Հունվարի 14-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել է զբաղվել ճանապարհների մաքրությամբ: Խնդիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ մարզով է ձգվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Մարզպետը հանձնարարել է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել եւ մանրամասը քննարկել խնդիրն ու դրա լուծման ուղիները: Տավուշի մարզի ճանապարհներին միշտ կարելի է տեսնել ցելոֆանի դատարկ տոպրակներ, ծխախոտի տուփեր, ծխախոտի մնացորդներ, դատարկ շշեր եւ տարատեսակ այլ աղբ:
Հունվարի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ համայնքի վարչական տարածքում՝ միջպետական ճանապարհին տեսանք ճանապարհային աշխատողի արտահագուստով 2 բանվորների: Իջևանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերության բանվորները, ձեռնոցներ հագած, հավաքում էին ճանապարհին եւ դրա եզրերին թափված աղբը: Ճանապարհը մաքուր տեսք էր ստացել, սակայն թե այդ տեսքը որքա՞ն ժամանակ կպահպանվի, դժվար չէ կռահել: Հայաստանցի վարորդները եւ ուղեւորները սովորույթ ունեն ավտոմեքենայից դուրս նետել ցելոֆան տոպրակներ, սիգարետի ծխուկներ, պլաստմասսե դատարկ շշեր:
Ցավոք, հայտնի չեն դեպքեր, երբ պետավտոտեսչության աշխատողը տուգանած լինի ավտոմեքենայից աղբ նետողին: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում նման արարքի համար մեծ տուգանքներ են սահմանված: Միջպետական ճանապարհով երթեւեկում են նաեւ բազմաթիվ արտասահմանցիներ, զբոսաշրջիկներ: Տեսնելով մեր ճանապարհների կեղտոտ վիճակը՝ նրանք համապատասխան եզրակացություն են անում հայաստանցիներիս կենցաղավարության, հանրային տարածքների նկատմամբ ոչ հոգատար վերաբերմունքի մասին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ