Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերից մեկ շաբաթ է անցել, եւ այսօր արդեն հետադարձ հայացք գցելով՝ կարող ենք ասել, որ Գյումրիում իրավիճակի սրման համար պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը, որը պնդել է, որ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն անպայման իրենց իրավասության տակ մնա: ՀՀ իրավապահները կամ ավելի ճիշտ տվալ դեպքում՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը պատասխանատու է, քանի որ չի համարձակվել ռուսներին հակաճառել:
Ինչպես հայտնի է՝ Վալերի Պերմյակովին հայտնաբերել են հունվարի լույս 13-ի գիշերը Շիրակի մարզի՝ հայ-թուքական սահմանի մոտ գտնվող Բայանդուր գյուղի տարածքում: Նշված գյուղը Գյումրիից մոտ 14 կիլոմետր հեռու է: Ինչպե՞ս է հայտնաբերվել մարդասպանը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Պերմյակովի ձերբակալումից երկու ժամ առաջ իրենք տեղեկություն են ստացել նրա գտնվելու վայրի մասին, բայց 35 ոստիկան մեկնել են այդ տարածք եւ չեն հայտնաբերել նրան: Փոխարենը ռուսական կողմն է Պերմյակովին հայտնաբերել իր ռազմաբազայից մոտ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Եւ այս փաստը բավարար էր, որպեսզի Հայաստանի սահմանը հսկող ՌԴ զինծառայողները նրան հանձնեին ՀՀ իրավապահներին: Ի վերջո, Պերմյակովին Գյումրի ռազմաբազա տանելու համար ռուս զինծառայողները պետք է անցնեին ՀՀ իրավապահների կողմից ճանապարհներին կանգնեցրած անցակետերով: Այսինքն՝ ցանկության դեպքում ՀՀ իրավապահները կարող էին ճանապարհին Պերմյակովին «խլել» ռուսական կողմից: Սակայն դա չեն արել:
Մյուս կողմից՝ չնայած ի սկզբանե հայտարարվեց, որ Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին, սակայն նրան այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել սահմանն անօրինական խախտելու համար: Ինչո՞ւ: Բանն այն է, որ եթե նման մեղադրանք առաջադրվեր, ապա այդ հանգամանքը եւս մեկ հիմնավորում կդառնար՝ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու համար, քանի որ դա են պահանջում ՀՀ օրենսդրությունը եւ հայ-ռուսական միջազգային պայմանագրերը:
Կասկածից վեր է, որ ռուսական կողմը ի սկզբանե գիտակցել է, որ մի ամբոջ ընտանիքի սպանության մեջ կասկածվող իրենց զինվորին ՀՀ իրավապահներին չհանձնելը կարող է բողոքի ալիք բարձրացնել: Ակնհայտ էր, որ այդ բողոքն ինչ-որ պահից կվերածվի հակառուսական տրամադրությունների: Սական ռուսական կողմը գնացել է այդ քայլին՝ անտեսելով նման հնարավոր զարգացումները: Մյուս կողմից՝ Պերմյակովին իրենց մոտ պահելը ռուսական կողմին հնարավորություն է տալիս գործի քննությունը` իր զինվորի մասով, վերահսկել կամ այլ կերպ ասած՝ վստահ լինել, որ գործի նյութերում «անցանկալի» ցուցմունքներ չեն հայտնվի: Երեկվա դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին դեռեւս չի հաջողվել հարցաքննել Վալերի Պերմյակովին: Այս տեսանկյունից ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը դիմել է իր ռուս գործընկերոջը` ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, եւ հրավիրել Հայաստան: Վերջինս երեկ գիշեր ժամանեց Երեւան: Այսինքն՝ որեւէ կասկած չկա, որ ռուսական կողմն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերում ստեղծված իրավիճակին` միեւնույն ժամանակ փորձելով ինչ-որ բան թաքցնել:
Այդ ի՞նչ կարող էր պատմել Պերմյակովը, որից ռուսական կողմն այդքան վախեցել է եւ չի խորշել անգամ հակառուսական բողոքի ալիքից: Սակայն ծառայության հետ կապված գաղտնի տեղեկությունների տիրապետելու հանգամանքն այս դեպքում որեւէ կերպ չի կարող պատճառ լինել այդ գաղտնապահության համար: Քրեական գործի քննությունը գաղտնի գործընթաց է, եւ բոլոր հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները գաղտնի պահելը ընդհամենը տեխնիկայի հարց է: Մյուս կողմից՝ ՌԴ զինված ուժերը ՀՀ սահման են հսկում եւ տվյալ դեպքում Հայաստանում են գտնվում՝ որպես դաշնակից երկիր:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ Պերմյակովին հայկական կողմին չտալը եւ ՀՀ իրավապահներին նրան հարցաքննել թույլ չտալն ուղղակի առնչվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության փաստական կողմին:
Այս ընթացքում տարբեր վարկածներ են հնչել. իբր մի քանի հոգի են եղել եւ ռուսական կողմը չի ցանկանում, որ ՀՀ իրավապահներն այդ մասին իմանան: Սա անհեթեթություն է. եթե մի քանի հոգի եղած լինեին, ապա ռուսական կողմը պարզապես նրանց բոլորին կհանձներ ՀՀ իրավապահներին, եւ դրանից հետո բոլոր տեսակի հակառուսական բողոքները հօդս կցնդեին:
Միակ հանգամանքը, որը կարող է ռուսական կողմին դրդել, որ նրանք Պերմյակովին ամեն կերպ «պահեն» ՀՀ իրավապահներից, թերեւս կարող է լինել այն, որ նրա ցուցմունքներով կհիմնավորվի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարության պատասխանատվությունը տեղի ունեցածի համար:
Մասնավորապես հայտնի է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները սպանվել են լույս հունվարի 12-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում: Պերմյակովը զորամասը լքել է լույս հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում: Այդ մասին ՌԴ բազայից ՀՀ ոստիկանություն ահազանգել են հունվարի 12-ին` լուսաբացին, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության լուրի տարածվելուց հետո:
Մասնավորապես Պերմյակովի հարցաքննության արդյունքում կարող է պարզվել՝ նա զորամասը հենց այնպես` առանց ոչինչ ասելու եւ անելու է լքել, թե մինչ այդ միջադեպ է եղել՝ վեճ-կռիվ, ինչ-որ մեկին վնասել է, նոր փախուստի դիմել, եւ այսպես շարունակ: Եթե զորամասում միջադեպ է եղել, եւ դրանից հետո է Պերմյակովը փախուստի դիմել, ապա 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը չէր կարող չգիտակցել, որ զենքով փախուստի դիմած զինվորը քաղաքացիների կյանքի համար վտանգ է ներկայացնում, եւ պարտավոր էին անմիջապես այդ մասին ահազանգել Գյումրիի ոստիկանություն: Այդ դեպքում միգուցե հնարավոր կլիներ նման հետեւանքներից խուսափել:
Նույնիսկ, եթե մինչեւ Պերմյակովի զորամասը լքելը միջադեպ չի էլ եղել, ապա միեւնույն է՝ հարց է ծագում՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամկազմն ինչո՞ւ անմիջապես չի ահազանգել ոստիկանություն եւ տեղեկացրել զինված զինվորի զորամասը լքելու մասին:
Ակնհայտ է, որ ՌԴ 102 ռազմաբազայի հրամանատարությունը Պերմյակովին իր իրավասության տակ պահելով՝ փորձել է թաքցնել սեփական մեղավորությունը տեղի ունեցածի համար:
Կարծում ենք՝ առկա իրավիճակը հանգուցալուծելու միակ տարբերակը մնում է այն, որ ռուսական կողմը Պերմյակովին վերադարձնի ՀՀ իրավապահներին, միեւնույն ժամանակ պատասխանատվութան ենթարկի իր ռազմաբազայի` տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրող հրամկազմին: Այս քայլն արդեն իսկ բորբոքված կրքերը հանդարտեցնելու միակ տարբերակն է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի դեմ ստորագրահավաք է սկսվել: Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են ստորագրահավաքի հեղինակները: Համացանցով տարածվել է ստորագրահավաքի տեքստը, որով հեղինակները պահանջում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի հրաժարականը: Իբրեւ ստորագրահավաքի պատճառ նշվում է Գյումրու դեպքերի առնչությամբ Արա Աբրահամյանի վերաբերմունքը: ՌՀՄ փոխնախագահ, համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը նշված ստորագրահավաքի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Որեւէ հիմք չունենալով՝ խոսում են, նա առաջինն է Գյումրում տեղի ունեցածից հետո իր ցավակցությունը հայտնել Ավետիսյանների հարազատներին, ի՞նչ պետք է աներ, որ չի արել: Բոլոր քայլերը համաձայնեցվել են իր հետ: Վերցրեք պատմությունը ու տեսեք, թե նա այս տարիների ընթացքում ինչ է արել»,-արդարացրեց Արամ Գասպարիչը:
ԼՍՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Այսօր Ազգային ժողովում պետք է կայանային լսումները՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ կապված, որին պետք է մասնակցեին Հայաստանի դատաիրավական ոլորտի ղեկավար կազմը: Սակայն երեկ՝ ուշ երեկոյան, Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրի տարածվելուց հետո ԱԺ ղեկավարությունը որոշել է լսումները հետաձգել: Ի դեպ, ի սկզբանե, երբ քննարկվել էր նման լսումներ կազմակերպելու հարցը, հիմնական կարծիքը եղել է այն դռնփակ անցկացնելը, սակայն հետագայում որոշվել էր այն դռնբաց անցկացնել: Հատկապես ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է պնդել, որպեսզի լսումները դռնբաց լինեն, այսինքն՝ լրագրողներն այն լուսաբանելու հնարավորություն ունենան եւ չմնան պատգամավորների` ներքին կարգով տրամադրած տեղեկությունների հույսին:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ
2015 թվականի հունվարի 26-ին դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդում տեղի կունենա թեկնածուների հարցազրույցները: Պարզվում է, սակայն, որ դեռեւս 2014թ. դեկտեմբերի 24-ին արդարադատության խորհուրդը Սերժ Սարգսյանին է ներկայացրել քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու մասին իրենց որոշումը, որպեսզի այն հրամանագրով հաստատվի: Սակայն ցուցակը վերադարձվել է ՀՀ արդարադատության խորհուրդին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է թեկնածուներից տվյալների անբավարարությունը: Համալրման նպատակով ներկայացվել են երեք թեկնածուներ, որոնցից, մեր տեղեկություններով, ՀՀ նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Վարդան Օհանյանի թեկնածության հետ կապված է խնդիր առաջացել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՅՈԹ ՕՐ ԱՆՑ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում վստահություն է հայտնել, որ Գյումրիի ողբերգական սպանությունը օբյեկտիվորեն եւ բազմակողմանիորեն կքննվի։ Նա ցավակցություն է հայտնել Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին եւ ողջ հայ ժողովրդին։
ՌՈՒՍՆԵՐԸ ԿՈ՞ՂՄ ԵՆ
Ռուսաստանցիների 81 տոկոսը կողմ է, որ Պերմյակովին հանձնեն Հայաստանին: Այս արդյունքն է ստացվել ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իր կայքում տեղադրված հարցման արդյունքում: Հարցին, թե «Պե՞տք է արդյոք ռուս զինվորին, որը կասկածվում է Գյումրիի սպանդի մեջ, հանձնել ՀՀ իշխանություններին» հարցմանը մասնակցածների 81 տոկոսը դրական պատասխան է տվել: Դեմ է քվեարկել 14 տոկոսը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:Հարցմանը մասնակցել է 27.880 մարդ։
ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է ՌԴ-ում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ եւ Վիկտոր Մարտիրոսյաններին: Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հ. Հարությունյանին Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ: Նա Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ ԱՆ հասցեագրած դիմումը, որով նա խնդրում էր Հ. Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով ՀՀ տեղափոխել, ընթացքի մեջ է՝ հավելելով, որ դատապարտյալի փոխանցումը ժամանակատար գործընթաց է: Նախարարը հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու ՌԴ արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: