Քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին եւ քաղաքացիական ակտիվիստներին ծեծի ենթարկելու, սպառնալու կամ նյութական վնաս հասցնելու դեպքերը դեռ շարունակվում են: Այս անգամ անհայտ անձանց կողմից ընտրված թիրախը քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն է, որը համացանցում հանդես է գալիս «Նավակ Ճոճողը» անունով:
Վերջինիս ծեծի են ենթարկել հունվարի 17-ին Կողբացի փողոցում: Չորս դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա եւ փորձել ստիպողաբար նստեցնել ավտոմեքենայի մեջ: Գաբրիելյանն ընդդիմացել է, որից հետո նրան մահակներով ծեծի են ենթարկել եւ փախել: Վիլենին տեղափոխել են Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:
Ո՞վ է Վիլեն Գաբրիելյանը
Վերջինս հայտնի է սոցիալական ցանցերում իշխանությունների հասցեին հնչող քննադատություններով եւ ակտիվ մասնակցություն է ունենում մայրաքաղաքում, եւ ոչ միայն, կազմակերպվող տարաբնույթ բողոքի ակցիաներին: 2014թ. ընթացքում Վիլեն Գաբիելյանն աչքի ընկավ երկու աղմկալի դեպքով: 2014թ. հուլիսի 18-ին, երբ «Օրինաց երկիր» կուսակցության՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենում Արթուր Բաղդասարյանը, Վիլենը բարձրացավ հարթակ ու ամբիոնին փակցրեց «ԱԽՔ» վերտառության պաստառը: Ոստիկաններն ակտիվիստին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին: 2014 մայիսի 21-ին «Անի» հյուրանոցում սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումների ժամանակ նա մոտեցել էր բանախոսների սեղանին եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անվան ցուցանակի տակ փակցրել` «Ղալաթ ես անում, չաթլա՛խ» գրությունը: Հրայր Թովմասյանը պոկելով ակտիվիստի փակցրած գրությունը՝ ցածրաձայն հայհոյել է:
Ո՞ւմ ձեռքի գործն էր ծեծը
Չի բացառվում, որ ակտիվիստին ծեծի ենթարկելը կապված է վերջին օրերին սոցիալական ցանցում իշխանությունների հասցեին նրա կողմից տված սեռական բնույթի հայհոյանքների հետ: Առավել սուր ձեւակերպումները երեւում են հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանությունից հետո եւ դրան հաջորդող օրերին:
1. «Սերժը բացարձակ զրո է թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, անգամ կարելի է ասել՝ Պուտինի անձնական փալասն է, Պուտինը իրա վրա է ինքնահաստատվում: Բացի ֆլորենսում ու հանցաքարում ուտել-խմելուց ու սրա-նրա հարսանիքներին քավոր կանգնելուց՝ այլ բանի ունակ չէ»:
2. «Ոստիկանական համակարգը՝ Վովայի գլխավորությամբ, անկազմակերպ, անօրեն, ոչ պրոֆեսիոնալ կառույց է, որը, բացի ակցիա ցրելուց, այն էլ երբ ակցիան փոքրաթիվ է, ու գողերի համար սխոդկեք կազմակերպելուց, այլ բանի ունակ չէ»:
3. «Դատախազությունը՝ իր գլխավոր դատախազով հանդերձ, անողնաշարների հավաքածու է, որոնք, բացի վերեւից եկած ցուցումը կատարելուց, այլ բանի ունակ չեն»:
4. «ԱԱԾն՝ իր շեֆով հանդերձ, ստեղ ընդհանրապես ասելու բան չկա, լրիվ ձրիակերների հավաքածու է, որը, բացի ընդդիմադիրներին պրասլուշկա անելուց, այլ բանի ունակ չէ»:
5.«Ռուսաստանի Դաշնության իշխանություների այստեղ վարած քաղաքականությունը մեկ բառով՝ տականքություն է: Մեկդ սերժին ասեք` այ …, քո իսկ հռչակած «Ապահով Հայաստանում» երկրիդ քաղաքացիներին մոռթել են, գոնե Օլանդի ձախ ոտքի բութ մատի չափ եղիր, գնա դեպքի վայր, շտաբ կազմի, ղեկավարի, թե մենակ Մարտի 1 էր պետք, այ … …»:
6. «Գասպարյան Վովային ասեք՝ հերիք է աղոթես (կոկաին քաշես), կաբինետիդ կողքի աղոթարանից (կոկսքաշարանից) դուրս արի, այս դեպքում քո Աստվածը քեզ օգնական չի: Ոստիկանապե՞տ ես, թե՞ տռյապկա, արա՜… չնայած ինչ եմ ասում, սաղին էլ պարզ է, որ տռյապկա է»:
7. «Երկու օրում Մարտունիկ, Մարտունիկ (խոսքը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասին է, որը Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հանգստացնում էր ցուցարարներին` հորդորելով չենթարկվել սադրանքներին) սարքիք Պելե, ոչինչ չէ, որ ինքը այդ օրը վերջում է եկել, երբ ամեն ինչ արդեն գրեթե վերջացած էր, ու ոչինչ չէ, որ ինքը կրիմինալի ու քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ է»:
8. «Կոստանյանին ասեք, որ ձեր բալեքը ռուսաստան իրենցից մեծ … են ուտում, վրազ զանգում եք… տղամարդավարի նամակ ա գրել, վիձիտիլի: Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Տուուուուու»:
Բացի այդ՝ հունվարի 14-ին վիրտուալ դաշտում վիճաբանություն է եղել նաեւ Վիլեն Գաբրիելյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտխորհրդարանի պատգամավոր Հայկ Դերզյանի միջեւ: Նրանք հայհոյել են միմյանց, ապա կանչել «հաշիվ մաքրելու», սակայն հանդիպումը չի կայացել: Թե ինչքանո՞վ է Հայկ Դերզյանն առնչվում Վիլենի ծեծին, դժվար է միանշանակ ասել:
Ո՞վ չներեց գրվածը
Իսկ թե ՀՀ իշխանության ներկայացուցիչներից ով չներեց Վիլեն Գաբրիելյանին արված գրառումների համար, դժվար է ասել: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: Արդյո՞ք Վիլենի ծեծը եւս ոստիկանական հետք ունի. սա թերեւս կպարզի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ Վիլեն Գաբրիելյանն արդեն հայտարարել է, որ կասկած չունի՝ իր ծեծը կազմակերպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Վիլեն Գաբրիելյանի խոսքերը չեմ մեկնաբանում: Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն, ամեն ինչ արվում է՝ կատարվածը բացահայտելու համար»:
Տեղեկացնենք, որ երեկ ակտիվիստին հրավիրել էին ոստիկանություն՝ իր հետ կապված միջադեպի գործով բացատրություն տալու: Թե ինչ կպարզվի, կապրենք, կտեսնենք: Միայն արձանագրենք, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում, երբ ազգովի սգում ենք Գյումրու 7 հոգանոց ընտանիքին դաժանաբար սպանելու փաստը, պահանջներ ենք ներկայացնում Ռուսաստանի իշխանություններին, ամենամեծ հիմարությունն էր ակտիվիստին ծեծելը կամ այդպիսի հրահանգ տալը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈՔՐԻԿԻՆ «ՄԱՅՐԸ ՏԱՐԱՎ»
Երեկ մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզային ոստիկանությունում խորհրդակցություն էր անցկացնում, ժամը 16-00-ի սահմաններում Գյումրի շտապեցին ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ, իսկ ավելի ուշ՝ ժամը 17:02-ի սահմաններում, պաշտոնապես հայտարարվեց, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը:
Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 12-ին Գյումրիում սպանված 6 ընտանիքի անդամներից 7-րդ էր, որին 7 օր հիվանդանոցում մնալուց, երկու վիրահատության ենթարկվելուց հետո չհաջողվեց փրկել: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի փոխանցմամբ՝ երեխայի մոտ մի քանի անգամ գրանցվել է սրտի կանգ, իրենք անընդհատ փորձել են վերակենդանացնել, բայց մի քանի փորձից հետո երեխան մահացել է. «Երեխան գերադասեց միանալ ծնողներին»:
Երեխայի մահվան բոթից առաջ եւ հետո ոստիկանությունը ուժեղացված հսկողություն սկսեց իրականացնել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի, 8-րդ զինվորական թաղամասի եւ ռուսական ռազմաբազայի հարող տարածքում, ըստ էության կանխատեսելով, թե երեխայի մահվան լուրը կարող է գյումրեցիներին կրկին ոտքի կանգնեցնել, ու այս անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի փոխարեն գյումրեցիները թույլ չտան ՀՀ ոստիկանապետին վերադառնալ մայրաքաղաք:
Սակայն ոստիկանությունը լրացուցիչ ստորաբաժանումների կենտրոնացումը բացատրել էր հետեւյալ կերպ, թե վերջիններս փոխարինում են նախորդ ստորաբաժանումների աշխատանքին, եւ որեւէ արտառոց բան չկա:
6-ամսական Սերյոժայի մահվանից րոպեներ հետո մի խումբ քաղաքացիներ շտապել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փոքրիկին հրաժեշտ տալու: Իսկ Ավետիսյանների տան մոտ եւ Ազատության հրապարակում մի շարք քաղաքացիներ մոմավառություն էին անցկացնում: Չնայած սկզբում ոստիկանները թույլ չէին տվել Ազատության հրապարակում սրտացավ քաղաքացիներին ակցիան իրականացնել, սակայն ավելի ուշ մոմավառությունը իրականացվեց:
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցական ուղերձն էին հղել Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Փոքրիկի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին: Ըստ գյումրեցիների՝ փոքրիկի հուղարկավորությունը ոչ միայն սգո, այլ նաեւ անարդարության դեմ բողոքի հզոր երթի է վերածվելու:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏՄԱՀՈՒ
Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: Հիշեցնենք, որ Հարությունյանը ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել էր հունվարի 17-ին:
ԱՐԹՆԱՑԵԼ ԵՆ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Գյումրիում կատարվածի եւ Վ. Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ստեղծված իրավիճակի հրամայականն է, որ հասարակությունը եւ, հատկապես, երիտասարդությունը, անկախ քաղաքական հայացքներից ու գաղափարաբանական տարբերություններից, միահամուռ կերպով պահանջի հարցի այնպիսի լուծում, որը երբեք հարվածի տակ չի դնի մեր ազգային արժանապատվությունը, կընդգծի մեր պարտավորությունը անմեղ զոհերի հիշատակի ու նրանց հարազատների առջեւ՝ հասնելու գործի բազմակողմանի անաչառ քննության անցկացմանն ու ամբողջական բացահայտմանը: Այդ քննությունը եւ դատավարությունը պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ Հայաստանի տարածքում»: