Հուլիսի 14-ին, ժամը 09-15-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղի “Արփա” ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել ջուրը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից փոխանցում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:
Ժամը 09.30-ին փրկարարները` բնակիչների օգնությամբ ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ` 1966 թ. ծնված Հուսիկ և 1990 թ. ծնված Հակոբ Բավեյաններին, 1990 թ. ծնված Նարեկ Մարգարյանին և 1990 թ. ծնված Անդրանիկ Թորոսյանին:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Նարեկ Մարգարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: