Ադրբեջանական կողմը, շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին արձանագրվել է այդ միջադեպը և մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Ցավոք, այդ գործողությունների արդյունքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
Այս դեպքերից հետո, որքան էլ որ տարօրինակ է, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ հորդորում է լրագրողներին իրեն չզանգահարել. «Հարգելի լրագրողներ, հասկանալի պատճառներով ձեր զանգերին պատասխանել չեմ կարող: Խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկություններին և այս գրառումներին, դրանցից զատ այլ նյութեր չտեղադրել: Կրկին սկսվել են սադրիչ ապատեղեկատվությունները, որոնց ուշադրություն մի դարձրեք»:
Armlur.am-ը կապ հաստատեց սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի հետ ` տեղեկանալու այս պահին արդյոք չկա՞ սահմանային լարվածություն և արդյոք ՀՀ ՊՆ կողմից հրահանգվե՞լ է պահպանել հանգստություն և որևէ տեղեկություն չտրամադրել սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Ո՞վ կարող է իմ կամքին բռնանալ և ինձ ինչ-որ բան հորդորել: Իրականում մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է: Մեզ համար սովորական են պարբերաբար հնչող կրակոցները»,- ասաց Սաղոյանը: Մեր այն դիտարկմանը` ինչպե՞ս կարող է զինվորի մահը սովորական լինել որևէ մեկի համար, Սաղոյանը պատասխանեց. «Մեզ համար ցավալի է, որ սահմանին զինվոր է մահանում, բայց մեզ մոտ կրակոցներ միշտ էլ հնչում են և կրկնում եմ, որ իմ կամքին որևէ մեկը չի կարող բռնանալ ու չթողնել, որ ես տեղեկություն տրամադրեմ»: