«Սանիտեք» ՍՊ ընկերությունը, որը զբաղվում է Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի աղբահանությամբ և փողոցների մաքրման աշխատանքներով, գործի անցավ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից՝ քաղաքապետարանից վերցնելով աղբահանության գործառույթը, որի արդյունքում լուծարվեց «Կենտրոն մաքրություն» ընկերությունը, և մի շարք աշխատակիցներ հայտնվեցին փողոցում:
Անցած շաբավա ընթացքում «Սանիտեք»-ի տեղադրած պլաստմասե աղբաններից մի մասն այրվել է: Ընկերության խոսնակ Արման Հայրապետյանը Armur.am-ի հետ զրույցում ասաց, որ այրվել է շուրջ 15 աղբաման:
«Չեմ կարող ասել՝ ովքեր են այս ամենի հեղինակները: Այս աղբամանները հրակայուն են և ունակ մինչև երկու ժամ կրակի մեջ մնալ, սակայն, 2 ժամից հետո սկսում են ամբողջությամբ այրվել: Այդ տասնհինգ աղբանները բոլորն էլ ամբողջությամբ են այրվել»,-ասաց Հայրապետյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց նաև, որ այսօր առավոտյան էլ ահազանգ են ստացել, որ հիմա էլ Նար-Դոս փողոցում տեղակայված աղբամաններից մեկն է այրվում: «Չեմ կարող հաստատ ասել, որ ինչ-որ մեկը դիտավորյալ այրել է, բայց նշեմ նաև, որ այդ աղբամաններում հենց այնպես հրդեհ չէր կարող բռնկվել»,- ասաց Արման Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցներից շատերը վերջին օրերին բողոքի ակցիաներ էին կազմակերպում նախագահական նստավայրի և կառավարության դիմաց՝ պահանջելով նոր օպերատորին պարտավորեցնել իրենց վերականգնել աշխատանքի և բարձրացնել վարձատրությունը: Իսկ նոր օպերատորի ղեկավար Մադլեն էլ Կորկորը հրաժարվում է կատարել աշխատակիցների պահանջը: