Հազարավոր աշխատատեղեր, աղքատության կրճատում 8-10 տոկոսով, նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, ծնելիության ցուցանիշի աճ: Սա կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ուղենիշն է: Այս ոչ այնքան իրատեսական ծրագրի մեկնարկին, սակայն, գյումրեցիները սպասում են, որովհետեւ թվարկված ծրագրերը խիստ անհրաժեշտ են ոչ միայն Գյումրու, այլեւ հանրապետության զարգացման համար:
Գյումրեցի փորձագետները, սակայն, կարծում են, որ կառավարության ծրագիրը բարի ցանկությունների հռչակագիր է: Ո՛չ կառավարության նոր կազմից, ո՛չ էլ ծրագրից առանձնապես սպասելիքներ պետք չէ ունենալ՝ գտնում է ՀՊՃԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար Ջոն Ասատրյանը: Նա վարչապետի հայտարարությանը վերաբերում է թերահավատորեն. «Ծրագիրը թղթի վրա գրելն իհարկե հեշտ է: Չկան այն մեխանիզմները, որոնցով պետք է ստեղծվեն այդ աշխատատեղերը: Մարզային իշխանությունները նաեւ պետք է ձեռքը սեղանին խփեն ու պահանջեն, թե՝ էս ի՞նչ է մեր ժողովրդի վիճակը»:
Նորամուծությունների եւ ձեռներեցության ազգային կենտրոնի ղեկավար Գեւորգ Հովհաննիսյանը կարծում է, որ հարկավոր է դեմքով շուռ գալ դեպի արտադրությունը: «Առանց արտադրության, միայն առեւտրով բացառվում է երկրի զարգացումը»,-ասում է նա, իսկ ծրագիր կազմելն ու հասարակության դատին հանձնելը դեռեւս չի նշանակում արդյունավետ գործունեությամբ զբաղվել: Եւ քանի դեռ խոսքից գործի չեն անցնում, կառավարության հերթական ծրագիրը, ինչպես միշտ, կհանգրվանի պետական որոշ պաշտոնյաների դարակներում: «Հատկապես աշխատատեղերի ստեղծման հարցում պետք է հետեւողականորեն իրականացնեն ծրագրերը: Սա ոչ միայն կառավարության, այլեւ մարզի եւ քաղաքային իշխանությունների խնդիրն է, որ հատուկ զբաղվեն այս հարցերով: Հակառակ պարագայում արտագաղթը մարզից առաջիկայում կհասնի սարսափելի չափերի եւ մենք անդառնալի կորուստներ կունենանք»,-շեշտեց Գեւորգ Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ շուտով Գյումրին կարող է նմանվել Չեռնոբիլին, որտեղ շենքերը կանգուն են, սակայն որեւէ մեկը չի բնակվում դրանցում:
Էթնոժողովրդագիր Արտաշես Բոյաջյանը եւս իրատեսական չի համարում կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը: Ըստ նրա՝ պետք չէ մոռանալ, որ ծրագիր է ներկայացրել այն նույն կառավարությունը, որի գործունեության ընթացքում երկրում ավելացել է աղքատությունը, երկրից հեռացողների թիվը մեծացել է, մարդկանց կենսամակարդակը՝ նվազել, իսկ արտաքին պարտքը՝ հասել վտանգավոր չափերի. «Հաշվի առնելով նախկին փորձը, որ կառավարությունը ստանձնած պարտավորությունները հիմնականում չի կատարել, այս անգամ եւս թերահավատորեն ենք վերաբերում: Բայց կարծում եմ, որ ցանկության եւ աշխատանքի արդյունավետ կազմակերպման դեպքում կարելի է ստեղծել եթե ոչ 100.000 աշխատատեղ, ապա գոնե դրա 50 տոկոսը»:
Մեր զրուցակիցները նաեւ հավելեցին, որ քիչ կարեւոր է այն, թե ինչ ծրագիր է ներկայացվել, կարեւորն այն է, թե ովքեր են այն իրականացնելու: Իսկ կառավարությունն իր հին դեմքերով վաղուց է իրեն սպառել:
Գյումրի