ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԻ ԲԱԽՏ
Հայտնի են դարձել Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված 6 հայերի անունները: Նրանք են.
1. Բոգոկիյան Սուսաննա Ռաֆիկի,
2. Դավթյան Զավեն Թեւոսի (ծնվ. 1968-ին),
3. Կապուստյան (անունը չի նշվում),
4. Մեդոլյան Տատյանա Վասիլիի (ծնվ. 1935-ին, Կրիմսկ),
5. Շահբարյան Հովհաննես Գրիգորի (Նովորոսիյսկ),
6. Շահբարյան Լիդիա Ստեփանի (Նովորոսիյսկ):
Հիշեցնենք, որ ջրհեղեղի հետեւանքով Կրիմսկ, Գելենջիկ եւ Նովորոսիյսկ քաղաքներում 171 մարդ է զոհվել:

ՄՆԱՑԻՆ ԵՐԵՔՈՎ
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում կպայքարեն երեք թեկնածուներ՝ Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Սողոմոնյանը: Նախօրեին նախագահի թեկնածուներից մեկը՝ Վալերի Խաչատրյանը,  ինքնաբացարկ է հայտարարել:

ԷԼԻ ՆԵՄԵՑԻ ԴԵՄ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանի որոշմամբ՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ հրապարակայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին եւ արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Հայցվորի  ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ընթացքում Ռ. Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունն արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը: Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռ. Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից եւ բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ: Նախնական դատական նիստը նշանակված է 2012թ. հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին:

ՇԱՀԵՑ ԴԱՏԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որի արդյունքում  ՀՀ կառավարությունը Գրիգորյանին պետք է հատկացնի 2500 եվրո։ Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը, որը Բուզանդի փողոցի՝ պետական կարիքների համար իրենց տներից վտարված բնակիչների փաստաբանն էր, 2005-ի հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էր խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։

ՉՓՐԿՎԵՑ
Հուլիսի 10-ին՝ ժամը 14:15-ին, ջրափրկարարները Սեւանա լճից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 16-ամյա Նարեկ Ալեքսանյանին եւ տեղափոխել Սեւան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, պատանին մահացել է:

ԾԻՐԱ՛Ն ԿԵՐԵՔ
Հուլիսի 10-ի դրությամբ արտահանվել է 8430 տոննա ծիրան, այն դեպքում, երբ ամբողջ 2011թ. արտահանվել է ընդամենը 7031 տոննա: Ծիրանի արտահանումը շարունակվում է, եւ մինչեւ բերքաշրջանի ավարտը դրա ծավալները զգալիորեն կաճեն:

ՀՈՎԻԿՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է իրեն դիմած «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Ժառանգություն» խմբակցությունների նամակին, որով պահանջվում է հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ: Նա նշել է, որ  «ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի»:




Լրահոս