Աղբյուրից ծորակ՝ ձեռք ձեռքի. դարձնենք 2015-ը ավելի ջրառատ տարի
(«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. դեկտեմբերին)
Ամանորին երևանցին ջրի խնդիր չունեցավ: Տարեվերջին` հեռուստաալիքներից մեկին տված իր ամփոփիչ հարցազրույցում «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը խոստացավ, որ տոնական օրերին երևանցիները ջուր կունենան լիուլի: Ընկերությունը հավատարիմ մնաց իր խոստմանը: Չնայած այդ օրերին ջրի սպառման ծավալների ավանդական ավելացմանը` «1-85 հեռախոսային կենտրոնում» հեռախոսազանգերի թիվը կտրուկ նվազեց: Անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 81,4%-ը (4,4% ավելի, քան նոյեմբերին), 17-23,5 ժամ՝ 15,2%-ը, իսկ 12-17 ժամ՝ ընդամենը 3,4%-ը: Ավելին, նման հաջողությունը ձեռք բերվեց ջրի շարունակական տնտեսման պարագայում:
Անցյալ տարվա վերջում հայտարարվեց նաև, որ ձմռան ցրտերով պայմանավորված շինարարական աշխատանքները համակարգում կդադարեցվեն: Այս խոստմանը, սակայն, «հավատարիմ մնալ չստացվեց». օգտվելով եղանակի բարեհաճությունից` համակարգում «ձեռքները ծալած չնստեցին» և շարունակեցին շինարարական աշխատանքները:
Այսպես, Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Դավիթ Բեկի փողոցից դեպի Հունան Ավետիսյան փողոց ձգվող ջրագիծը, որը կառուցված էր այսպես կոչված ժապավենային խողովակից, երկար տարիների շահագործումից քայքայվել էր ու վայրկյանում մոտ 10 լիտր ջրի կորուստ առաջացրել: Որոշվեց վթարված ջրագիծը հանել շահագործումից և դրա միջով «ներսրսկել» մոտ 60 մ երկարություն ունեցող 150 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակ: Արդյունքում քաղաքի այդ հատվածում բարձրացվեց ջրի ճնշումը և ապահովվեց կանոնավոր ջրամատակարարում:
Ոչ պակաս խնդրահարույց էր Վերին Շենգավիթի 1-ին փողոցի ջրագիծը: Տարերայնորեն կառուցապատված թաղամասի այդ հատվածում ջրագծերը խճողված էին` բնակիչների կողմից կամայականորեն անցկացված, ինչն էլ մշտապես խնդիրներ էր առաջացնում: Այդ իսկ պատճառով «Երևան Ջուր»-ը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին ձեռնամուխ եղավ փողոցում նոր ջրագծի անցկացմանը: Տեղական իշխանությունն իրականացրեց հողային աշխատանքները, իսկ ընկերությունը սեփական միջոցներով մոնտաժեց 150 մետր երկարությամբ պոլիէթիլենե նոր ջրագիծ, որին բնակիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին միացնել իրենց անհատական ջրագծերը: Դրա շնորհիվ շենգավիթցիներն ունեցան կանոնավոր ջրամատակարարում, որն իրոք ցանկալի նվեր էր նրանց համար նոր տարվա շեմին:
Իսկ պլանավորված աշխատանքներից դեկտեմբերին ամբողջությամբ ավարտվել են նախորդ ամիսներին սկսված մի շարք ծրագրեր: Դրանք են` Եղվարդի Շիրակի փողոցի ջրագծի կառուցումը, Նոր Արեշի 3-րդ և 5-րդ փողոցների ջրագծի փոխարինումը, Խորեն Խաչատրյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից մինչև Լենինգրադյան 52 ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, Սունդուկյան 1, Բաղրամյան 70 և Դեմիրճյան 31 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 47 մանկապարտեզի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 35 մանկապարտեզի և Բաշինջաղյան 184 շենքի կոյուղագծերի վերակառուցումը, Բաբաջանյան 79-87 և Անդրանիկի 158 շենքերի կոյուղագծերի վերակառուցումը:
Թեկուզեւ, իրոք, դեկտեմբերը շինարարության առումով ակտիվ ամիս չէր, միեւնույն է ընդհանուր առմամբ համակարգում զգալի աշխատանք է կատարվել: Այսպես, կառուցվել է 1201 մետր պոլիէթիլենե և 522 մետր մետաղական ջրագիծ, փոխարինվել` 239 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 3028 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 592 ջրագծի վթար, 2085 կոյուղու վթար և 184 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 33 փական և 12 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 40 ջրաչափ, մաքրվել է 15 դիտահոր և 598 անձրևընդունիչ:
«Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1504 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:
Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Փաստացի ջուր սպառող բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 603-ով և կազմել 342 244: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով 2013թ. դեկտեմբերի համեմատ ավելացել է 0,1 մ3-ով եւ կազմել է 12,1 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 325 տարաբնույթ ակտ, 28-ը՝ բաժանորդների մոտ ապօրինի ջրագծի հայտնաբերման, իսկ 113-ը՝ ոչ բաժանորդների կողմից ջուր սպառելու վերաբերյալ:
Դատելով հունվարի առաջին կեսի արդյունքներից` 2015-ը ընկերությունը նույնպես լավ է սկսել. դեկտեմբերին արձանագրված առաջընթացը շարունակվել է բոլոր ուղղություններով: Հավատարիմ իր կարգախոսին՝ «Աղբյուրից ծորակ՝ ձեռք ձեռքի»
«Երեւան Ջուր»-ը նպատակամղված է սպառողների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ ընթացիկը դարձնել ավելի ջրառատ տարի:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. դեկտեմբերին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն