Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը զարմացնում է նաեւ իր կադրային քաղաքականությամբ: Ավելի ճիշտ պատգամավորական կորպուսի ձեւավորմամբ:
Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ շարքերում տեղ էին գրավել այնպիսի նշանավոր գործարարներ, ինչպիսիք էին Ռոբերտ Զաքարյանը, Ռոբերտ Թովմասյանը եւ էլի մի քանի հոգի, ապա այս անգամ Ծառուկյանը որոշել է զարմացնել այնպիսի մարդկանց ներկայությամբ, որոնք որեւէ կապ չունեն քաղաքականության ու քաղաքական գործունեության հետ, որոնց կենսագրություններն այն տպավորությունն են ստեղծում, թե կա՛մ Հայաստանը վերադարձել է խորհրդային ժամանակներին, ու կոլխոզ-սովխոզային կադրերի ներկայությունը դարձել է պարտադիր՝ այսպես հարգելով բանվորների եւ գյուղացիների անխախտ դաշինքի «գաղափարաբանությունը», կա՛մ էլ մեր մի շարք կուսակցություններ այնքան են աղքատացել կադրային հարցում, որ իրենց շարքերում տեղ են տալիս անծանոթ-անկենսագրություն մարդկանց:
Այդ մարդկանցից մեկն էլ Արմեն Ավետիսյանն է: Ո՞վ է այս մարդը, ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ, ինչո՞վ է նշանավոր դարձել «Բարգավաճ Հայաստան»-ում, որ Գագիկ Ծառուկյանը նրան գերադասել է մի շարք նվիրյալ ու ակտիվ ԲՀԿ-ականներից: Այս հարցի պատասխանը մնում է Ծառուկյանի մեծագույն առեղծվածներից մեկը:
Արմեն Ավետիսյանը 41 տարեկան է, ծնվել է Լոռու մարզի Մեդովկա գյուղում: 1988-ին ընդունվել է Օդեսայի գյուղատնտեսական ինստիտուտը, բայց 1990-ին տեղափոխվել է Երեւան եւ ուսումը շարունակել անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում: Սովորել է անասնաբուծության ֆակուլտետում եւ ստացել անասնաբույծ-ճարտարագետի որակավորում: Կենսագրության մեջ ոչինչ չկա բանակում ծառայելու մասին: Փոխարենը 1993-1995թթ. աշխատել է «Նարեկ» գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսությունում որպես գլխավոր անասնաբույժ:
Հետո երկու տարի ընդհատվում է Արմեն Ավետիսյանի կենսագրությունը, եւ նշվում է, որ 1997-2012թթ. եղել է Մեդովկա համայնքի գյուղապետի տեղակալ: Կենսագրության որոնումներում հայտնաբերեցինք, որ Արմեն Ավետիսյանը փոխգյուղապետի պաշտոնը կատարելուն զուգընթաց զբաղվել է ֆերմերային գործունեությամբ: Այսինքն՝ մարդը բարի գործ է կատարել, կաթի արտադրությունն է զարգացրել եւ 2011թ. Լոռու մարզում ճանաչվել է լավագույն ֆերմեր` կաթի արտադրության եւ իրացման առավել բարձր ցուցանիշ ապահովելու համար: Տեսնո՞ւմ եք, Գ. Ծառուկյանը որոշել է ԱԺ-ն հարստացնել ոչ միայն օրինաստեղծ գործունեությամբ զբաղվողներով, այլեւ ֆերմերներով, այն էլ փոխգյուղապետի աշխատանքային փորձով:
Պարզեցինք, որ Ավետիսյանը Մեդովկայի գյուղապետի տեղակալի պաշտոնն էլ հենց այնպես չի ստացել: Ավետիսյան ազգանունն է կրում նաեւ գյուղապետ Սամվելը, ում հետ ամենասերտ ազգակցական կապ ունի այժմ պատգամավոր դարձած մյուս Ավետիսյանը: Ստացվում է, որ այս փոքրիկ գյուղում, որը գտնվում է Տաշիրի ենթաշրջանում, Ավետիսյանները վաղուց իրենց տիրապետությունն են հաստատել: Գյուղապետի ու նրա տեղակալի վերաբերմունքն իրենց հանձնված գյուղի հանդեպ այնքան անտարբեր ու անփույթ է եղել, որ բույսերի ֆիտոֆորա հիվանդության մեկ դեպք է գրանցվել Մեդովկա համայնքում` կարտոֆիլի դաշտում. հիվանդության հետեւանքով կարտոֆիլի բերքատվությունն ընկել է շուրջ 60%-ով: Գյուղապետն ու տեղակալը ոչինչ չեն արել, անգամ չեն նպաստել այն բանին, որ գյուղացիներն իրենց կորցրածի դիմաց հատուցում ստանան: Փոխարենը, ինչպես գյուղացիներն են ասում, Արմեն Ավետիսյանն աչքի լույսի պես է պահում իր ֆերմերային տնտեսությունը, կարողանում է լուծել միայն իր անձնական հարցերը: Պարզվեց, որ Ավետիսյանները գրեթե ոչինչ չեն արել նաեւ գույքահարկի հավաքագրման հարցում: Ինչպես մեզ տեղեկացրին Լոռու մարզպետարանից, հատկապես 2010թ. Մեդովկայում 40 տոկոսով նվազել է գույքահարկի հավաքագրումը…
Ինչպես տեսնում ենք, Ազգային Ժողովը համալրվել է մի պատգամավորով, որը, իհարկե, չի կարող պարծենալ իր ունեցվածքով այնպես, ինչպես, ասենք, Բուռնաշը կամ էլ հենց ԲՀԿ առաջնորդը, նրա կենսագրության մեջ քրեական պատմություններ էլ չկան, բայց կարեւորն այն է, որ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է «գյուղական բուրժուազիան»: Այսինքն՝ Պռոշյանի ցեցերը բարեփոխվել ու դարձել են ֆերմերներ, փոխգյուղապետեր ու արդեն ԲՀԿ-ի թեթեւ ձեռամբ` նաեւ պատգամավորներ…
ՓՈԽԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ