Նախորդ շաբաթ Հայ ազգային կոնգրեսից դուրս է եկել Դավիթ Շահնազարյանը: Վերջինս համարվում էր Կոնգրեսի առանցքային դեմքերից մեկը, ավելին նա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին է:
“ՀԱԿ կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում”,- “Ազատության”-ը ասել է նա՝ չմանրամասնելով ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները: Սակայն որոշակի ակնարկներ, այնուամենայնիվ, արել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ՝ նշելով, որ արդեն ունենք ոչ միայն ոչ լեգիտիմ իշխանություն, այլեւ ոչ լեգիտիմ ընդդիմություն, քանի որ ըստ նրա՝ այլընտրանքային դաշտում հայտնված ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ մեծ ընտրակաշառքներ է բաժանել:
Շահնազարյանի հայտարարություններին հակադարձել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ ասելով, որ նրա դուրս գալը կապված չէ Կոնգրեսի հետ ռազմավարական հարցերում հակասություն ունենալու հետ: “Այո՛, Դավիթ Շահնազարյանը դադարեցրել է իր մասնակցությունը Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքներին եւ ընդհանրապես ակտիվ քաղաքական գործունեությունը Կոնգրեսի կազմում՝ շարունակելով մնալ Կոնգրեսի անդամ, քանի որ դուրս չի եկել ՀՀՇ կուսակցությունից: Ինչ վերաբերում է պատճառներին, ապա կարող եմ ասել հետեւյալը. Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսի ղեկավարությանը հստակ ներկայացրել է իր քայլի պատճառները, որոնք, սակայն, կապված չեն Կոնգրեսի հետ ռազմավարական, մարտավարական, եթե կուզեք՝ նաեւ գաղափարախոսական հարցերում հակասություն ունենալու հետ: Իսկ թե որոնք են այդ պատճառները, համաձայն մեր ունեցած պայմանավորվածության՝ կարող է ներկայացնել անձամբ ինքը՝ պարոն Շահնազարյանըե,-ասել է Մուսինյանը:
Իսկ ահա ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ երեկ կարծիք է հայտնել, թե աշնանը ՀԱԿ-ի եւ Շահնազարյանի ճանապարհները նորից խաչվելու են. “Ես վստահ եմ մի բանում, որ Դավիթ Շահնազարյանը նույնքան մտահոգ է այն խնդիրներով, ինչով մտահոգ է ՀԱԿ-ը: Վստահ եմ նաեւ, որ նա շարունակելու է իր պայքարը, միգուցե մեկ այլ ուղղությամբ”:
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ ՀԱԿ-ից հեռանում են մարդիկ, որոնք համարվում են արեւմտամետ: Դավիթ Շահնազարյանն էլ, թերեւս, նրանցից մեկն է: Սակայն, դատելով նրա խոսքերից ու ՀԱԿ արձագանքից, կատարվածն ավելի շուտ անձնական դրդապատճառներ ունի: Ու այսպիսի անձնական խնդիրներ ՀԱԿ-ում հատկապես վերջին շրջանում հաճախ են ծնվում: Այնտեղ հարցերը լուծվում են “անձնական սիմպատիաներով”, դրա համար էլ երբեմնի համաժողովրդական շարժումից այսօր մնացել են ընդամենը մի քանի պատգամավոր եւ սակավաթիվ համակիրներ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ