«Վիկիլիքսի»՝ հայաստանյան իրադարձություններին առնչվող փաստաթղթերից հերթականը պատմում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար եղած տարիների գործունեության մասին: Զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը 2005թ. սկզբներին: Փաստաթուղթը ներկայացնում է Սարգսյան-Էվանս հանդիպման մանրամասները՝ Իրան-Հայաստան հարաբերությունների, մասնավորապես՝ զենքի առեւտրի հիմնախնդիրը: Հատկանշական է, որ ամերիկյան կողմի հետ հանդիպման նախաձեռնությունը եղել է Սերժ Սարգսյանինը, ով փորձում էր ԱՄՆ-ից Իրանին զենք վաճառելու թույլտվություն ստանալ: Զեկուցագրից այնպիսի տպավորություն է ստացվում, որ Սերժ Սարգսյանի քայլն առաջին հերթին անձնական պատճառներ ուներ՝ ամերիկացիների առաջ վստահելի գործընկեր ներկայանալու իմաստով:
Այսպես՝ Էվանսը հայտնում է, որ 2005թ. հունվարի 11-ին Սարգսյանն իրեն հայտնել է, թե իրանական կողմը դիմել է իրենց՝ հակապաշտպանական հրթիռային համակարգ գնելու խնդրանքով: Խոսքը վերաբերել է «Ս-75» համակարգին, որը Սարգսյանի կողմից բնութագրվել է որպես ժամկետանց, ավելորդ սարքավորում: Նա հավելել է, որ այդ վաճառքը կօգնի հայկական կողմին՝ փակելու ՊՆ-ի բյուջեի պակասորդը: Լրջագույնս կարեւոր հանգամանք է, որ 2005 թվականը «քոչարյանական» հորջորջվող «լավագույն տարիներից» է համարվում: Արդ, նման պարագայում կամ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ-ի բյուջեի դեֆիցիտի փաստարկն է կեղծ կամ էլ այդպիսին է իրականում եղել «տաք ու լույս» տարիների երկնիշ տնտեսական աճը: Եթե երկիրը «վագրի թռիչքներով» վեր էր խոյանում, ապա ինչու էին ՀՀ իշխանությունները ռազմական բյուջեի հարցում հույսը դրել, նույն Սարգսյանի բնորոշմամբ, «ժամկետանց» զենքի վաճառքի վրա:
Ի վերջո, հետաքրքիր է, թե ներկայումս Հայաստանի ռազմական բյուջեն արդյո՞ք կրկին կանգնած է նմանօրինակ խնդրի առաջ, երկրի սոցիալ-տնտեսական այս տխուր պատկերը եւ բանակի փոխարեն հատկապես ոստիկանական համակարգին տարեց տարի աճող սնուցմամբ հագեցնելը իրենց բացասական հետքը չե՞ն թողնում ՊՆ-ի բյուջեի վրա:
Ինչեւէ, Սարգսյանն ասել է, որ Հայաստանը գտնվում է աճող ճնշման ներքո, քանզի Իրանը հարաբերությունների ընդլայնում է պահանջում:
Ս. Սարգսյանը բացատրել է, որ Վրաստանից ապրանքների ներմուծման դժվարությունների օրերին Իրանն էր Հայաստանի կենսական ուղղությունը: Սարգսյանը նկատել է, որ Իրանի դեսպանն իր հետ հանդիպում է փնտրում գրեթե ամեն 2 շաբաթը մեկ ու այցելություն խնդրում Իրան: Ընթերցողի ուշադրությունը կցանկանայինք հրավիրել գլխավորապես այն հանգամանքի վրա, որ «վիկիլիքսյան» հրապարակումներում Իրանի թեմայի առնչությամբ ականատեսն ենք ՀՀ իշխանական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների քամահրական կեցվածքին: Եւ Սերժ Սարգսյանն այս հարցում նույնպես բացառություն չէ:
Սերժ Սարգսյանը պնդել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել ԱՄՆ-ի հետ տեռորիզմի դեմ պայքարում եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը Իրանի հետ սահմանի երկայնքով սահմանափակելու հարցերում: Հետաքրքիր է՝ ամերիկացինե՞րն են Իրանի սահմանում ծառայություն անցկացնում, թե Սարգսյանը ընդհանրական է արտահայտվել: Այսուհանդերձ, դեսպան Էվանսը շնորհակալություն է հայտնել պոտենցիալ վտանգավոր զենքերի վաճառքի մասին իրենց տեղեկացնելու համար եւ խոստացել խնդրանքը հասցնել Վաշինգտոն:
Իր մեկնաբանության մեջ դիվանագետը մեկնաբանում է, որ Սերժ Սարգսյանի դիմումը ցույց է տալիս նրա միամիտ եւ առնվազն չհիմնավորված լավատեսությունը, սակայն նրա այս քայլը ցույց է տալիս, որ Սարգսյանը գնահատում է ԱՄՆ հետ հարաբերությունները: «Մինչ մենք սպասում ենք Վաշինգտոնի բացասական արձագանքին, պետք է հաշվի առնել, որ այժմ Հայաստանը շատ փոքր հնարավորություններ ունի Իրանի հետ իր հարաբերությունները չզարգացնելու համար»: Էվանսն առաջարկում է հարցին ըմբռնումով մոտենալ եւ անգամ զիջումների գնալ: Նրա համոզմամբ՝ հարկավոր է օժանդակել Հայաստանին՝ պահպանելու թափանցիկությունն իր հարավային հարեւանի հետ հարաբերություններում, որի դեպքում ԱՄՆ-ն «մեկ քայլ առաջ կլինի Հայաստան-Իրանի գրկախառնությունից»:
Մի կողմ թողնելով ամերիկյան քաղաքականության նրբերանգները՝ հարկ է ընդգծել Էվանսի՝ Սերժ Սարգսյանի քայլը «միամիտ ու լավատեսական» որակելը: Կարծում ենք՝ Էվանսն այստեղ ինքն է ընկել իր ծուղակը եւ միամիտ հռչակելով Սարգսյանին՝ դարձել սեփական միամտության զոհը: Անկեղծ լինենք՝ Սերժ Սարգսյանին կարելի է դրական կամ բացասական տարաբնույթ հատկանիշներ վերագրել, սակայն միամտություն՝ երբեք:
Առավելապես կռահելի է, որ Սարգսյանը ցանկացել է, ամերիկյան կողմի հետ խորհրդակցելու պատրանք ստեղծելով, լուծել մի շարք խնդիրներ: Հաշվի առնելով այսօր տիրող դրությունը՝ վստահ ենք, որ հատկապես անձնական հարթության մեջ Սարգսյանը միանշանակորեն հաջողեց… «միամտաբար»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ