ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում ՀՀ որոշ նախարարություններ միացվելու են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հարցը քննարկման փուլում է, նախատեսվում է առողջապահության նախարարությունը միացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ գյուղատնտեսության նախարարությունը՝ բնապահպանության նախարարությանը: Առայժմ, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է:

Որոշ նախարարությունների միավորման հարցը հատկապես ակտուալ դարձավ անցած տարեվերջին` ՀՀ պետբյուջեի հաստատման օրերին: Ընդհանրապես պատճառներից մեկն էլ այն էր, որ նախարարությունների միավորումը, ըստ մտահղացման հեղինակների, պետք է հնարավորություն տար տնտեսելու պետական միջոցները: Չէ որ նախարարությունները՝ իրենց հսկայական աշխատակազմերով, աշխատակիցների գործուղումներով, հաճախ չվերահսկվող ծախսերով ներկայիս ծանր տնտեսական պայմաններում անհաղթահարելի բեռ են դարձել մեր պետության առանց այդ էլ փխրուն ուսերին: Առավել եւս, որ բոլոր այդ գերատեսչությունների գործունեության իրական արդյունքը, մեղմ ասած, բարձր չէ: Եվ ուստի, բացի պետական միջոցների տնտեսումից, նախարարությունների միավորմամբ, ըստ ամենայնի, նպատակ է դրվելու առավել վերահսկելի դարձնել այդ գերատեսչական համակարգերի գործունեությունը:
Սակայն տարին սկսվեց, իսկ նախարարությունների նոր միավորումների մասին առայժմ խոսք չկա: Կառավարման փորձագետների պնդմամբ` դա ընդամենը ժամանակի հարց է. պետական միջոցների խնայման անհրաժեշտությունը վաղ թե ուշ կստիպի Կառավարությանը գնալ այդ քայլին:
Հնարավոր միավորումների արդյունքում, սակայն, առաջանալու է մի նոր` ոչ պակաս կարեւոր խնդիր. հարյուրավոր մարդիկ կորցնելու են իրենց աշխատատեղերը եւ ստիպված են լինելու համալրել գործազուրկների` օրեցօր ստվարացող շարքերը: Այս ուղղությամբ առայժմ հանրությանը չեն ներկայացվել Կառավարության մոտեցումները: Ի վերջո, պետական միջոցները խնայելը լավ նախաձեռնություն է, բայց ոչ ՀՀ շարքային քաղաքացիներին գործազուրկ դարձնելու հաշվին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ դեռեւս 2000 թվականին նման մի փորձ կատարվեց. գյուղատնտեսության նախարարությունը միացվեց բնապահպանության նախարարությանը, իսկ առողջապահության նախարարությունը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Գուցե այն ժամանակ էլ դա պայմանավորված էր պետական միջոցները խնայելու մտադրությամբ, սակայն ինչպես տեսանք՝ կարճ ժամանակ անց այդ միավորումները վերանայվեցին: Չի բացառվում, որ այս անգամ եւս նույնը լինի:
Նկատենք, որ այս ընթացքում կառավարական կուլիսներում չի քննարկվում մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների միավորման հարցը: Ինչպես հայտնի է՝ սփյուռքի նախարարությունը նորաստեղծ է: Ճիշտ է՝ նախարարության գործունեության արդյունքները նկատելի են, սակայն, ցավոք, առայժմ առավելապես նախարարի եւ ոչ թե ժողովրդի համար: Այս նախարարության գործունեությունը, քննադատողների համոզմամբ, շատ ավելի տեղին կլիներ, եթե որպես կառույց այն գործեր մշակույթի նախարարության կազմում:
2000 թվականին, երբ փորձ արվեց առողջապահության եւ սոցապ նախարարություններն իրար միացնել, երկու կառույցները ղեկավարում էր առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Մկրտչյանի հետ:
«ՀՀ-ում նման կառավարման անցնելու մասին անիմաստ, առանց ուսումնասիրելու, առանց իրավիճակը գնահատելու որոշումներ են կայացնում, հետո կրակն են ընկնում: Փա՛ռք Աստծո, որ դա շատ կարճ տեւեց՝ մոտ երեք-չորս ամիս: Բայց դուք չեք պատկերացնում, թե կառավարման տեսանկյունից որքան անկառավարելի էր ու դժվար: Շատ եվրոպական երկրներում, իրոք, նախարարություններն իրար միացան, օրինակ՝ Մերձբալթյան հանրապետություններում, Դանիայում, Սկանդինավյան մի շարք երկրներում նախարարությունները միացյալ են: Բայց ասեմ, որ իրենք որոշակի ճանապարհ են անցել, հասել են դրան, որ ժողովրդական կառավարման համակարգերը լիարժեք երկրում գործում են: Երկրում լուծված են այդ համակարգերի ֆինանսավորման խնդիրները, եւ ինքը՝ նախարարությունը, միայն ու միայն քաղաքականության մշակման գործառույթով է զբաղված: Իսկ այստեղ լսում են, որ մի տեղ միացյալ է, իրենք էլ միանգամից սկսում են միաձուլվել: Եւ ոչ մի արդյունք չեն ունենում»,- նշեց նախկին նախարարը:
«Ժողովուրդ»-ը Մկրտչյանից հետաքրքրվեց՝ նախարարությունների միացումից պետական միջոցները խնայվո՞ւմ են, թե՞ ոչ: «Բացարձակապես ոչ մի խնայողություն: Հիմա տեսեք՝ ֆինանսների նախարարությանը միացրել են հարկային եկամուտների կոմիտեն, որի ներսում էլ երկու հզոր եւ լրջագույն գործառույթներով զբաղվող կառույցներ են գործում: Գոնե 1 քմ տարածք ազատվե՞լ է, որ համակարգը ռացիոնալացվի, մի մարդ կրճատվե՞լ է: Միեւնույն է, մեղմ ասած, դրանք հարկատուի պարանոցին նստած կառույցներ են»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ երկու խնդրահարույց համակարգեր իրար միաձուլելով՝ Կառավարությունը ոչ մի արդյունքի չի հասնի: «Իրար միաձուլումը միայն մեխանիկական խնդիր չէ: Իմ կարծիքով ոչ ճիշտ քայլ է սա»,- եզրափակեց Մկրտչյանը:
Ո՞ր նախարարությունը որի՞ հետ են միավորելու, ինչպե՞ս են դա կազմակերպելու, դրա արդյունքում ինչպիսի՞ բաժիններ են լուծարվելու, կամ ո՞ր բաժիններն են միավորվելու: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վերը նշված նախարարություններից: Սակայն անարդյունք: Բոլոր պատասխանատուներն էլ միաբերան պնդեցին, որ նման տեղեկություն չունեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՌՈՒՍՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼ ՎԵՐՋՈՒՄ»

Ավետիսյանների ընտանիքի վերջին հույսի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան լուրից հետո Գյումրիում կրքերը կրկին թեժացան: Գյումրեցիների վրդովմունքը չի սահմանափակվում բողոքի ակցիաներով եւ մոմավառությամբ: Վերջին օրերին առեւտրի կետերը հրաժարվում են սպասարկել Գյումրիում ապրող ռուսներին:
Այցելելով 8-րդ թաղամաս՝ գյումրեցիների լեզվով ասած՝ «Վոսմոյ գորոդոկ», որտեղ տասնյակից ավել բազմաբնակարան շենքերում բնակվում են ռուս սպաներն իրենց ընտանիքներով, համոզվեցինք, որ իրավիճակն իսկապես լարված է:
Մթերային խանութներից մեկի ապակու վրա հայերենով գրված էր՝ «Ռուսներին սպասարկել վերջում»:
Վաճառողը մեզ հետ զրույցում իր բարկությունը հայտնեց՝ ասելով. «Էլ առաջվանը չի, որ կուգային թե չէ, առաջինն իրանց կսպասարկեինք, ամենալավ ապրանքն էլ իրանց կուտայինք, թե մեզնից դժգոհ չմնան, էս էր ըդոնց շնորհակալությունը»:
Իսկ հարցին, թե ինչու է հայերենով գրված, այլ ոչ թե ռուսերենով, ինչը ռուսների համար առավել հասկանալի է, խանութպանն ասաց.«Էդ լեզուն ինձի համար անտանելի է»:
Գյումրեցի Արտյոմն էլ ավելացրեց, որ քաղաքի համար ռուսները երբեք ոչինչ չեն արել: Օգտվել են ամեն ինչից իրենցից առավել, արտոնյալ են համարվել, սակայն երբեւէ չեն աջակցել գյումրեցիներին` լինի դա քաղաքի մաքրության, թե այլ հարցերի հետ կապված: Տղամարդը նաեւ Գյումրիում ապրող ռուսներից պահանջում էր միանալ իրենց արդարացի պահանջին, օգնել մարդասպանին հայերին հանձնել: «Ընչի ձեն-ծպտոց չեն հանում, մենք իրանց հետ վա՞տ ենք եղել»,-վրդովվեց գյումրեցին:
28-ամյա Լիան, ով ռուս սպայի կին է, փոքրիկի ձեռքը պինդ բռնած, փորձում էր առեւտուր անել: Մեր հարցին, թե արդյո՞ք այս օրերին իրենք զգուշանում են հայերից, ռուս կինը պատասխանեց.«Ես մեկ տարուց ավել է՝ ինչ էստեղ եմ՝ ամուսնուս մոտ: Ունեմ լավ հայ հարեւաններ, քաղաքը նույնպես լավն է, պատրաստ եմ այստեղ մնալ մինչեւ ամուսնուս ծառայության ավարտը, բայց պիտի խոստովանեմ, որ մեկ շաբաթում շատ բան է փոխվել: Այդ դժբախտ դեպքից հետո ես առաջին անգամ գնումների եմ դուրս եկել, ամուսինս չէր թողնում, ասում էր՝ հայերը չարացած են: Բայց հայուհի հարեւաններս ինձ օգնում էին, եթե ինչ-որ բան էր պետք լինում, նրանք բերում էին խանութից»: Ասաց նաեւ, որ կատարվածի համար շատ է ցավում, ինքն էլ փոքրիկ ունի եւ հիմա վախենալով նրա համար` ավելի է հասկանում հայերի վիշտը:
Մեկ այլ ռուս սպա էլ խոստովանեց, որ տոմս է գնել եւ պատրաստվում է ընտանիքին հայրենիք ուղարկել՝ նշելով, որ ապահովությունը լավ բան է:
Ավելացնենք, որ Գյումրիում երկու օր է՝ ոստիկանական ուժերի կրկնակի կենտրոնացում է նկատվում, քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը հսկողության տակ են:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս