ԾԱՆՐՈՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայոց արծիվներ” հասարակական հայրենասիրական կազմակերպության (ՀՀԿ) Արմավիրի մարզային կառույցի նախկին ղեկավար Դավիթ Կիրակոսյանը 2011-ի մայիսից մինչ օրս շարունակում է կալանավորված մնալ: Համաձայն քննության վարկածի՝ նա մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 210 հատ “Սուբոտեքս” տեսակի դեղահաբ, որը ցավազրկող հատկություն ունի, սակայն Հայաստանում գրանցված չէ:
2011-ի մայիսի 2-ին Դավիթ Կիրակոսյանի եղբայրը՝ Վարդան Գրիգորյանը, Ֆրանսիայից ծանրոց է ուղարկել հորաքրոջ որդու` Սպարտակ Մխիթարյանի անունով, ինչը ստուգելու ժամանակ հայտնաբերվել է, որ այնտեղ կան “Սուբոտեքս” տեսակի դեղահաբեր: Քանի որ ծանրոցը Սպարտակի անունով է եղել, “Հայփոստ”-ում Սպարտակից ու Դավիթից բացատրություն են վերցրել, ապա նաեւ նրանց անձնագրերը եւ բաց թողել: Իսկ մայիսի 10-ին ,Հայփոստե-ից զանգահարել են ու տեղեկացրել, թե կարող են գալ ծանրոցի հետեւից: Բարեկամները դարձյալ երկուսով գնացել են “պասիլկայի” հետեւից, որտեղ ոստիկաններն անմիջապես ձերբակալել են նրանց:
Քանի որ Սպարտակը հոգեկան խնդիրներ է ունեցել, հենց ձերբակալման ժամանակ առողջությունը կտրուկ վատացել է: Նա հաջորդ օրը գլուխն ազատելու համար ցուցմունքներ է տվել, թե Դավիթն իմացել է, որ ալկոհոլիզմի դեմ դեղեր են ուղարկվել, պարզապես հարկ չի համարել տեղեկացնել իրեն: Դրա համար էլ ինքն իրեն թույլ է տալիս նման ցուցմունք տալ:  
Իսկ ինչպե՞ս են այդ չարաբաստիկ դեղահաբերը հայտնվել ծանրոցում: Ըստ մեղադրվող կողմի՝ Դավիթի եղբորը՝ Վարդան Գրիգորյանին, Ֆրանսիայի Բորդո քաղաք արտագաղթած Վարդան Ալեքսանյանը խնդրել է իր դեղահաբերը ծանրոցով ուղարկել Հայաստան: Վ. Գրիգորյանն էլ չի մերժել: Ավելին, դատարանում առկա են Ֆրանսիայում գտնվող Վ. Գրիգորյանի եւ Վարդան Ալեքսանյանի նոտարական վավերացմամբ ուղարկված ցուցմունքները, ըստ որոնց. “Ծանրոցի դեղերն ուղարկել է անձամբ Վարդան Ալեքսանյանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց ապրում է Ֆրանսիայի Բորդո քաղաքում: Նա խնդրել է “Սուբոտեքս” տեսակի դեղահաբերը ուղարկել Գյումրիում բնակվող իր հարազատներին”: Ցուցմունքում նշված է նաեւ դեղահաբերի ծագումնաբանությունը. Ալեքսանյանը բուժվում է հոգեբույժի մոտ եւ ստանում է նույն “Սուբոտեքս” տեսակի դեղահաբ:
Սակայն անգամ այս բացատրությունները հայրենի իրավապահների համար համոզիչ չեն եղել: Նրանք շարունակում են մեղավոր պատկերացնել ոչ թե դեղ ուղարկողին կամ անմիջական ստացողին, այլ ուղարկողի եղբորը, որը կյանքում մի անգամ է դեղահաբով լի ծանրոց ստացել ու “ընկել փորձանքի մեջ”: Եւ քանի որ Հայաստանի իրավապահների համար դժվար է Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացու նկատմամբ քրգործ հարուցելը, “ստիպված են” բավարարվել ստացողին կալանավորելով, որպեսզի “թմրամոլության դեմ պայքար” օպերացիայի շրջանակում հնարավորինս շատ գործեր “ցույց տան”: 
Դավիթ Կիրակոսյանի փաստաբանի տեղեկացմամբ՝ դատարանում հարցաքննվել է նաեւ Վ. Ալեքսանյանի հայրը՝ հայտարարելով, որ իսկապես իր տղան է ուղարկել “Սուբոտեքս” տեսակի դեղահաբերը, քանի որ Ֆրանսիայում բուժվում է այդ դեղով եւ տանն ավելցուկ է ունեցել:
Այս խճճված պատմության մասին “Ժողովուրդ”-ը զրուցեց “Հայոց արծիվներ”-ի նախագահ Խաչիկ Ասրյանի հետ, որն ասաց, թե անձամբ չի հավատում, որ Դավիթ Կիրակոսյանն ընդունակ է թմրամոլության կամ թմրադեղերի մաքսանենգությամբ զբաղվելու: “Բայց իմ վստահությունը թողել եմ իրավապահ մարմիններին: Ես սպասում եմ վերջնական դատավճռին”,-նշեց մեր զրուցակիցը: 
Հավելենք, որ “Հայոց արծիվներ”-ի Արմավիրի մարզային կառույցը ղեկավարում է Դավիթ Կիրակոսյանի կինը` Կարինե Հարությունյանը, որն ամուսնու ձերբակալությունից հետո տարած սթրեսի հետեւանքով կորցրել է դեռ չծնված բալիկին: “Այս ամենը տեսնելուց հետո դեռ շարունակում եմ ամուսնուս գործը: Ես դեռ ասելիք ունեմ: Ես սիրում եմ իմ ազգը”,-մեզ հետ զրույցում ասաց Կարինեն:
Այս գործով դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս