Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենափոքր ներկայացուցչի մահն ավելի ցավեցրեց մեր՝ առանց այդ էլ վիրավոր հոգիները: Թեեւ դարձյալ սգո օր չհայտարարվեց մեր երկրում:
Եւ եթե զգացմունքայնությունը մի կողմ դնենք ու սթափ վերլուծենք վաղուց քաղաքականացված ողբերգական դեպքերի ժամանակագրությունը, պետք է արձանագրել, որ մամուլի, ակտիվ քաղաքացիների համառ ու արդարացի պահանջներն արդեն իսկ տվել են ցանկալի պտուղները: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը «արթնացավ» եւ ցավակցական ուղերձ հղեց հայ ժողովրդին՝ փոքրիկ Սերյոժայի մահվան առիթով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շտապեց Գյումրի գնալ: Այնտեղ էին նաեւ մինչ այս՝ Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի հուղարկավորության առիթով ընդհատակ անցած շատ ու շատ պաշտոնյաներ, պատգամավորներ: Նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանձին ցավակցական ուղերձ է հղել: Լրագրողական քննադատությանը տեղի տալով՝ մի շարք կուսակցություններ եւս երեկ ցավակցական ուղերձներ տարածեցին: Արդեն երկու օր է՝ Գյումրիում են նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք Գյումրիից են ընտրվել: Իսկ երբ ոստիկաններն ու գյումրեցիները ցավալի բախում ունեցան, նրանց մանրադիտակով էինք փնտրում:
Այսինքն՝ մեր բողոքի ձայնը տեղ հասավ. ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ռուսաստանի իշխանությունները լսեցին այն: Բայց ցանկալի կլիներ, որ Հայաստանում մեր ազգային ցավին հաղորդակից դառնալու հրապարակային քայլերն արվեին ինքնաբուխ, ոչ թե քննադատություններին տուրք տալով, ստիպված, ամաչելով: Լավ կլիներ, որ համարձակության չափաբաժինն ավելի մեծ լիներ հայ պաշտոնյաների, ազգընտիրների մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում վտանգավոր գոտիներ էլ ինքնաբուխ գնային՝ մենակ չթողնելով իրենց փափուկ կյանքն ու բիզնես-հաջողություններն ապահոված ընտրողներին: Լավ կլիներ նաեւ, որ Ռուսաստանի իշխանություններն ադեկվատ պահվածք դրսեւորեին, եւ իրադարձությունների զարգացումը նման լարումներով չուղեկցվեր…
Նկատենք, որ այս իրավիճակում շատ կարեւոր էր գյումրեցիների ադեկվատ պահվածքը. նրանք իրենց բազմամարդ ակցիաներով, որոնք թեեւ անկարգություններով զուգորդվեցին (հատուկ ներդրված սադրիչների բեմադրմամբ), այնուամենայնիվ կարողացան մեր ողջ երկրի արժանապատվությունը բարձրացնել, փրկել մեր կորսված անկախության իմիջը, ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ զանգահարել Սերժ Սարգսյանին, ցավակցել: Գյումրեցիներն իրենց համախմբվածությամբ ստիպեցին ռուսական էլիտային ներողություն խնդրել հայերից… Կորուստների գնով ստացված այս արդյունքների ցանկը երկար կարելի է թվարկել: Բայց դեռ անելիքներ կան, ուստի չպետք է բավարարվել եղածով:
Հիմա բոլորիս խնդիրը մեկն է՝ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է պայքարենք, որպեսզի Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը, եւ մեր երկրում հնարավոր լինի լրիվ եւ բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պատասխանել բոլոր մութ հարցերին: Սա նշանակում է, որ Վալերի Պերմյակովը մեզ ողջ է պետք, որպեսզի ողջ ճշմարտությունն իմանանք:
Հ. Գ. Արժանապատիվ թշնամի ունենալն էլ, կարելի է ասել, բախտի հարց է: Ով է մեր թշնամին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կես տարեկան երեխայի մահվան օրը հրաման է տալիս կրակել հայ-ադրբեջանական սահմանին եւ զինվոր սպանել: Ինչպես հայտնի է՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է արդարություն որոնել…
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻՑ
Հունվարի 18-ին եւ 19-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցը չի գործել: Դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (ի դեպ, նա Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) ասաց, որ հունվարի 11-ին եւ հունվարի 17-ին Կոթի գյուղն ադրբեջանական հենակետերից հրետակոծվել է, եւ բազմաթիվ ընտանիքներ վտանգի պատճառով իրենց երեխաներին գյուղից տեղափոխել են այլ բնակավայրեր:
Դպրոցի տնօրենի վկայությամբ՝ հունվարի 11-ին ազերիների ոտնձգություններից հետո դպրոցում ուսումնական գործընթացը բնականոն հուն էր վերադարձել, սակայն հունվարի 17-ին ազերիների հերթական գնդակոծությունները կրկին խափանեցին դպրոցական պարապմունքները: Մ. Սիրադեղյանը նաեւ հայտնեց, որ Կոթիի դպրոցում տեղադրված է ջեռուցման կենտրոնացված համակարգ, որը գործում է դիզելային վառելիքով: Այդ համակարգում խափանություն կա, շարքից դուրս է եկել կաթսայի բոցայրիչը: Սակայն դպրոցի տնօրենի հավաստմամբ` դասապրոցեսի հիմնական խոչընդոտը դա չէ, հունվարի 21-ին Վանաձորից անհրաժեշտ պահեստամասը կբերվի Կոթի, եւ համակարգը կգործարկվի: Դասերի անցկացման խոչընդոտը սահմանագոտում տիրող իրավիճակն է: Մ. Սիրադեղյանն ասաց, որ հունվարի 17-ի երեկոյան ադրբեջանական զինուժը նռնականետերով կրակ է բացել Կոթի գյուղի վրա, նռնակներ են ընկել գյուղի հենց կենտրոնում, որտեղով ձգվում է դպրոց տանող հիմնական ճանապարհը: Եվ հիմա կոթեցի ծնողներն անհանգստացած են իրենց երեխաների կյանքի համար, ուստի այս իրավիճակում, բնականաբար, չեն ցանկանա իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Նշենք, որ Կոթիի միջնակարգ դպրոցն ունի 235 աշակերտ:
Տնօրենի փոխանցմամբ` հունվարի 20-ին դպրոց է հաճախել 50 աշակերտ: Դպրոցում դասերը կայացել են կարճ ձեւաչափով՝ ամեն դասը 30 րոպե: Նրա վկայությամբ՝ այժմ Կոթի գյուղում է գտնվում եւս 50 դպրոցահասակ երեխա, որոնք հունվարի 20-ին դպրոց չեն հաճախել: Մ. Սիրադեղյանի վկայությամբ՝ հունվարի 21-ին եւս դասերը տեղի կունենան կարճ ձեւաչափով, իսկ հունվարի 22-ին արդեն դասերը կընթանան բնականոն ձեւով: Եթե, իհարկե, չլինեն նոր գնդակոծություններ:
Վերջին մի քանի օրերին չի գործել նաեւ Կոթիի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 52 երեխա: Այս դեպքում, սակայն, ըստ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի՝ պատճառը ոչ այնքան ադրբեջանական գնդակոծության վտանգն է, որքան ջեռուցման համակարգի խափանումը: Մանկապարտեզում կառուցվել է փայտով սնուցվող կաթսայատուն, որտեղ տեխնիկական խնդիրներ կան: Գյուղապետը հայտնեց, որ այդ խնդիրները կլուծվեն այս շաբաթվա ընթացքում, եւ հաջորդ շաբաթ մանկապարտեզը կգործի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՇԱՏ ԲԵՆԶԻՆ
«Ժողովուրդ»-ը վերջերս տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնել է «Պրեմիում» տեսակի 621 հազար 276 լիտր բենզին, որի համար վճարել է 292 մլն դրամ: Իսկ «ՍԻ ՓԻ ԷՍ օիլ Քորփորեյշն» ընկերությունից գնել է ոչ միայն «Ռեգուլյար» տեսակի բենզին, այլեւ դիզելային վառելիք: «Ռեգուլյար» տեսակի բենզինի քանակությունը կազմել է 1 միլիոն 34 հազար 621,1 լիտր, որի համար վճարել է 465 միլիոն 579 հազար 495 դրամ: Իսկ դիզելային վառելիքը եղել է 161 հազար 46 լիտր, որի համար վճարվել է 71 մլն 665 հազար 470 դրամ:
Երեկ Երեւանի քաղաքապետարանից պաշտոնապես տեղեկացրին, որ ձեռք բերված մեծ քանակությամբ բենզինն ու դիզելային վառելիքը նախատեսված են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երեւանի ենթակայության առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների 2015 թվականի կարիքների համար:
Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետարանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնված 621 276 լիտր պրեմիում դասի բենզինը, որի արժեքը կազմում է 291 մլն 999 հազար 720 դրամ, նախատեսված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երեւանի ենթակայության կազմակերպությունների համար: Ի դեպ, «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնված 621 276 լիտր պրեմիում դասի բենզինից 69 600 լիտրը նախատեսված է քաղաքապետարանի աշխատակազմի համար:
«ՍԻ ՓԻ ԷՍ օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից գնված 1 մլն 34 հազար 621 լիտր ռեգուլյար դասի բենզինը, որի ընդհանուր արժեքը կազմում է 465 մլն 579 հազար 495 դրամ, եւ 161 հազար 46 լիտր դիզելային վառելիքը՝ 71 մլն 665 հազար 470 դրամ արժողությամբ նույնպես նախատեսված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երեւանի ենթակայության կազմակերպությունների համար: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համար «ՍԻ ՓԻ ԷՍ օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից գնված 1 մլն 34 հազար 621 լիտր ռեգուլյար դասի բենզինից 85 080 լիտրը:
Երեւանի քաղաքապետարանից այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին նաեւ, որ կնքված պայմանագրերի շրջանակներում դեռեւս գումարներ չեն վճարվել, այն նախատեսվում է վճարել 2015 թվականի ընթացքում:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ նախագահականի մոտ բողոքի ակցիա անցկացրին ոչ միայն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները, այլեւ Առուշանյանների ընտանիքը: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների պահանջն ավանդական է՝ նրանք իրենց աշխատավարձերն են ուզում: Օրեր առաջ էլ այդ հարցի լուծման պահանջով նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան չեն ստացել:
Իսկ, ահա, Առուշանյանների ընտանիքը երեկվանից հացադուլ է սկսել: Նրանք պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանը «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար դատապարտվել է հինգուկես տարվա ազատազրկման, ինչը ընտանիքի անդամները համարում են անարդարացի: