Ագրարային կրթություն՝ յուրահատուկ և կարևոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (նախագահ` Սամվել Սարգսյան) նիստը:

Ագրարայինը խոշոր և եզակի գիտակրթական հաստատություն է և անցած տարվա գլխավոր առաջնահերթություններից մեկը գիտական կենտրոնների, պրոբլեմային լաբորատորիաների, ուսումնափորձնական տնտեսությունների նյութատեխնիկական ապահովվածության թարմացումն ու արդիականացումն էր: Այս առումով ամենաընդգրկունն ու արմատականը, թերևս, գյուղմեքենաների ողջ պարկի նորացումն էր: Ընդ սմին, մեծ և կարևոր էր ՀՀ կառավարության եւ ԿԳՆ օժանդակությունը: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում» դրամաշնորհը հնարավորություն ընձեռեց ժամանակակից գյուղտեխնիկա ունենալու համար:

Վերջին տարիներին Ագրարայինի գործունեության ամենագլխավոր ուղղություններից մեկը Արցախում համալսարանի մասնաճյուղի ստեղծումն էր: Շատ շուտով կրթօջախը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի: 2015-ին նախանշվող հիմնարար ծրագրերից է ԼՂՀ-ում ուսումնաարտադրական տնտեսության հիմնումը, որը տեսանելի ապագայում կարող է վերածվել ուսանողական իսկական ավանի, որտեղ իրենց աշխատանքային գործունեությունը կկարողանան ծավալել նաև այլ բուհերի ուսանողները: ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքում Արցախի տնտեսությունը շատ շուտով հուսալի պատվար, նեցուկ կունենա:

Ի դեպ, աշխատանքային գործունեության մասին: ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը համոզված է, որ ագրարային կրթության առանձնահատկությունն այն է, որ տեսականի հետ անփոխարինելի նշանակություն ունեն գործնական գիտելիքները: Ուստի, այս բուհում սովորողները պետք է ունենան աշխատանքային կիսամյակ, որ հասցնեն ճանաչել, զգալ մասնագիտության առանձնահատկությունները:

ՀԱԱՀ-ը միջազգային համագործակցության ծրագրերի իրականացման բարի ավանդույթներ ունի: Համագործակցության եվրոպական, հետխորհրդային, ամերիկյան հասցեների թվում անցյալ տարի ավելացավ ևս մեկը` Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ և պետական համալսարանը:

ՀԱԱՀ-ում վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում որակի ներքին վերահսկմանը: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի պատրաստել աշխատաշուկայում մրցունակ կադրեր:

Հոգաբարձուների խորհուրդը որոշեց և ամրագրեց, որ ուսման վարձավճարի փոփոխություն եկող ուսումնական տարում չի լինի, իսկ աշխատավարձերը կբարձրացվեն տասը տոկոսով:




Լրահոս