Այսօր՝ հուլիսի 16-ին, ձեռնաշղթայված վիճակում մի քաղաքացու բերման ենթարկեցին Շենգավիթ վարչական շրջանի 24 փողոց 3-րդ տուն: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնաշղթայով բերված անձը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 51-ամյա Սամվել Գասպարյանն է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանության երեկ ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման էին ենթարկել: Ս. Գասպարյանը օպերատիվ-քննչական խմբին մատնացույց է արել նշված տան նկուղային հարկում եղած երկաթե տակառը, որի մեջ նա տեղադրել է իր կողմից սպանվածի դին: Ոստիկանության աշխատակիցները փորձաքրեագետի հետ բացեցին տակառը, որը մի քանի տեսակի կպչուն ժապավեններով փաթաթած էր, ինչպես նաև բոլտով ու պնդօղակով (գայկա) ձգած: Այն բացելուց հետո տակառի մեջ հայտնաբերվեց նրա կողմից սպանվածի դին: Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանվածը Մանանդյան փողոցի բնակիչ թոշակառու 76-ամյա Գոհարիկ Գասպարյանն էր: Ըստ Շամշյանի տեղեկությունների, սպանությունը կատարվել է Ս. Գասպարյանի տանը, երբ Գ. Գասպարյանին նա խաբել և կանչել է իր բնակարան՝ նրան ունեցած պարտքը վերադարձնելու պատրվակով: Սպանելուց և դին մասնատելուց հետո այն տեղափոխել է Խարբերդի 24 փողոցի նշված տուն և մարմինը տեղավորել տակառում: Սպանություն կատարողը, ով ըստ Շամշյանի տեղեկությունների, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նշված տան այգում նախօրոք փորել էր փոս, որպեսզի երկաթե տակառը տեղադրի փոսում և հողով ծածկի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տունը մարդասպանը վարձակալական հիմունքներով էր վերցրել: Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանվածը հուլիսի 9-ից որպես անհայտ կորած փնտրվում էր, իսկ հարազատները նրան փնտրում էին հուլիսի 2-ից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի