Վերջերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանն ու դրան հետեւած բողոքի ակցիաներին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Մելինե Դալուզյանը: Նա կարծում է, որ Գյումրիում հուզումները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ ոճրագործին չեն հանձնել հայկական արդարադատությանն ու նա չի ստացել իր արժանի պատիժը:
-Մելինե՛, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ այս օրերին ամենատարբեր վարկածներ շրջանառվեցին: Որպես գյումրեցի` ինչպիսին է կատարվածի Ձեր վարկածն ու, առհասարակ, գյումրեցիների շրջանում մարդիկ առավելապես ո՞ր վարկածին են հակված հավատալու:
-Մեր քաղաքացիներին շատ է հետաքրքրում՝ ինչն էր դրդել մարդասպանին նման քայլի գնալ, ինչու հենց այդ ընտանիքը հայտնվեց նրա թիրախում: Այս հարցի շուրջ տարբեր վարկածներ կան. մեծ մասը կարծում է, որ դա մեկ հոգու ձեռքի գործ չէր…
-Այսինքն՝ կարծում են՝ կենցաղային հողի վրա կատարված հանցագործություն էր, թե՞ կոնկրետ պատվեր:
-Այս դեպքը, առհասարակ, պետք չէ քաղաքականացնել, մեր երիտասարդները, օրինակ, չեն էլ փորձում դա անել: Այնուամենայնիվ, հիմնականում շրջանառվում է այն կարծիքը, որ սա Ադրբեջանի կազմակերպած դիվերսիան էր: Ինքս, օրինակ, սպանությունը չեմ կապում այն հանգամանքի հետ, որ հայր եւ որդի Ավետիսյանները արտագնա աշխատանքով Ռուսաստանում են եղել, եւ իբր նրանց ու ոճրագործի միջեւ կոնֆլիկտ է եղել: Այնուամենայնիվ, ինչն էլ որ լինի սպանությունների պատճառը, փոքրիկ երեխայի հետ այդպես դաժանաբար վարվողն արդարացում չի ունենալու:
-Ի՞նչ եք կարծում՝ համատարած այս խուճապը, այս աննախադեպ լարվածությունը ե՞րբ, վերջապես, կանցնեն:
-Քանի դեռ ոճրագործը պատժված չէ, խուճապը չի դադարի: Մենք պատրաստ ենք պայքարել այնքան, մինչեւ Պերմյակովին հանձնեն մեզ: Այս պահին դրությունը համեմատաբար հանգիստ է, սպասում ենք գլխավոր դատախազի նամակի պատասխանին:
Տեղի ունեցած դեպքը ոչ միայն գյումրեցիների, այլեւ բոլոր հայերի համար մեծ ողբերգություն էր: Բոլորս պարտավոր ենք մեր հնարավորության չափով մասնակցություն ունենալ բողոքի ցույցերին, որպեսզի մեր ձայնը հասնի պետական իշխանությանը, ու ոճրագործին հանձնեն մեր օրենսդրությանը: Գյումրեցիներից յուրաքանչյուրն ապրեց այդ ահավոր ցավը, Ավետիսյանների փոխարեն կարող էր լինել ցանկացածիս ընտանիքը:
-Դուք ինքներդ մասնակցե՞լ եք ցույցերին, ո՞րն է անձամբ Ձեր պահանջը:
-Գյումրեցիներս ուզում ենք տեսնել մարդասպանի պատիժը, որպեսզի նման դեպք այլեւս չկրկնվի: Ինքս առողջական խնդիրների պատճառով անձամբ չեմ մասնակցել ցույցերին, սակայն պահանջում եմ, որ ոճրագործը հանձնվի մեր պետությանը: Հարգելի՛ դատախազ, հասեք այն բանին, որ ռուս ոճրագործն իր պատիժը կրի Հայաստանում:
-Մի քիչ էլ Ձեր առողջական եւ մարզական վիճակից խոսենք: Դուք աշխարհի առաջնությանը մասնակցեցիք արմունկի վնասվածքով, ապա վիրահատվեցիք, ինչպե՞ս է այն անցել, եւ հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Վնասվածքը դեռ մրցումների մեկնելուց առաջ էի ստացել, դեկտեմբերին վիրահատություն տարա, այժմ ամեն ինչ նորմալ է:
-2015-ի հետ կապված մարզական ի՞նչ ծրագրեր ունեք: Կա՞ մի մցույթ, որի շրջանակներում հաղթանակ տանելը գերնպատակ է:
-Դե, իհարկե, մասնակցելու եմ նոյեմբերին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, պարզապես մարզումներս դեռ չեմ սկսել, մրցակիցներիս մասին ոչինչ ասել չեմ կարող, սակայն հաղթելու շանսեր կան:
– Իսկ անձնական կյանքի մասին մտածելու համար ժամանակ կա՞:
-Այս տարի կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա: Հիմա անձնական կյանքի մասին մտածելու համար դեռ վաղ է:
Աննա Բաբաջանյան