Ամեն անգամ, երբ ոչ սովորական մի իրավիճակ է ստեղծվում՝ հատկապես սահմանային լարվածությունը մեծանում է, ՀՀ Պաշտպանության նախարարությունը թշնամուց ավելի դաժան ատելությամբ իր խոսնակի միջոցով հարձակվում է լրագրողների ու լրատվամիջոցների վրա՝ թացն ու չորն իրար հետ խառնելով:
Այն, որ Հայաստանում լրագրության մակարդակը հեռու է պրոֆեսիոնալ լինելուց, վաղուց հայտնի է: Լրագրողական դաշտն էլ այնքան է վարկաբեկվել, որքան էին և են ՀՀ պետական գերատեսչությունների մեծ մասը: Բայց այս իրավիճակի պատասխանատուն դարձյալ ՀՀ իշխանություններն են, որոնք երկու կոպեկ շպրտելով ամեն մի պնակալեզի առաջ՝ կայք բացելու եւ «լրագրող» աշխատելու հնարավորություն են տվել: Իզուր չէ ասված. ինչ ցանես, այն էլ կհնձես: Եւ հիմա ՀՀ ՊՆ-ի կողմից 50 հազար դրամով «ֆինանսավորված» «լրատվամիջոցների» մակարդակի մի շարք կայքեր տարաբնույթ սուտ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի մասին, ինչը սկսել է զայրացնել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
Հարգելով մեր սահմանը հսկող հայոց բանակին՝ ամենեւին ցանկություն չունենք ոչ կոմպետենտ պաշտոնյաներին նույնացնել բանակի հետ՝ այդպիսի վերաբերմունքը տածելով լրատվամիջոցների վրա «մուննաթ եկող» աշխատակիցների նկատմամբ:
ՀՀ ՊՆ-ն հատկապես լարված իրավիճակում պարտավոր է հագեցնել հասարակության շրջանում առկա տեղեկատվական քաղցը: Դրա համար մեր պաշտպանական գերատեսչությունը ունի մի ողջ վարչություն ու նաեւ մամուլի խոսնակ: Վարչությունը, ավանդաբար, կարծես պարապուրդի է մատնված: Ողջ երկիրը մնում է ՊՆ խոսնակի հույսին, որն էլ իր պաշտոնական առաքելությունը համարում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ոչ ադեկվատ գրառումներ անելը: «Հարգելի լրագրողներ հասկանալի պատճառներով ձեր զանգերին պատասխանել չեմ կարող: Խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկություններին և այս գրառումներին, դրանցից զատ այլ նյութեր չտեղադրել: Կրկին սկսվել են սադրիչ ապատեղեկատվությունները, որոնց ուշադրություն մի դարձրեք»,- գրում է Ա. Հովհաննիսյանը:
Քիչ անց բազմազբաղ խոսնակը այլ գրառում է տեղադրում. «Նորից եմ խնդրում զերծ մնալ սադրիչ ապատեղեկատվություններից: Բերդում են խոսում, մարդիկ են ասում և նմանատիպ հիմքերից հեռու մնացեք: Վերջին տեղեկությունների համաձայն վիրավորի կյանքը կփրկվի»:
Բայց այս ընթացքում Արծրունը չի խորշում լրագրողներից մեկին՝ Սյուզանին, Ֆեյսբուքում ամոթանք տալ, որ համարձակվել է քննադատել ՊՆ Սեյրան Օհանյանին:
Համաձայնեք՝ աբսուրդ իրավիճակ է. նախարարի հետ Տավուշ մեկնած բազմազբաղ խոսնակը համացանցում կռիվ է տալիս լրագրողների հետ՝ միաժամանակ ասելով, թե շատ զբաղված է եւ չի կարող պատասխանել լրատվամիջոցների հարցերին:
Այդ ընթացքում հետևելով ՊՆ պաշտոնական կայքին՝ արձանագրեցինք հետեւյալ իրողությունը. հունվարի 21-ից հետո կայքում որեւէ նորություն չկա տեղադրված. մինչդեռ անցած երկու օրերի ընթացքում մենք էլի զոհեր ենք ունեցել:
Կարծում ենք, որ ՊՆ խոսնակը նման իրավիճակում պետք է բոլոր լրագրողների հարցերին պատասխանի՝ նրանց բացատրելով, թե ինֆորմացիայի որ մասն է բխում մեր երկրի շահերից, որն է հակասում: Դժվար թե գտնվի որեւէ հայ, որը մեր երկրի շահերին հակասող հրապարակում անի: Ընդգծում ենք՝ մեր երկրի շահերին, այլ ոչ թե բանակի որեւէ պաշտոնյայի անձնական շահերին: Դրանք տարբեր բաներ են: Իսկ եթե, այնուամենայնիվ, կլինեն այնպիսիները, որոնք իսկապես մեր երկրի դեմ կգնան, բոլոր իրենց հարգող լրատվամիցոցներն էլ կդատապարտեն այդ պահվածքը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
ՊՆ-ին խիստ անհրաժեշտ է վերանայել մամուլի ծառայության աշխատաոճը եւ հատկապես աշխատակիցներին, այլապես գրեթե պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում ինֆորմացիոն քաոսը անխուսափելի կլինի:
Հ. Գ. Յուրաքանչյուր դեռահաս, հեշտությամբ կարող է բացել Արծրուն Հովհաննիսյան անուն ազգանունով կեղծ էջ՝ որքան ցանկանա, եւ տարածի՝ ինչ կամենա: Այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի՞. էլի լրատվամիջոցնե՞րը, որոնք «կեղծ լուրեր» են տարածում: Չէ՞ որ ինքը՝ Արծրունն է ասում, որ ողջ ազգը պետք է հետեւի իր ֆեյսբուքյան գրառումներին: Ի դեպ, այնտեղ լինում են նաեւ գովազդային ընդմիջումներ՝ արցախյան կոլորիտով:
Համաձայնեք՝ իսկապես ամոթալի վիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ Armlur.am կայքի խմբագրակազմ