Ալիևը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. Սորոսը կոչ է արել վերջ տալ ճնշումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները: Այս մասին ասվում է «Բաց հասարակություն» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ անհանգստություն է հայտնվում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող արշավի, հայտնի ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ:

«Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է տասնյակ քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների ու իրավաբանների, նրանց դեմ տարբեր մեղադրանքներ են ներկայացվում՝ սկսած գումարների յուրացումից ընդհուպ մինչև պետական դավաճանություն: Նրանց մի մասը երկարատև բանտարկության են դատապարտված»,- նշվում է հայտարարության մեջ:

Թիրախ է դարձել նաև Սորոսի հիմնադրամն Ադրբեջանում: Կալանք է դրվել Ադրբեջանում դրա բանկային հաշիվների վրա, առգրավվել են համակարգիչները, հարցաքննվել են նախկին աշխատակիցները:

Սակայն հիմնադրամը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները:

Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի ղեկավար ու հիմնադիր Ջորջ Սորոսը կոչ է արել նրան թուլացնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումներն ու դադարեցնել գրանցում անցած բարեգործական կազմակերպությունների հետապնդումը:




Լրահոս