Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «խոստովանել է», որ վերջերս բավականին խորը կերպով ունկնդրել է Սպիտակցի Հայկոյին եւ նկատել, որ նա իր ժանրում բարձր պրոֆեսիոնալ է: Մաեստրոյի կարծիքով՝ ամեն ժանր գոյության իրավունք ունի: Կոմպոզիտորն անդրադարձել է ոլորտի որոշ էական խնդիրների, խոսել է նաեւ Գյումրիում վերջերս տեղի ունեցած ոճրագործության մասին:
-Պարո՛ն Երզնկյան, էստրադային սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները չնչին աշխատավարձ են ստանում, եթե չեմ սխալվում՝ շուրջ 30 հազար դրամ: Նման իրավիճակում արդյո՞ք առաջ չի գալիս որակյալ արվեստից շեղվելու վտանգը…
-Հիմա արդեն մինիմալ աշխատավարձը դարձել է 50 հազար դրամ, այնպես որ՝ մենք արդեն հարուստ մարդիկ ենք: Իհարկե, մեր երաժիշտները միաժամանակ մի քանի տեղ են աշխատում, եւ մենք՝ ղեկավարներս, երբեմն աչք ենք փակում դրա վրա, քանի որ հասկանում ենք, որ մարդիկ ընտանիք են պահում…
-Ռաբիս երգիչների հետ աշխատող երաժիշտները, ի համեմատ մյուս ժանրերը ներկայացնող երաժիշտների, բավական լավ են վարձատրվում: Ուստի շատ որակյալ մասնագետներ նախընտրում են հենց այդ ճանապարհը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը:
-Ես Ձեզ ասեմ, որ իմ երաժիշտներից ոմանք էլ մեկ-մեկ նվագում են ռաբիս երգիչների հետ: Ընդ որում, վերջիններս միշտ իրենց կողքին հավաքում են լավագույն երաժիշտներին, քանի որ ռաբիսի ասպարեզում մրցակցությունը բավական բարձր է, եւ շատ փող է շրջանառվում, իսկ դրանից երաժշտությունը շահում է: Ես, օրինակ, վերջերս բավականին խորը կերպով լսեցի Սպիտակցի Հայկո եւ նկատեցի, որ նա իր ժանրում բարձր պրոֆեսիոնալ է: Առհասարակ, ամեն ժանր իրավունք ունի ապրելու, եւ ես կողմ չեմ այն պնդմանը, թե ռաբիսը երաժշտություն չէ. ամեն ինչն էլ երաժշտություն է, եթե իր տեսակի մեջ բարձրակարգ է:
-Այսօր աստղերի մեծ մասը խուսափում է կենդանի նվագակցությունից եւ նախընտրում է դիմել համակարգչային տեխնիկայի հնարքներին: Ինչպե՞ս հասնենք նրան, որ հեռուստատեսությամբ կենդանի երաժշտությունն ավելի շատ հնչի, եւ աստիճանաբար ձերբազատվենք կեղծ նոտաներից:
-Առաջին քայլն այն էր, որ արգելվեց համերգների ժամանակ ֆոնոգրամայի ներքո երգելը: Երկրորդ քայլն արդեն զուտ էթիկական բնույթ է կրում: Շատ քչերն են, ովքեր երգում են առանց համակարգչային տեխնիկայի միջամտության: Դա, առհասարակ, վատ բան չի, բայց այդ հնարքներին պետք է դիմել այն դեպքում միայն, եթե դրանք կօգնեն երաժշտությանը: Իհարկե, հեռուստատեսությամբ պետք է ավելի շատ կենդանի համերգներ հեռարձակվեն, քան տեսահոլովակներ. դա այնքան էլ հեշտ բան չէ, կապված է տեխնիկական դժվարությունների հետ: Բայց մենք այսօր հեշտ ճանապարհով գնալու իրավունք չունենք: Մեզ տրված է շատ կարճ ժամանակ, որպեսզի ազգին ոտքի կանգնեցնենք, ուստի ամեն մեկս մեր տեղում պետք է այնպես անենք, որ այդ պրոցեսն արագ ընթանա:
-Կարո՞ղ եք տալ մի քանի երիտասարդ աստղերի անուններ, որոնց ներկայացրած արվեստն, այնուամենայնիվ, Ձեզ գոհացնում է:
-Մենք ունենք լավ երիտասարդություն, օրինակ՝ Մաշա Մնջոյանն իր երգարվեստով բարձր մակարդակ է ցույց տալիս, գալիս է, մեր նվագախմբի հետ կենդանի ելույթներ է ունենում: Թող մնացածները չնեղանան, երկու անուն էլ ասեմ՝ Ինգա եւ Անուշ Արշակյանները, կարելի է էլի շարունակել:
-Զրույցի ավարտին չենք կարող չանդրադառնալ վերջերս Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանն ու դրան ուղեկցող իրադարձություններին: Բողոքի ցույցերն ու դրանց հետեւանքով քաղաքացիների ու ոստիկանների բախումները ազգային պառակտման վտանգ են ստեղծել: Գյումրեցիները չեն հավատում գլխավոր դատախազի խոսքերին, չեն հավատում, որ ռուս մարդասպանն իր պատիժը կրելու է Հայաստանում: Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց է այս անվստահությունը, եւ ո՞րն է Ձեր կոչը քաղաքացիներին:
-Դե, ես չգիտեմ՝ որտեղից է անվստահությունը, երեւի եղել են դեպքեր, որ մեղավորները չեն կրել իրենց պատիժը, հնարավոր է՝ դա ամեն տեղ է պատահում: Բայց մի բան ակնհայտ է, այդ մարդասպանը, որտեղ էլ լինի, կրելու է իր պատիժը: Սա այն դեպքն է, երբ ընդդիմադիր ու իշխանամետ գոյություն չունի, երբ բոլորս միանման ենք մտածում: Գիտեք՝ մարդկանց հրահրելը շատ հեշտ է, ամեն մեկին մի հատ բզում ես, հունից դուրս է գալիս: Կոչ եմ անում չքաղաքականացնել ոճրագործությունը, կարծում եմ՝ քաղաքական էլեմենտն այս պարագայում այդքան մեծ չէ: Թող մարդիկ սադրանքների չենթարկվեն եւ մի քիչ սառը ուղեղով դատեն, չնայած որ դա այսօր անհնար է:
ԹԻԿՆԱԾ ԱՂՋԿԱ ԱՐՁԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՀԱՅՏ Է
Հայաստանում կողոպուտի եւ հարձակման է ենթարկվել արվեստի հերթական մի գործ: Օրերս անհայտ անձիք ջարդել են Երեւանից Կոտայքի մարզ ընկած ճանապարհին գտնվող պղնձաձույլ աղջկա՝ «Արձագանք» կոչվող արձանը: Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքն այժմ չկան, գողացվել են:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այն ընդգրկված չէ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կամ նորահայտ հուշարձանների ցանկում: Նրա խոսքով՝ եթե քանդակը պատմության եւ մշակույթի հուշարձան չէ, ուրեմն այն ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողության ներքո չի գտնվում. դրանով պետք է զբաղվի Կոտայքի մարզպետարանը կամ էլ տրանսպորտի եւ կապի նախարարությունը. «Մենք չենք կարող մտնել համայնքների տիրապետության ոլորտ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրանց ներկայացուցիչներն ամբիցիոզ են, աչքի լույսի պես ուզում են պահել իրենց հողն ու տնօրինել գույքը»,-ասաց Ս.Շաքարյանը:
Այնինչ՝ հակառակ մշակույթի նախարարության ներկայացուցչի պնդումների՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ քանդակի պահպանության հարցը մարզպետարանի հսկողության ներքո չի գտնվում. «Դա գտնվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության վերահսկողության ներքո, քանդակը տրվել է մշակույթի նախարարությանը՝ որպես պետության կողմից պահպանվող միավոր»,-մեկնաբանեց նա:
Ինչպես երեւում է՝ «Արձագանք» քանդակի ճակատագիրը դեռ երկար ժամանակ անհայտ կմնա: Քանի դեռ գերատեսչությունները նախ եւ առաջ չեն կողմնորոշվել, թե ի վերջո ով պետք է զբաղվի արձանի պահպանության հարցով եւ չեն անցել կառուցողական գործողությունների, խնդիրը դժվար թե լուծվի, եթե, իհարկե, բախտի բերմամբ չհայտնվի, ասենք, որեւէ բարերար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արձանն էլի էր վնասվել: Այդ ժամանակ Կոտայքի նախկին մարզպետի աջակցությամբ այն վերականգնվել էր:
Նշենք, որ «Արձագանքը» նշված ճանապարհին տեղադրվել է 1978 թվականին, հեղինակը Խաչատուր Հակոբյանն է:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԳՅՈՒՄՐՈՒ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գյումրու ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգ: Միջոցառմանը կմասնակցեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբն ու մենակատարները: Մուտքն ազատ է:
ՖԻԼՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
«France 2» հեռուստաալիքը հունվարի 20-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ է ցուցադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով france2.fr հեռուստաալիքի պաշտոնական կայքը, «Ազնավուր» ֆիլմի հեղինակներն են Մարի Դյուքերը եւ Դամիեն Վերկամերը:
Հեռուստաալիքի կայքը նշում է, որ Ազնավուրի երգերը հայտնի են բոլորին եւ նրա ժառանգության մի մասն են կազմում, սակայն հերոսը՝ Ազնավուրը, մնում է առեղծված: Ֆիլմը ներկայացնում է Ազնավուրի առաջին քայլերն ու նրա անցած ուղին: Ազնավուրը պատմում է իր մանկության, իր ընտանիքի եւ այն մասին, թե ինչպես ինքն իր կյանքը նվիրեց երաժշտությանն ու բեմին: Նշվում է, որ Ազնավուրն իր մեծ քթով եւ բամբ ձայնով բազմաթիվ քննադատությունների էր արժանացել: Բացի այդ՝ «France 2»-ը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ ցուցադրվել է Ազնավուրին նվիրված «Hier Encore» շոուի տեսագրությունը, որին մասնակցել են մշակույթի անվանի գործիչներ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Ֆինլանդիայից փանկ-ռոքերների «Pertti Kurikan NimipՊivՊt» խումբը մտադիր է մասնակցել Ավստրիայում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին: Խմբի բոլոր անդամները դաունի համախտանիշով տառապող տղաներ են: Խումբը նպատակ ունի բարձրաձայնել նման հիվանդությամբ տառապող մարդկանց իրավունքների մասին: Կմասնակցեն տղաները մրցույթին, թե ոչ, կորոշեն հեռուստադիտողները քվեարկության միջոցով: