Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով ԼՂՀ-ում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ճակատագրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին, հայտարարել է.
«Ռուսաստանը կքննարկի նրա հարցը Հայաստանի իշխանությունների հետ: Դիլհամ Ասկերովը ձերբակալվել է հայկական կողմի միջոցով, այդ իսկ պատճառով էլ մենք պետք է դա քննարկենք հայկական կողմի հետ: Քիչ չեն աշխարհի տարբեր երկրներում ձերբակալված մեր քաղաքացիները»,- հայտարարել է Ս. Լավրովը: ՌԴ արտգործնախարարն ընդգծել էր, որ Ռուսաստանն անդադար հետաքրքրվում է իր քաղաքացիների ճակատագրով:
Հիշեցնենք՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել էր 2014թ. հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը: Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, Դիլհամ Ասկերովը` ցմահ:
Armlur.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ այս հարցը քաղաքականացնել պետք չէ: Իսկ հարցը քննարկելու մասին Լավրովի պատասխանը չի նշանակում, թե հենց հաջորդ օրը կդիմեն Արցախին կամ Հայաստանին: Մեր զրուցակցի խոսքով` քննարկել նշանակում է նաև պարզել` արդյոք այդ մարդն ունի ՌԴ քաղաքացիություն:
«Չի բացառվում, որ այդ մարդն ունի մի քանի անձնագիր, սակայն սա էլ որևէ ձևով չի ազդում գործընթացի վրա: Փաստն այն է, որ այդ ահաբեկչական խումբը ներթափանցել է Արցախ, կատարել ահաբեկչական գործողություններ, որոնց զոհն են դարձել անմեղ քաղաքացիներ: Ու այդ մարդիկ իրենց պատիժը կրելու են Արցախի Հանրապետությունում»,- վստահեցրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը` հավելելով, որ դատավարությունն ընթացել է բաց և թափանցիկ ձևով: Իսկ քննության ընթացքում որևէ մեկը ՌԴ-ից Արցախին չի դիմել:
«Մեղադրյալներն իրենց մեղքն ընդունել են: Որևէ մեկը չի կարող ասել, թե նրանց վրա ճնշում են գործադրվել: Մենք օրենքով սահմանված կարգով հանցագործության մեջ մեղադրվողներին տրամադրել ենք դատապաշտպաններ»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է այն հարցին` այդուհանհերձ, ԼՂՀ օրենսդրությունն ունի՞ նախադրյալներ Արցախում ազատազրկման դատապարտվածին արտահանձնել այն երկրին, որի քաղաքացին նա համարվում է, մեր զրուցակիցը նկատեց, որ նման նախադրյալներ կան, սակայն դիվերսանտների գործը այդ դեպքը չէ:
«Կարծում եմ` Ռուսաստանը չի դիմի, քանի որ նման հանցագործություն կատարած մարդկանց ընդունելը որևէ մեկին պատիվ չի բերի: Դրանից բացի՝ ինչպե՞ս եղավ, որ նա ՌԴ քաղաքացի է, Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ է համագործակցում, իսկ ընտանիքն էլ Բաքվում է»,- նշեց Դ. Բաբայանը՝ բացարձակապես անհնար համարելով այն, որ Հայաստանը կարող է ԼՂՀ և ՌԴ միջև միջնորդ լինել:
Տաթև Հարությունյան