Երեկ երեկոյան Հայաստանը եւս մեկ անգամ ցնցվեց. Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ծիլը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, մահացավ: ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ երեկոյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, եւ յոթ օր շարունակ նրա կյանքի համար պայքարող բժիշկներն այեւս չեն կարողացել փրկել փոքրիկի կյանքը, ու ժամը 17.02-ին արձանագրվել է փոքրիկի մահը: «Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն, անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան»,- նշված է հաղորդագրությունում: Այսպիսով՝ հունվարի լույս 12-ի գիշերը ՌԴ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ոճրագործության զոհերի թիվը հասավ յոթի: Երեկ երեկոյան՝ փոքրիկի մահվան լուրի տարածվելուց հետո, Գյումրիում մարդիկ հավաքվել էին Ավետիսյանների տան մոտ, Երեւանում՝ Ազատության հրապարակում, Վանաձորում՝ Հայքի հրապարակում՝ փոքրիկի հիշատակին մոմ վառելու: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցական խոսքեր հրապարակեցին:
Հ.Գ. Մինչ օրս ՀՀ իրավապահներին չի հաջողվում լուծել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդիրը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով երեկ երեկոյան Հայաստան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Թե ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի դատաիրավական ոլորտի այս բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության քննության վրա, պարզ կլինի առաջիկա օրերին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվել» է: Նշենք, որ պատժի այս տեսակը կրող դատապարտյալն իրավունք ունի աշխատանքային օրերին առավոտյան լքել ազատազրկման վայրը, ասենք՝ գնալ աշխատանքի, իսկ երեկոյան նորից պետք է վերադառնա համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Մեր տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման «բաց» տեսակի ռեժիմի փակումը եղել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի որոշմամբ: «Կոշ» ՔԿՀ-ում այս ռեժիմով պահվող դատապարտյալների խնդիրը դեռեւս չի լուծվել: Բանն այն է, որ ՀՀ քրեակատարողական վարչությունից դատապարտյալներին ասել են, թե նրանց տեղափոխելու են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ եւս գործում է դատապարտյալների պահման «բաց» ռեժիմ: Սակայն «Վարդաշեն»-ը պատրաստ չէ ընդունելու, քանի որ «բաց» ռեժիմով պահվող դատապարտյալների թիվն ավելացնելու համար ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որից հետո միայն «Կոշի» դատապարտյալներին կտեղափոխեն այնտեղ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, այսինքն՝ նախապես հայտարարված խորհրդաժողովից առաջ, հանդիպելու է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առեւտրականներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներին ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ նրանք շատ ավելի բարենպաստ պայմաններում կաշխատեն Գ. Ծառուկյանի «հովանավորությամբ». նա տարածք կտրամադրի առավել արտոնյալ պայմաններով եւ կօգնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանից դժգոհ առեւտրականներին: Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ քայլեր է անելու, որպեսզի առեւտրականներն իր տոնավաճառից չհեռանան, պատասխանեց. «Ամեն շաբաթ կարող են մեր մոտ 50 հոգի գալ, կամ գնալ, ես ինչ կարող եմ ասել: Ես վարձավճարը չեմ իջեցնելու»: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այդ քայլն իրեն չի վիրավորում, նա պատասխանեց. «Բայց ինչի՞, ասենք՝ իմ մոտից չեն գնացել, ուրիշի մոտից են գնացել, մարդը հնարավորություն ունի, թող օգնի»:
Այս տարվա սկզբից սկսված պղնձի միջազգային գնի կտրուկ անկումը շարունակվում է: Եթե իրավիճակը չփոխվի, ապա պղնձի գնի նվազումը կլինի հերթական գործոնը, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը էական վնասներ կկրի: Անցած տարվա վերջին պղինձը միջազգային շուկայում վաճառվել է միջինը մեկ տոննան 6 հազար 500 դոլարի սահմաններում: Իսկ այս տարվա սկզբից պղնձի մեկ տոննայի գինն իջել է մինչեւ 5 հազար 500 դոլարի սահմանները: Ինչպես հայտնի է՝ Հայաստանից արտահանումների ծավալում պղնձին բաժին է հասնում մեկ երրորդ մասը: Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում պղինձ արդյունահանող ձեռնարկություններն առաջին շարքերում են եղել մշտապես: Բայց ակնհայտ է, որ այդ հանքանյութի միջազգային գների անկումը կհանգեցնի արդյունահանող ընկերությունների վճարելիք հարկերի կրճատմանը` այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Ի դեպ, պղնձի գների նման ցածր մակարդակ վերջին տարիներին մեկ էլ արձանագրվել էր 2009-ի միջազգային տնտեսական ճգնաժամի ժամանակ:
ՉԱՓՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Մինչ Գյումրիում կատարվածից հետո բոլորի նյարդերը պրկված են, այս օրերին տարբեր միջադեպեր են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն կապ չունենալով Գյումրիի դեպքերի հետ, այդուամենայնիվ, ընթացող զարգացումների համատեքստում են: Նախօրեին հայտնի դարձավ, որ Գաֆեսջյան արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանին հայկական եռագույնով նկարահանումներ իրականացնել Կասկադում:
Ինչպես հայտնի է` Կասկադում տեղադրված են Գաֆեսջյան արվեստի կենտրոնի քանդակները, եւ այդ տարածքն անհատույց վարձակալությամբ տրված է կենտրոնին: Նախօրեին համացանցում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ ազատամարտիկին արվեստի կենտրոնի աշխատակիցները բավականին ցինիկ կերպով արգելում են նկարվել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե առհասարակ Կասկադում լուսանկարվելու, այլ կոնկրետ քանդակների հարեւանությամբ դա անելու մասին է, եւ ազատամարտիկը ցանկության դեպքում կարող էր շատ հանգիստ լուսանկարվել Կասկադում, բայց ոչ քանդակների ֆոնին: Եթե, իհարկե, այս ամենի հետեւում չկար ենթատեքստ, թե տեսեք, միայն ռուսները չէ, որ վատն են եւ նսեմացնում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, դա անում են նաեւ ամերիկացիները, մասնավորապես` ամերիկացի մեծահարուստ Ջ. Գաֆեսջյանի հիմնած արվեստի կենտրոնի աշխատակիցները:
Ինչեւէ, ի պատասխան կատարվածի՝ երեկ Կասկադում տեղի ունեցավ եռագույնի ծածանման ֆլեշմոբ, ինչը, միանշանակ, տեղին պատասխան էր սահմանված արգելքին` անկախ այն բանից, թե որն էր եղել լուսանկարվելու այդ պատմության շուրջ բարձրացված աղմուկի իրական դրդապատճառը:
Միեւնույն ժամանակ խիստ տարակուսելի էր արվեստի կենտրոնի լրատվության պատասխանատուի` «Ազատությանը» ներկայացրած պարզաբանումն առ այն, թե անգամ Ալեքսանդր Թամանյանի արձանի ֆոնին լուսանկարվելու համար մարդիկ պետք է ունենան արվեստի կենտրոնի համաձայնությունը: Իբր քիչ էր Գաֆեսջյանի նվիրած քանդակները լուսանկարելու արգելքը, փաստորեն, կենտրոնը փորձում է «իրենով անել» նաեւ Երեւանի այցեքարտերից մեկը` Ալ. Թամանյանի արձանը: Սա արդեն կոչվում է չափն անցնել:
Ի վերջո, ամբողջ աշխարհում արվեստի գործերը, քանդակներն ու արձանները դրված են մարդկանց համար, որպեսզի մարդիկ շոշափեն դրանք, լուսանկարվեն եւ այդպիսով հաղորդակցվեն արվեստին, իսկ մեզանում ով ինչպես հասկանում, այնպես էլ առաջ է տանում «այս ծառն իմն է, այս սարն իմն է» գործելաոճը: Անգամ հայազգի մեկենասի` Գաֆեսջյանի հիմնած կենտրոնի աշխատակիցները: Եվ ամենեւին պետք չէ զարմանալ, եթե մի օր էլ որեւէ զայրացած քաղաքացի, հանդիպելով արվեստի կենտրոնի պահնորդների նման ցինիկ արգելանքին, պարզապես փշրի այդ քանդակներից մեկը: