ՀԱՇՎԵՆԿԱՏ ՎԱՇԽԱՌՈՒՆ ԵՎ ԱԳԱՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օր օրի հարստանում է: 2011թ. վերջին ՀՀ նրա դրամական միջոցները կազմել են 35 միլիոն դրամ եւ 859 հազար ԱՄՆ դոլար: Ըստ «Հետք»-ի՝ այդ տարի վարչապետին եկամուտ են բերել նաեւ 3 միլիոն 334 հազար 80 դրամ աշխատավարձը, 211 հազար դրամ դասախոսությունից ստացած վճարը, ինչպես նաեւ 3 տարբեր ավանդներից ստացած տոկոսավճարները, համապատասխանաբար` 12 մլն 30 հազար, 214 հազար 221 եւ 16 միլիոն 897 հազար 257 դրամ:
Համեմատության համար նշենք, որ Տիգրան Սարգսյանը 2009-ին ուներ 17 միլիոն 247 հազար 707 դրամ եւ 22 հազար 116 դոլար:
Պակաս կարողության տեր չէ նաեւ վարչապետի տնային տնտեսուհի կինը` Գոհար Սարգսյանը: Ըստ հայտարարագրի՝ նա ոչ մի տեղ չի աշխատում, սակայն 2011-ի տարեսկզբին ունեցել է 12 միլիոն դրամ եւ 119 հազար 823 դոլար, իսկ տարեվերջին հասցրել է ավելացնել դրամական միջոցները` 15 միլիոն դրամ եւ 128 հազար 920 դոլար:
Վարչապետի կնոջը եկամուտ է բերում նաեւ բանկում ունեցած ավանդի տոկոսավճարը` 3 մլն 480 դրամ եւ վարձակալությունից ստացած եկամուտը` 10.000 եվրո:
Վարչապետն անշարժ գույքի պակաս էլ չունի: Նա Երեւանի Չարենցի փողոցում ունի 122.16 քմ մակերեսով բնակարան, նույն հասցեում 48.2 քմ ավտոտնակ, համատեղ սեփականությամբ 92.8 քմ մակերեսով բնակարան Բաղրամյան փողոցում, 133.9 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.05 հա հողամաս Վշտունու փողոցում, 95.7 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.1 հա հողամաս Նուռնուս գյուղում, ինչպես նաեւ 0.2938 հա հողամաս Դիլիջանում:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է Տիգրան Սարգսյանը կարողացել հարստանալ, եթե երկրում աղքատության մակարդակը գնալով աճում է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցադրումը թողնում եմ առանց մեկնաբանությունների:

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ կարծում եմ, որ այն, ինչ ներկայացված է վարչապետի հայտարարագրում, լիովին չի արտացոլում նրա կարողությունները: Տիգրան Սարգսյանն իր միջոցների մասին նշելիս մի փոքր համեստություն է արել: Տարիներ շարունակ ԿԲ-ում դոլար-դրամ փոխարժեքի մանիպուլյացիաներով զբաղված, ՀՀ ոսկու պաշարը կասկածելի էժան գնով վաճառած, իսկ վարչապետի կարգավիճակում մի քանի միլիարդ դոլար արտաքին պարտք արած ու այդ միջոցներն անհասկանալի ձեւով բաշխած ազգային օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկի համար մի քանի միլիոն դրամն ու մի քանի հարյուր հազար դոլարն իրականությունից հեռու թիվ է: Բարեպաշտության մասին տիգրանսարգսյանական դասախոսություններին պետք չէ խաբվել: Վարչապետի համեստ դիմակի տակ թաքնված է հաշվենկատ վաշխառուն եւ ագահ առեւտրականը: Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանի հարստանալու ֆենոմենին այն դեպքում, երբ երկրում աղքատությունն ավելանում է, ապա այդ մասին հայտնի հեղինակներ Իլֆն ու Պետրովը փայլուն աշխատություն ունեն: Ինչպես հայտնի է, «Ոսկե հորթը» գործի մեջ կար հաշվետար Կորեյկոն, որն ընդհատակյա միլիոնատեր էր: Կորեյկոն էլ էր հաջողացրել միլիոնատեր դառնալ այն դեպքում, երբ երկրում աղքատություն էր ու սով:
Հետսովետական տարածքում առաջացած նորանկախ պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների երկու հիմնական տեսակ կա. մի տեսակը հարստանում ու ձեռք բերածը ծախսում է Օստապ Բենդերի ոճով, իսկ մյուս տեսակը՝ Կորեյկոյի: Տ. Սարգսյանը հաջողացրել է իր մեջ սինթեզել այս երկու տեսակները եւ դրան ավելացնել «ազգայինը»: Ահա եւ նրա հարստանալու բանաձեւը:

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆ
տնտեսագետ  

Հ.Գ. Հարցն ուղղել էինք նաեւ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանին, սակայն երկու օր շարունակ կառավարությունում մտածեցին եւ այդպես էլ մեր հարցի պատասխանը չգտան:

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս