ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ԿՈՒԳԱՆ ՈՒ ՉԵՆ ԵՐԹԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ» ընկերությունը դիմել է ՌԴ կառավարությանը՝ ԱՊՀ երկրներին ու ՌԴ ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը կտրուկ բարձրացնելու հարցով: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում բարձրանալու է ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գինը` իր բոլոր հետեւանքներով:
Ներկայում ՀՀ սահմանի մոտ գազը վաճառվում է 1000 խորանարդ մետրը 180 դոլարով, իսկ «Գազպրոմ»-ը նախատեսում է հոկտեմբերին գինը դարձնել 280, հունվարից՝ 320 դոլար: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ գազի սակագնի նման փոփոխությունը, հայտնի է ամենքին. ընդամենը նշենք, որ այն իր հետ կբերի ապրանքների ու ծառայությունների սակագնի  կտրուկ բարձրացում, ինչն էլ կարող է հանգեցնել սոցիալական լուրջ դժգոհությունների: Առավել եւս, երբ սա առաջին դեպքն է, որ ռուսական կողմը գազի սակագինը բարձրացնում է այդպես շեշտակի՝ գրեթե կրկնակի չափով:
Ուշագրավն այն է, որ գազի սակագնի բարձրացումը տեղի է ունենում նախագահական ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, սա Հայաստանի իշխանություններին միակ տհաճ անակնկալը չէ. բոլորովին վերջերս էլ ԵՄ-ն հրաժարվել էր Հայաստանին հատկացնել խոստացված 1.5 մլրդ եվրոն: Այդ գումարը ստանալուն չօգնեց ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ո՛չ էլ անձամբ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցը: Այնպես որ, այս ամենի արդյունքում ականատեսը կլինենք իշխանությունների հերթական ձախողումների: Առավել եւս, երբ իշխանությունները կարծես թե որեւէ կերպ հաջողության չեն կարող հասնել նաեւ գազի սակագնի շուրջ բանակցություններում: Երեկ էներգետիկայի նախարարությունը հաստատել է ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու փաստը, սակայն չի հայտնել որեւէ մանրամասն՝ ասելով, որ արդյունքների որոշակիացման դեպքում տեղյակ կպահեն:
Կատարվողը, թերեւս, ուշագրավ է մեկ այլ առումով: Գազի սակագնի բարձրացումը հայտնի էր դեռ վաղուց, սակայն իշխանությունները, ինչպես միշտ, այս հարցում եւս անպատրաստ են: Առ այսօր նրանք ոչ միայն որեւէ քայլ չեն արել սակագնի բարձրացման հետեւանքները կանխելու հարցում, այլեւ նույնիսկ այդ փաստը հաշվի չի առնված կառավարության ծրագրում: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանը փորձում էր չտեսնելու տալ սպասվող տնտեսական ճգնաժամը՝ համոզմունք հայտնելով, թե այն կշրջանցի Հայաստանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, խոսելով այս մասին, ասաց. «Գազի սակագնի բարձրացումն էականորեն կազդի մեր կենսամակարդակի վրա: Բայց կառավարության ներկայացրած ծրագրում այս հանգամանքն ամենեւին էլ հաշվի չի առնված: Հաշվի չեն առնված նաեւ դրա հետեւանքները տնտեսական ծրագրերում: Ու եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանում գազի սակագինն ավելի բարձր կլինի, քան Եվրոպայում»: Իսկ  պատճառը, ըստ Խաչատրյանի, այն է, որ ՌԴ-ից Հայաստան գազի սակագինն այլ է, ՀՀ ներսում՝ այլ, ընդ որում՝ ավելի բարձր: «Իշխանությունները մտածված հնարավորություն են տալիս «Հայռուսգազարդ»-ին ստանալ գերշահույթներ՝ ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների: Սահմանի վրա գազը վաճառվել է 150-200 դոլար, իսկ Հայաստանի ներսում՝ 300-340 դոլար»,- նշեց նա: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ այս ընթացքում իշխանությունները պետք է որոշակի քայլեր անեին՝ ի սկզբանե մեղմելու համար գազի սակագնի բարձրացման հետեւանքները. «Պետք է տնտեսությունը պատրաստեին դրան: Բայց նրանք ոչինչ չեն արել՝ ո՛չ աշխատավարձն են բարձրացրել, ո՛չ նպաստը, ո՛չ թոշակը»:
Նա նաեւ մեկ ուշագրավ բացահայտում արեց. Խաչատրյանի խոսքերով՝ այս ընթացքում եւս ռուսական կողմը բարձրացրել է գազի սակագինը, պարզապես իշխանությունները, ի հաշիվ «Հայռուսգազարդ»-ի, կարողացել են Հայաստանում այդ գինը թողնել անփոփոխ ու թաքցնել: «Երբ դիտում ես արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները, հստակ երեւում է, որ այսօր արդեն սահմանի վրա գազը գնում ենք 220-230 դոլարով՝ նախկին 180-ի փոխարեն: Այսինքն՝ 40 դոլարով արդեն իսկ բարձրացրել են գինը, պարզապես «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին երկրի ներսում կարիք չեն ունեցել դիմելու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,-նշեց Խաչատրյանը: Նա կարծում է, որ նախագահի ընտրությունների նախաշեմին իշխանությունները կփորձեն գազի սակագնի բարձրացումը այդպես մեղմել, իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ սակագինը բարձրացնեն շեշտակի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս