Օրերս հերթական վայրագությունն է կատարվել Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված գիպսե արձաններից մեկի նկատմամբ: Այս անգամ հարձակման թիրախում հայտնվել է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դիմաց հանգրվանած բանաստեղծի արձանը: Ամբողջովին փշրվել են քանդակի ոտքն ու ձեռքը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ արձանը հանձնվել է գրադարանին եւ այն այլեւս քաղաքապետարանի տնօրինության տակ չի գտնվում:
«Չենք կարող ասել, թե արձանի պահպանության համար ով է պատասխանատու, ենթադրվում է, որ գրադարանը»,-նշեցին վարչությունից:
Այնինչ՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրենը, ով, չգիտես ինչու, խուսափեց ներկայանալ եւ ակնհայտորեն խուսափեց նաեւ դեպքի առնչությամբ որեւէ մանրամաս հայտնել, պատասխանատվության հետ կապված հակառակը պնդեց. «Մենք չենք պատասխանատու, այդպիսի բան չկա»:
Որոշ մանրամասներ ճշտելու համար մենք փորձեցինք զրուցել նաեւ գրադարանի տնօրենի հետ, սակայն մեզ հայտնեցին, որ նա մեկնել է արձակուրդի:
Պարզելու համար, թե ով է կանգնած կատարված վայրագության ետեւում եւ արդյոք կան վանդալիզմի գործով կասկածյալներ, «Ժողովուրդը» դիմեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն:
Այստեղից մեզ հայտնեցին, որ գրադարանի տնօրինությունը հրաժարվել է տվյալ դեպքի առիթով դիմել ոստիկանությանը. «Ոստիկանությունից հանցագործության նույն օրը գնացել էին գրադարան, սակայն տնօրինությունը հրաժարվել էր հաղորդում տալուց»,-ասացին մեզ:
Թե ի վերջո ով է պատասխանատու Ավետիք Իսահակյանի արձանի պահպանության համար, այդպես էլ պարզ չէ, պարզ չէ նաեւ, թե ով է վայրագության հեղինակը, եւ ամենակարեւորը՝ ինչու է գրադարանի տնօրինությունը հրաժարվել հանցագործության մասին հաղորդում տալուց:
Աննա Բաբաջանյան