Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների կարծիքով՝ Սիրիայում ռազմական գործողությունների ծավալը վկայում է այն մասին, որ հակամարտությունը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Իսկ դա նշանակում է, որ այդպիսի պատերազմի մասնակիցները պարտավոր են պահպանել Ժնեւի հռչակագիրը, նրանց նկատմամբ կարող են գործեր հարուցվել՝ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։
Ավելի վաղ Կարմիր խաչը պաշտոնապես ռազմական գործողությունների շրջան համարում էր միայն Իդլիբ, Հոմս եւ Համա քաղաքների շրջակայքը։
Միեւնույն ժամանակ սիրիական իշխանությունները հերքում են այն պնդումները, որ իրենք ծանր տեխնիկա են օգտագործել Տրեմսեխ գյուղը գրոհելու ժամանակ։ Ապստամբները սկզբից պնդում էին, որ կառավարական զորքերը գյուղում տասնյակ խաղաղ բնակիչների են սպանել, բայց ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ սպանվածների մեծ մասը զինված գրոհայիններ են եղել։
Այսօր առավոտյան ապստամբները հայտնել են, որ մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում կատաղի մարտեր են ընթանում։