս Թաթուլ Մանասերյանի բողոքի հիման վրա, կան էլի խաբված մարդիկ, որոնցից գումար է կորզել: Ես ենթադրում եմ, որ երեխային առևանգել է, որպեսզի օգտագործի իմ դեմ` որպես գործիք` գումար կորզելու նպատակով:

Հարգելի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, խնդրում եմ Ձեր աջակցությունը և միջամտությունը , քանի որ Ձեր ստորաբաժանումների անլուրջ վերաբերմունքի պատճառով ես կանգնել եմ փաստի առջև: Ցավալին այն է, որ, հանդիսանալով օրինապաշտ քաղաքացի, բժշկուհի եմ, հայ քրիստոնյա եմ, բնակվում եմ հայրիկիս տանը, խնամում մեծահասակ ծնողիս, ունեմ անբասիր կենսագրություն, այս ամբողջ ընթացքում Ձեր աշխատակիցները ցուցաբերել են անտարբերություն և կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ, իսկ խաբեբային խրախուսում են: Խնդրում եմ Ձեզ` մինչև դատական պրոցեսի սկսվելը հայտնաբերել իմ երեխային, քանի որ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությանը սպառնում է անմիջական վտանգ:

Քաղաքացի Ա. Հարությունյան»

Armlur.am-ը փորձում է կապ հաստատել Արարատ Ասրյանի հետ: Հնարավորության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս