ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am-ից
Երեկ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ Ադանա, Իզմիր, Մալաթիա, Այնթապ եւ այլն: Մասնավորապես Ստամբուլի Թաքսիմի հրապարակից երթ է մեկնարկել, որն ավարտվել է «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ստամբուլահայ լրագրողի հիշատակը, ինչից հետո խմբագրատան դիմաց կարգախոսներ են վանկարկել: Գրող ու բանաստեղծ Մուրաթան Մունգամն ուղերձով դիմել է հավաքվածներին: Վերջինս նշել է, որ շուրջ 12 տարի մարդիկ սպասում են արդարադատություն մի երկրում, որը ղեկավարվում է կուսակցության կողմից, եւ որի անվան մեջ «արդարություն» բառը կա: Չնայած Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթը խաղաղ բնույթ է կրել, սակայն Անկարայում ոստիկանությունը գրոհել է Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցների վրա՝ ձերբակալելով 20 մարդու. գրում է BirGՖn օրաթերթը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս են մարդիկ հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Ո՞րն է լինելու նրանց հետագա անելիքը:
Հրաչյա Ավագյան (30 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անձն անձամբ դիմում եւ ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր: ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան եզրակացությամբ փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ նախագահի աշխատակազմին, իսկ ՀՀ նախագահի հրամանագրին քաղաքացին կարող է իրազեկվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ http://www.passportvisa.am/news/news1/ կայքէջից:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. ինն ամիսների ընթացքում ՌԴ քաղաքացի դառնալու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 13.000 մարդ: Վերջերս մեր հարեւան պետություններում կատարված փոփոխությունները՝ քաղաքացիության կարգի հեշտացման հետ կապված, ինչպես նաեւ՝ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ՝ թանկացումները, դրամ-դոլարային տատանումները, միմիայն ավելացնում եւ խթանում են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների թիվը:
ՀԱՐՑ. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային եւ մարզային ստորաբաժանումների աշխատակիցներն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի հիման վրա պետք է տեղում իրականացնեն հողամասի կամ շինությունների չափումներ:
Վախթանգ Գեւորգյան (42 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային եւ մարզային ստորաբաժանումների աշխատակիցները 2012 թ. հունվարի 1-ից չեն իրականացնում անշարժ գույքի չափագրման աշխատանքներ: Այս գործառույթը մասնավորեցվել է, եւ աշխատանքներն իրականացվում են համապատասխան որակավորման վկայականներ ստացած մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից: Ուստի անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու նպատակով պետք է նախօրոք համապատասխան որակավորում ունեցող մասնագետին պատվիրել գրանցվող անշարժ գույքի հատակագծի կազմումը:
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի հիման վրա հողամասի կամ շինությունների չափումները կամ ուղղակի հատակագծերի կազմումը իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող անձանց կողմից: