Քաղաքում համաճարակ է, իսկ հիվանդանոցի տնօրենը հանրապետությունում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության կողմից «Քաջարան» բժշկական կենտրոնում մի շարք հանձնարարականներ են տրվել: Առավել խիստ հանձնարարվել են 2014 թվականի ընթացքում վիրահատված բոլոր հիվանդներին բուժզննության ենթարկել, բուժանձնակազմին, ովքեր արյան հետ անմիջական շփում են ունեցել ևս ենթարկել հետազոտության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը` անդրադառնալով «Քաջարան» ԲԿ-ում արձանագրված հեպատիտ C-ով վարակի դեպքին և առհասարակ վարակներին:

««Քաջարան» ԲԿ-ում արձանագրված դեպքի վերաբերյալ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, առողջապահական տեսչության կողմից վարույթ է հարուցվել և իրականացվում է ուսումնասիրություն: Մարզպետարանի վարչությանը հանձնարարվել է մարզի մյուս բուժհիմնարկներում վերահսկել և վերհանել այն նորմը, որի համաձայն` բուժհիմնարկի աշխատողն, ով արյան հետ գործ է ունենում, 6 ամիսը մեկ պետք է ենթարկվի հետազոտության: Մարզպետարանին առաջարկվել է իրականացնել կատարած աշխատանքների համադրում` դեպքի պատճառը հասկանալու համար: Այս դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քանի որ նախատեսված նորմատիվային ակտերն անտեսվել են»,- ասաց Վահան Պողոսյանը:

Վերջինիս խոսքով` բժշկական կենտրոնում բավարար չափով չի իրականացվել այդ նորմերի կիրառումը, ինչի պատճառով էլ ովքեր պատասխանատու են այս հարցի համար, կպատժվեն: Փոխնախարարը նշեց, որ իրենք չեն կարող ամեն օր գնալ բժշկական կենտրոն և ասել` ինչպես աշխատեն այնտեղ:

Դիտարկմանը, թե երկու տարի առաջ ևս այս բժշկական կենտրոնում տեղի է ունեցել նման դեպք, և նախարարության կողմից իրականացվել էր ուսումնասիրություն, փոխնախարարն ասաց. «Երկու տարի առաջ ուսումնասիրություն էր արվել, բայց ոչ այս մասնաշենքում, այլ նախկին մասնաշենքում, որը հիմա չի գործում»,- ավելացրեց Պողոսյանը: Վերջինս չցանկացավ մեկնաբանել` ԲԿ-ի տնօրենի Հայստանում չգտնվելու հանգամանքը: Փոխնախարարը նշեց, որ Առողջապահության նախարարության գործառույթների մեջ չի մտնում տնօրենի Հայստանում չգտնվելու հանգամանքի մանրամասները պարզելը:




Լրահոս