ԳՈՐԾԸ ՇԵՂՎՈՒՄ Է ՈՒՂՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը չի շտապում փոխել Վահե Ավետյանի սպանության գործով կալանավորվածների` ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների մեղադրանքը:
Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը հայտարարեց,  որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Վահե Ավետյանի մահը հետեւանք է պատճառված վնասվածքների. «Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո մենք պետք է կատարենք անհրաժեշտ այլ քննչական գործողություններ եւ ձեռք բերված ապացույցների մեջ կանդրադառնանք այս վեց մեղադրյալների մեղադրանքների փոփոխության հարցին»:
Այվազյանը նշեց, որ ապացուցված է այն հանգամանքը, որ ծեծի ենթարկողներից բոլորն էլ ռեստորանային համալիրի գրանցված աշխատակիցներ են, իսկ Ռ. Հայրապետյանը չի եղել ռեստորանում: «Դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը եղել է Սեւանում եւ ժամը 19-ի սահմաններում կես ժամով եղել է «Հարսնաքար» ռեստորանում, ապա ֆուտբոլի ակադեմիայում»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայրապետյանը՝ որպես վկա, հարցաքննվել է հուլիսի 6-ին քննչական գլխավոր վարչությունում, եւ նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել: «ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի համաձայն՝ կարելի է մեղադրանք առաջադրել բավարար ապացույցների պայմաններում, որոնք վկայում են նրա մասնակցությունը դեպքին, իսկ մենք գեթ մեկ ապացույց չունենք նրա մասնակցության վերաբերյալ»,-Հայրապետյանին փորձեց փրկել Ա. Այվազյանը:
Մինչդեռ օրերս Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ասել էր, թե «Հարսնաքար»-ի միջադեպի գործով կալանավորվածների մեջ կան Հայրապետյանի թիկնազորի անդամներ: Սակայն Այվազյանը երեկ հակառակն էր պնդում: Ստացվում է, որ փորձ է արվում իրավիճակը մեղմացնել կամ Հայրապետյանին «ջրից չոր հանել»:
Ա. Այվազյանն անդրադարձավ նաեւ վարկածներին, թե Վ. Ավետյանին եւ նրա ընկերներին ծեծողները 15-ն են եղել. «Դա՝ որպես վարկած, քննվում է, նախաքննությունը շարունակվում է, բայց ներկա փուլում ծեծի ենթարկողները եղել են 6-ը»: Բանախոսի տեղեկացմամբ՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում տեսախցիկներ տեղադրված չեն եղել, ինչը եւս տարօրինակ է:
Քննչական բաժնի բերված փաստարկները «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը տարօրինակ համարեց: «Ես հիշում եմ Արտակ Բայադյանի պատմածը «Ազատություն» ռ/կ-ին, որտեղ նկարագրում էր, թե ինչ է տեղի ունեցել, եւ միայն այն փաստը, որ գործով այսօր 10-ից պակաս մարդ չկա ձերբակալված, ինձ համար տարօրինակ է: Այդ ինչպե՞ս է պատահում, որ 5 հոգին կարողանում են 5 հոգու ծեծել, այն էլ մահացու, ինչպես Վահեի դեպքում էր: Արտակ Բայադյանը պատմում էր, որ իրենցից ամեն մեկը շրջապատված է եղել 4-5 մարդկանցով: Չեմ կարծում, որ Բայադյանը շահագրգռված է եղել մարդկանց թիվն ավելացնելու»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ հետաքրքիր կլինի պարզել, թե Բայադյանն ինչ ցուցմունք է տվել ոստիկանությունում, եթե նա այնտեղ կրկնել է նույնը, ինչ ասել է «Ազատության»-ը, ապա այստեղ հարց է առաջանում՝ ինչ շահագրգռվածություն ուներ քննչական մարմինը մյուսներին խնայելու հարցում:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երրորդ տուժողը դեպքից մեկ օր հետո է հոսպիտալ դիմել: Մեր հարցին, թե ինչն է եղել դրա պատճառը, Արսեն Այվազյանն ասաց. «Գարիկ Սողոմոնյանի մասին է խոսքը, ինքը կլինիկական արդինատոր է` այսինքն՝ մասնագիտությամբ բժիշկ, փորձել է ինքնաբուժմամբ զբաղվել, սակայն հետագայում տեսել է, որ վիճակը վատ է, դիմել է բժշկի: Նշեմ, որ նա քթի կոտրվածք էր ստացել, հիմա հիվանդանոցից դուրս է գրվել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս