«Վիկիլիքսի» հանրայնացրած այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: ՀԵղինակը պատմում է Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայի ու Եվրասիայի ամերիկյան օգնության համակարգող Թոմ Ադամսի՝ 2009թ. մայիսի 15-ին կայացած հանդիպման մասին: Ըստ զեկուցագրի` ամերիկյան դիվանագետները փորձել են ՀՀ իշխանություններին հասկացնել բռնաճնշումների շարունակականության անթույլատրելիությունը, ինչը կարող է անդրադառնալ ՀՀ ոչ միայն արտաքին վարկի, այլեւ տնտեսական զարգացման վրա:
Այդուհանդերձ, զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը բացեիբաց պնդել է իրենը՝ արդարացնելով Մարտի 1-ին Քոչարյանի բոլոր քայլերն ու իշխանության հակաժողովրդավարական գործողությունները:
Զեկուցագրից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի հետ ունեցած 90 րոպեանոց զրույցի ընթացքում Թոմ Ադամսին ուղեկցել են նրա տեղական Դենիել Ռոսենբլումը եւ ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգտոնը: Ադամսն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ՝ շեշտելով կասկածելի ընտրություններն ու ընդդիմության նկատմամբ ծավալված բռնարարքները: Այդուհանդերձ, ամերիկացին արտահայտել է իրենց ցանկությունն առ այն, որ Սարգսյանը հաջողի իր գործերում:
Ամերիկյան կողմը հավելել է, որ իրենք ցանկանում են օգնել Հայաստանին՝ վերադառնալու ժողովրդավարության ուղուն՝ հրաժարվելով ճգնաժամային ընթացքից: Նա ընդգծել է, որ Հայաստանը որոշ ռիսկի է ենթարկել ԱՄՆ օգնությունը, հատկապես «Հազարամյակի մարտահրավերները», որը հանդես էր գալիս որպես պարգեւ լավ կառավարման համար:
Պատասխանելով վերոնշյալ դիտողություններին՝ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում տնտեսական ռեֆորմների հարցում ոչ մի ետընթաց չի եղել՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպերի մասին հաղորդումները: Նա հայտնել է, որ քաղաքական հարթությունում փոփոխությունների հիմնահարցը լոկ մոտեցման խնդիր է: Սարգսյանը ջանասիրաբար պաշտպանել է 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրությունները՝ դրանք որակելով որպես «քայլ առաջ դեմոկրատիայի հարցում»: Հատկանշական է, որ դրության ողջ մեղքը նա գցել է Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության վրա՝ արձանագրելով, որ վերջիններիս իրական նպատակն է եղել իշխանությունն ուժով խլելը: Սարգսյանը հիշել է նաեւ միջազգային հանրության գնահատականները, ըստ որոնց՝ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին:
Նկատենք, սակայն, որ միջազգային դիտորդների զեկույցներում ընտրությունների առնչությամբ առավելապես ընդգծված էր, որ դրանք համապատասխանել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ուստի եւ միջազգային չափանիշների հիշատակումը պարզ մանիպուլյացիա է, որն իրականացրել է Սարգսյանը: Նման հնարքները մշտապես կիրառվել են իշխանության ներկայացուցիչների եւ նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից՝ նպատակ ունենալով մոլորեցնել հասարակությանը:
Զրույցի ընթացքում Սարգսյանն անդրադարձել է նաեւ Մարտի 1-ի դեպքերին՝ պնդելով, որ իշխանությունները կարող էին հաղթահարել դժվարությունները առանց որեւէ մարդկային կորստի: Խնդիրը, նրա կարծիքով, եղել է ոստիկանության փորձն ու պատրաստվածությունը, որը չկարողացավ արդյունավետորեն մոտենալ իրավիճակին: Նա ավելացրել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Քոչարյանը չեն ցանկացել բռնություն, սակայն այլ կերպ չեն կարողացել արձագանքել տեր-պետրոսյանական ընդդիմության կողմից ծրագրվածին: Երբ Ադամսն ընդգծել է, որ Մարտի 1-ի իրական ու գլխավոր պատասխանատուն Քոչարյանն է, Սարգսյանը միանգամից արդարացրել է նրան՝ նշելով, որ Քոչարյանն արել է այն ամենը, ինչ պետք էր: Սարգսյանն ասել է, որ եթե ոստիկանությունն օրվա ընթացքում օգտագործեր ավելի մեծ ուժեր եւ տեղայնացներ ցույցերը, զոհեր չէին լինի:
Սարգսյանի նկատառումը, թե ինքն ու Քոչարյանը չեն ցանկացել բռնություն գործադրել, լիովին հավանական է, քանզի հրապարակում քնած ժողովրդի վրա հարձակում հրահանգելով՝ իշխանական տանդեմը չէր հավատում, որ լուրջ դիմադրության է հանդիպելու եւ ստիպված է լինելու դիմահար կրակ արձակել:
Զրույցի վերջում Թ. Ադամսը խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը լիցքաթափելու եւ ընդդիմության ուժը նվազեցնելու համար: Ամերիկացին շեշտել է, որ իշխանությունների որդեգրած մարտավարությունը միայն ու միայն բենզին է ավելացնում Տեր-Պետրոսյանի կրակին: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Կառավարությունը որոշ քայլեր կանի, սակայն դրանք չպետք է վտանգեն երկրի ապագան: Նրա համոզմամբ՝ ինքը ստացել է մարդկանց ձայների լոկ 50 տոկոսը, ինչից էլ հետեւում է, որ բնակչության կեսը միշտ էլ դժգոհ կմնա: Նկատենք, որ այսօր արդեն այդ թիվը շեշտակիորեն մոտենում է հարյուր տոկոսին:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ
Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին: Նշենք, որ ծառայության դիմաց հավաքվել էին նրանք, ովքեր մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի նպատակով: Սակայն վերջիններիս մուտքը դեպի ՌԴ արգելված է, քանի որ այս տարի հայտնվել են սեւ ցուցակում: Նրանք պահանջում են իրենց իրազեկել, թե ինչո՞ւ, ո՞ր արարքի համար է արգելվել իրենց մուտքը դեպի ՌԴ:
Այն, որ Հայաստանի հազարավոր ընտանիքների համար արտագնա աշխատանքն իրենց ընտանիքը պահելու, կերակրելու միակ աղբյուրն է, վաղուց նորություն չէ: Այս առումով այսօր մարդիկ փաստի առաջ են կանգնել: Քանի որ Հայաստանում մարզաբնակների համար դժվար է աշխատանք գտնել:
Նոր արգելքները, որոնք Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանվել են հայ եւ մյուս օտարերկրացի միգրանտների համար, նոր պայմաններ են եւ լուրջ դժվարություններ են ստեղծել մեր հայրենակիցների համար:
Դեռեւս նախորդ տարի պատկան մարմինների կողմից հայտարարվում էր, որ մեր հայրենակիցները 2015 թվականին աշխատանքային արտոնյալ պայմաններ կունենան, մինչդեռ նրանց մեծ մասը, ովքեր այս տարեսկզբին մեկնել են ՌԴ, տեղեկացնում են, որ ոչ մի դրական փոփոխություն էլ չի կատարվել: Մեծ է այն մարդկանց թիվը, որոնք ՌԴ մեկնելու արգելանքի տակ են հայտնվել խստացված եւ հստակ պայմաններով. 3, 5 եւ մինչեւ անգամ տասը տարով նրանց մուտքը դեպի ՌԴ արգելված է:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցներն օրերս հրապարակեցին, որ արդեն իսկ հունվարի 12-ից սկսած 25 մարդու, ովքեր փորձել են ՌԴ ժամանել աշխատանքի նպատակով, մուտքը միանգամից 10 տարով արգելվել է: Ցավոք, չի նշվում, թե այդ 25-ից քանիսն են հայ եղել, կամ այդ անձանց մեջ ընդհանրապես Հայաստանից մեկնողներ եղե՞լ են, թե՞ ոչ:
Արգելքների խնդրով ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը բազմիցս հայտարարել է, որ ծառայությունն ակտիվորեն զբաղվում է այն կարգավորելու համար: Սակայն արդյունքները չափազանց փոքր են: Այնուամենայնիվ, քաղաքացին գոնե համապատասխան պաշտոնական կայքէջում պետք է կարողանա հեշտությամբ գտնել տեղեկությունն այն մասին, թե իր մուտքը քանի՞ տարով է արգելված դեպի ՌԴ, ի՞նչ պատճառով, եւ ի՞նչ պետք է նա անի այդ դեպքում:
Սակայն ռուսական կողմն ամբարտավան կեցվածք է որդեգրել եւ արհամարհում է մարդկանց:
Իսկ ՀՀ միգրացիոն ծառայությունը շարունակում է դիմուներ ընդունել ՀՀ քաղաքացիներից, դրանք փոխանցել ռուս գործընկերներին՝ խնդրելով բավարարել դիմումները: Բայց, ի վերջո, ոչ բոլոր դիմումներին է հնարավոր դրական ընթացք տալ: Արդյունքում մեր շատ հայրենակիցներ, թեկուզ 1000 ռուբլի տուգանքի համար, մի քանի տարով զրկվում են Ռուսաստանի Դաշնություն մտնելու իրավունքից՝ այդպիսով զրկվելով նաեւ գումար աշխատելու, ընտանիք պահելու հնարավորությունից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱՀԱՆՋ
Տավուշի մարզում տնտեսական ակտիվությունը նվազել է: Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայաններից մեկի տնօրենն ասաց, որ անցած տարի այս ժամանակ իրենց գազալցավորման կայանում ամեն օր լիցքավորվում էր 250, այժմ շուրջ 150 ավտոմեքենա: Մեր զրուցակիցը նկատեց, որ Նոյեմբերյանի բնակիչների մի զգալի մասն իր հանապազօրյա հացն աշխատում է՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով: Քանի որ ռուբլին աննախադեպ անկում է արձանագրել եւ ՌԴ-ում լուրջ տնտեսական դժվարություններ են, դա ազդել է նոյեմբերյանցի «խոպանչիների» եկամուտների վրա, եւ նրանք սկսել են իրենց ավտոմեքենաներով ավելի քիչ երթեւեկել:
ՄԱՔՐՈՂԸ՝ ՔԻՉ, ԱՂՏՈՏՈՂԸ՝ ՇԱՏ
Հունվարի 14-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել է զբաղվել ճանապարհների մաքրությամբ: Խնդիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ մարզով է ձգվում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Մարզպետը հանձնարարել է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել եւ մանրամասը քննարկել խնդիրն ու դրա լուծման ուղիները: Տավուշի մարզի ճանապարհներին միշտ կարելի է տեսնել ցելոֆանի դատարկ տոպրակներ, ծխախոտի տուփեր, ծխախոտի մնացորդներ, դատարկ շշեր եւ տարատեսակ այլ աղբ:
Հունվարի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ համայնքի վարչական տարածքում՝ միջպետական ճանապարհին տեսանք ճանապարհային աշխատողի արտահագուստով 2 բանվորների: Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերության բանվորները, ձեռնոցներ հագած, հավաքում էին ճանապարհին եւ դրա եզրերին թափված աղբը: Ճանապարհը մաքուր տեսք էր ստացել, սակայն թե այդ տեսքը որքա՞ն ժամանակ կպահպանվի, դժվար չէ կռահել: Հայաստանցի վարորդները եւ ուղեւորները սովորույթ ունեն ավտոմեքենայից դուրս նետել ցելոֆան տոպրակներ, սիգարետի ծխուկներ, պլաստմասսե դատարկ շշեր:
Ցավոք, հայտնի չեն դեպքեր, երբ պետավտոտեսչության աշխատողը տուգանած լինի ավտոմեքենայից աղբ նետողին: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում նման արարքի համար մեծ տուգանքներ են սահմանված: Միջպետական ճանապարհով երթեւեկում են նաեւ բազմաթիվ արտասահմանցիներ, զբոսաշրջիկներ: Տեսնելով մեր ճանապարհների կեղտոտ վիճակը՝ նրանք համապատասխան եզրակացություն են անում հայաստանցիներիս կենցաղավարության, հանրային տարածքների նկատմամբ ոչ հոգատար վերաբերմունքի մասին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ