Վերջերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանն ու դրան հետեւած բողոքի ակցիաներին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Մելինե Դալուզյանը: Նա կարծում է, որ Գյումրիում հուզումները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ ոճրագործին չեն հանձնել հայկական արդարադատությանն ու նա չի ստացել իր արժանի պատիժը:
-Մելինե՛, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ այս օրերին ամենատարբեր վարկածներ շրջանառվեցին: Որպես գյումրեցի` ինչպիսին է կատարվածի Ձեր վարկածն ու, առհասարակ, գյումրեցիների շրջանում մարդիկ առավելապես ո՞ր վարկածին են հակված հավատալու:
-Մեր քաղաքացիներին շատ է հետաքրքրում՝ ինչն էր դրդել մարդասպանին նման քայլի գնալ, ինչու հենց այդ ընտանիքը հայտնվեց նրա թիրախում: Այս հարցի շուրջ տարբեր վարկածներ կան. մեծ մասը կարծում է, որ դա մեկ հոգու ձեռքի գործ չէր…
-Այսինքն՝ կարծում են՝ կենցաղային հողի վրա կատարված հանցագործություն էր, թե՞ կոնկրետ պատվեր:
-Այս դեպքը, առհասարակ, պետք չէ քաղաքականացնել, մեր երիտասարդները, օրինակ, չեն էլ փորձում դա անել: Այնուամենայնիվ, հիմնականում շրջանառվում է այն կարծիքը, որ սա Ադրբեջանի կազմակերպած դիվերսիան էր: Ինքս, օրինակ, սպանությունը չեմ կապում այն հանգամանքի հետ, որ հայր եւ որդի Ավետիսյանները արտագնա աշխատանքով Ռուսաստանում են եղել, եւ իբր նրանց ու ոճրագործի միջեւ կոնֆլիկտ է եղել: Այնուամենայնիվ, ինչն էլ որ լինի սպանությունների պատճառը, փոքրիկ երեխայի հետ այդպես դաժանաբար վարվողն արդարացում չի ունենալու:
-Ի՞նչ եք կարծում՝ համատարած այս խուճապը, այս աննախադեպ լարվածությունը ե՞րբ, վերջապես, կանցնեն:
-Քանի դեռ ոճրագործը պատժված չէ, խուճապը չի դադարի: Մենք պատրաստ ենք պայքարել այնքան, մինչեւ Պերմյակովին հանձնեն մեզ: Այս պահին դրությունը համեմատաբար հանգիստ է, սպասում ենք գլխավոր դատախազի նամակի պատասխանին:
Տեղի ունեցած դեպքը ոչ միայն գյումրեցիների, այլեւ բոլոր հայերի համար մեծ ողբերգություն էր: Բոլորս պարտավոր ենք մեր հնարավորության չափով մասնակցություն ունենալ բողոքի ցույցերին, որպեսզի մեր ձայնը հասնի պետական իշխանությանը, ու ոճրագործին հանձնեն մեր օրենսդրությանը: Գյումրեցիներից յուրաքանչյուրն ապրեց այդ ահավոր ցավը, Ավետիսյանների փոխարեն կարող էր լինել ցանկացածիս ընտանիքը:
-Դուք ինքներդ մասնակցե՞լ եք ցույցերին, ո՞րն է անձամբ Ձեր պահանջը:
-Գյումրեցիներս ուզում ենք տեսնել մարդասպանի պատիժը, որպեսզի նման դեպք այլեւս չկրկնվի: Ինքս առողջական խնդիրների պատճառով անձամբ չեմ մասնակցել ցույցերին, սակայն պահանջում եմ, որ ոճրագործը հանձնվի մեր պետությանը: Հարգելի՛ դատախազ, հասեք այն բանին, որ ռուս ոճրագործն իր պատիժը կրի Հայաստանում:
-Մի քիչ էլ Ձեր առողջական եւ մարզական վիճակից խոսենք: Դուք աշխարհի առաջնությանը մասնակցեցիք արմունկի վնասվածքով, ապա վիրահատվեցիք, ինչպե՞ս է այն անցել, եւ հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Վնասվածքը դեռ մրցումների մեկնելուց առաջ էի ստացել, դեկտեմբերին վիրահատություն տարա, այժմ ամեն ինչ նորմալ է:
-2015-ի հետ կապված մարզական ի՞նչ ծրագրեր ունեք: Կա՞ մի մցույթ, որի շրջանակներում հաղթանակ տանելը գերնպատակ է:
-Դե, իհարկե, մասնակցելու եմ նոյեմբերին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, պարզապես մարզումներս դեռ չեմ սկսել, մրցակիցներիս մասին ոչինչ ասել չեմ կարող, սակայն հաղթելու շանսեր կան:
-Իսկ անձնական կյանքի մասին մտածելու համար ժամանակ կա՞:
-Այս տարի կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա: Հիմա անձնական կյանքի մասին մտածելու համար դեռ վաղ է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԵՂԾՈՒՄ ԵՆ
Հայտնի շոումեն, «Comedy Club» ակումբի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ Գյումրիում վերջերս տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ որոշ կայքերում եւ սոցիալական ցանցերում իր անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում:
«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը, ոճրագործը պետք է կրի իր պատիժը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե իբր Գարիկ Մարտիրոսյանը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը որակել էր «կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործություն»: