Երևանի Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է կատարվում, ահազանգում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը: Նա տեղեկացնում է, որ այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները։
“Այս նողկալի և համառ ատելությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ բնական շարունակությունն է քաղաքապետարանի տարածած սուտ հատարարության, թե այդտեղ որևէ “օբյեկտի” կառուցում չի նախատեսվում։
Մենք դատապարտում ենք հանրային տարածքներն այլանդակող և առևտրի գոտու վերածող բոլոր որոշումները և պահանջելու ենք նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Պահանջում ենք հողի հետլիցք կատարել և դադարեցնել Աբովյան փողոցի հանրային տարածքում ընթացող աշխատանքները”,- գրում է բնապահպանը տարածած հայտարարության մեջ: