Գյումրեցիները սարսափում են այն մտքից, որ հանցագործը կարող է ազատության մեջ լինել. Մելինե Գալոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի ձայնը-3» նախագծի շրջանակներում ժյուրիի անդամներին ցնցած եւ նախագիծը պայթեցրած Մելինե Գալոյանն իր մարզչի՝ երգիչ, երգահան Հայկոյի հետ անակնկալ է պատրաստում հանդիսատեսի համար, որի մասին, հուսով է, երկրպագուներն այս տարի արդեն կլսեն: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր ծրագրերին, նաեւ, որպես գյումրեցի, խոսել է հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից եւ գյումրեցիների շրջանում տիրող ներկայիս մթնոլորտից: Մելինեի խոսքով՝ հիմա գյումրեցիները սարսափում են այն մտքից, որ հանցագործը կամ գուցե հանցագործները կարող են գտնվել ազատության մեջ:

-«Հայաստանի ձայնը» եւ նմանատիպ նախագծերը բացի ժամանակավոր ճանաչումից եւ որոշակի փորձից` մասնակիցներին էլ ի՞նչ են տալիս: Իմ պատկերացմամբ՝ ոչինչ:

-Դուք շատ ճիշտ եք նկատել: Ինքս ձեռք եմ բերել մեծ բեմում ելույթ ունենալու փորձ եւ այլ տեխնիկական հմտություններ, իսկ գլխավորը՝ ծանոթացել եմ Հայկոյի պես լավ անձնավորության եւ արտիստի հետ: Ի դեպ, նրա հետ պահպանում եմ կապը: Առաջիկայում ունենք նոր ծրագրեր, որոնց մասին, հուսով եմ, հանդիսատեսն այս տարի կլսի:

-Ձեզ պես տաղանդավոր երիտասարդին այս պահին ի՞նչն է պակասում՝ երգարվեստում մեծ հաջողության հասնելու համար:

-Ինչ-որ բանի հասնելու համար տաղանդավորին էլ անհրաժեշտ է ձգտում եւ աշխատասիրություն: Ի դեպ, այս տարի ավարտելու եմ վարժարանն ու մտադիր եմ ուսումս շարունակել ԵՊԿ ջազ-վոկալ բաժնում: Երգչի կարիերան միանգամից չի տրվում: Դա երկար եւ ակտիվ աշխատանք է պահանջում: Ինձ համար այդ առումով վառ օրինակ է քույրս, ով, օժտված լինելով տաղանդով, իր աշխատասիրությամբ հասել է զգալի բարձունքի երգարվեստի բնագավառում:

-Հնարավո՞ր է՝ մի օր հանդես գաք դուետով:

-Ժամանակը ցույց կտա:

-Չենք կարող չանդրադառնալ Ձեր հարազատ քաղաքում տեղի ունեցած ոճրագործությանը, եւ դրանից հետո ծավալված իրադարձություններին: Պետք է նկատել, որ հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում նորովի բացահայտվեց գյումրեցի երիտասարդների պայքարող տեսակը:

-Անխոս, կատարվածը ծանրագույն հանցագործություն է: Հավատացած եմ, որ մեղավորը ըստ արժանվույն կստանա իր պատիժը ոչ միայն իրավապահների, այլեւ Աստծո կողմից: Իմ կարծիքով որ քաղաքում էլ նման ոճրագործություն կատարվեր, երիտասարդների կողմից նման արձագանք կստացվեր: Ես ինքս տեղս չեմ գտնում, բայց անկարող եմ: Երիտասարդների մեծ մասի պայքարի արդյունքում արթնացան մեր իշխանությունները: Սակայն կուզենայի նաեւ նշել, որ այդ երիտասարդների շարքում գտնվեցին անձինք, որոնք իրենց վարքագծով հարվածի տակ դրեցին շատերին եւ խայտառակեցին գյումրեցիներին:

-Նկատի ունեք՝ տրվեցին սադրանքների՞:

-Իմ կարծիքով ամենամեծ սխալն այն էր, որ բողոքի ակցիայի մասնակիցները վերածվել էին ամբոխի, քանի որ չունեին խելացի առաջնորդ, իսկ արած քայլերն էլ տրամաբանական չէին: Լավ կլիներ, եթե, օրինակ, դիմեին ժողովրդականություն վայելող որեւէ մեկին՝ չմոռանալով, որ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շրջանում հայ ընտանիքի հայրեր եւ զավակներ են կանգնած:

-Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի՝ Սերյոժայի մահվանից հետո ողջ Գյումրին, Հայաստանը մեկ մարդու պես սգում է: Այս վերջին հույսը կորցնելուց հետո գյումրեցիների շրջանում հուսահատության մթնոլորտ է…

-Փոքրիկ Սերյոժայի մահվան հետ մահացավ նաեւ գյումրեցիների վերջին հույսը: Փաստորեն, կոտորվել էր մի ամբողջ ընտանիք, եւ կյանքից հեռացավ նաեւ Ավետիսյանների վերջին ժառանգը: Հիմա գյումրեցիները սարսափում են այն մտքից, որ հանցագործը կամ գուցե հանցագործները կարող են գտնվել ազատության մեջ: Այս ամենից հետո մեզ մնում է ողջամիտ գտնվել եւ սադրանքների չենթարկվել: Բավական է՝ թափվի հայի արյունը…

Աննա Բաբաջանյան

10153816_737077909712297_6524060740633060042_n




Լրահոս