Տևական ժամանակ է` լարվածություն է ստեղծվել ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակիչների և «Գրեյթ Ռեդմետ» ընկերության միջեւ: Բանն այն է, որ նշված ընկերությունը Ֆիոլետովո գյուղից մոտ 3.000 մ հեռավորության վրա առաջիկայում պետք է ոսկու հանք շահագործի: Նշենք, որ այս գյուղը հիմնականում մոլոկաններով է բնակեցված, որոնք կտրականապես դեմ են հանքի շահագործմանը: Դա անթույլատրելի են համարում նաեւ բնապահպանները` ահազանգելով, որ ոսկու հանքավայրն իր բացասական ազդեցությունը կթողնի ոչ միայն Ֆիոլետովո, այլեւ Լերմոնտովո եւ Մարգահովիտ գյուղերի վրա:
Բնապահպանների խոսքով՝ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը շահագործել բաց եղանակով: Նախագծի համաձայն` Ֆիոլետովոյի ոսկու հանքաերեւակումը գտնվում է Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի հարավ-արեւելք 500 մ, Աղստեւ գետի աջ ափին գտնվող, ծովի մակարդակից 1.693.1 մ բացարձակ նիշ ունեցող բլրակի մերձակայքում: Հիմնական ջրային արտերիան Աղստեւ գետն է՝ իր բազմաթիվ վտակներով: Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտը տեղակայվելու է բացահանքից 1.3 կմ հեռավորության վրա, ընդհանուր մակերեսը` մոտ 4 հա: Տեղեկացնենք, որ Աղստեւ գետի հունին զուգահեռ անցնում է Հրազդան-Դիլիջան երկաթգիծը եւ Վանաձոր-Դիլիջան ավտոմայրուղին, որի հետ հանքաերեւակումը կապված է 700 մ գրունտային ճանապարհով:
Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, եւ տարեկան արդյունահանվելու է 37 հազար տոննա հանքաքար: Այն տեղափոխվելու է Արմանիսի կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:
Ըստ նախագծի` հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երեք համայնքներ` Ֆիոլետովո, (հանքավայրից հեռավորությունը` 2.7 կմ), Մարգահովիտ՝ (հանքավայրից հեռավորությունը` 11.1 կմ) եւ Լերմոնտովո՝ (հանքավայրից հեռավորությունը` 7 կմ): Նախագծի վերաբերյալ հանրային լսումները տեղի են ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 16-ին: Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ «Գրեյթ Ռեդմետ» ընկերությունը մտադիր է հանքը բաց եղանակով շահագործել, որը լինելու է 100 մետր խորության վրա: Եւ քանի որ այդ տարածքը լեռնային է, երեք գյուղի բնակիչները չեն կարողանալու ոռոգել իրենց պտղատու այգիները, բացի այս՝ հնարավոր է, որ զրկվեն խմելու ջրից:
Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ այս պահին «Գրեյթ Ռեդմետ» ընկերության ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը բնապահպանության նախարարության բնապահպանության փորձաքննության փուլում է, եւ դեռ պարզ չէ՝ նախագծի փորձաքննությունը դրական եզրակացություն կստանա՞, թե՞ ոչ:
Իսկ Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ոսկու հանքավայրի շահագործումը կարող է նաեւ խնդիրներ առաջացնել անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար, քանի որ հանքը գտնվում է հենց արոտավայրերի վրա: Նշենք, որ Ֆիոլետովոյի բնակիչներն այս խնդրով դիմել են նաեւ Սերժ Սարգսյանին: Սակայն անարդյունք: «Ողջ գյուղը դեմ է ոսկու հանքավայրի շահագործմանը: Այդ հանքավայրի շահագործմամբ գյուղը կկորցնի հողատարածքի մեծ մասը: Իրենք պետք է ներկայացնեն համապատասխան օրինական փաստաթղթեր՝ փորձաքննություն անցած»:
Ոսկու հանքավայրի շահագործումից մտահոգված են ոչ միայն Ֆիոլետովոյի բնակիչներն ու բնապահպանները, այլեւ Մարգահովիտի եւ Լերմոնտովոյի բնակիչները: Լերմոնտովոյի համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ իրենց համայնքում նույնպես բնակիչները լարված են ու մտահոգ: «Մեր գյուղի բնակիչներն էլ են անհանգստացած, քանի որ ավելի քան 100 մետր խորությամբ փոս են փորելու, ինչի արդյունքում մեր երեք գյուղերն էլ կարող են զրկվել ջրից: Այնուամենայնիվ, ինչ-որ բացասական ազդեցություն կունենա: Բայց այս պահին անորոշ է. մենք հստակ չգիտենք՝ կշահագործվի՞ ոսկու հանքավայրը, թե՞ ոչ»,- ներկայացրեց գյուղապետ Չախալյանը: Նա նաեւ հավստիացրեց, որ հարկ եղած դեպքում Լերմոնտովոյի բնակիչները նույնպես կմիանան Ֆիոլետովոյի բնակիչներին: Նման հավաստիացում կա նաեւ մարգահովիտցիներից:
Տեսակետ կա, որ հանքավայրի շահագործումն իր բացասական ազդեցությունը կթողնի նաեւ Դիլիջանում գործող միջազգային դպրոցի վրա: Ի դեպ, հանքավայրի շահագործման հետ կրկին կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վարդան Այվազյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ճիշտ են անում բնակիչները, որ բողոքում են»:
Իսկ «Գրեյթ Ռեդմետ» ընկերության հետ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կապ հաստատել: Միայն պարզեցինք, որ ընկերությունը ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում գրանցված է, իսկ հիմնադիրները երեքն են՝ Վարդան Մարգարյանը, Հասմիկ Հարությունյանը եւ Մայրեն Բատոյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ