Սերժ Սարգսյանը չկարողացավ Գյումրիում «խփել ինչքան ուզում էր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը, եւ այլեւս կարող ենք արձանագրել, որ հանրապետության երկրորդ քաղաքը, իսկ այնուհետեւ ողջ Հայաստանը ցնցած ողբերգության ընթացքում Սերժ Սարգսյանը երբեւէ չայցելեց Գյումրի:

Հունվարի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, երբ մի քանի ժամ էր անցել Գյումրիում տեղի ունեցած ողբերգութան լուրի տարածվելուց հետո, նախագահական նստավայրը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն էր հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Հաջորդ օրերին Գյումրիում կրքերը գնալով լարվեցին, իսկ Սերժ Սարգսյանի ձայնն այդպես էլ չէր լսվում: Նա հունվարի 14-ին չմասնակցեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների հոգեհանգստին: Հաջորդ օրը հուղարկավորության արարողությանը՝ եւս:

Հուղարկավորությունից հետո Գյումրիում կրքերն այն աստիճան լարվեցին, որ բախումներ արձանագրվեցին բողոքի ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ: Սակայն Սերժ Սարգսյանի ձայնն այդպես էլ դուրս չեկավ: Այնպիսի տպավորություն էր, որ նա ինչ-որ տեղ թաքնվել էր: Հունվարի 15-ին նախագահականը հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հանդիպման մասին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը Հայաստանում էր, չէր փախել, բայց ինչու ձայն չէր հանում: Ավելի հաճախակի կարելի էր հանդպել հրապարակումների, որոնց հեղինակներն արդարացիորեն պահանջում էին, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը մի ծպտուն հանի: Սակայն նա շարունակում էր լռել:

Հունվարի 16-ին Սերժ Սարգսյանը մասնակցում է շախմատի ակադեմիայում կազմակերպված Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարին: Կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, եւ երկիրն էլ ապրում է սովորական առօրյա կյանքով: Վեցերորդ օրը երկիրը կաթսայի պես եռում էր, բայց Սերժ Սարգսյանը շարունակում էր սովորական առօրյայով ապրել` դեսպան էր ընդունում, ճանապարհում, Թուրքիայի նախագահին էր նամակ գրում, իսկ երկրի ներսում ընթացող գործընթացների մասին՝ ոչինչ: Հունվարի 18-ին ՌԴ նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին, ավելի ուշ համանման հաղորդագրություն տարածեց նաեւ Հայաստանի նախագահականը:

Հաջորդ օրը մահացավ Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը` վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը: Երեխայի մահվան լուրի տարածվելուց մոտ երկու ժամ անց նախագահականը տարածեց Սերժ Սարգսյանի ցավակցությունը: Թվում էր, թե Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Սերժ Սարգսյանն ուշքի է եկել եւ սկսել է ընկալել երկրում տեղի ունեցող գործընթացները:

Հունվարի 20-ին լուրեր տարածվեցին, թե իբր Սերժ Սարգսյանը ներկա կլինի վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը: Սակայն նա ո՛չ հոգեհանգստին եւ ո՛չ էլ հուղարկավորության արարողությանը ներկա չեղավ եւ ինչպես ոճրագործությանը հաջորդած առաջին օրերին՝ կրկին «ընդհատակ» անցավ:

Սերժ Սարգսյանի նման պահվածքի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել: Հիմնական մոտեցումներից մեկի համաձայն՝ նա քեն է պահել գյումրեցիների նկատմամբ` 2013-ի նախագահական ընտրություններում իր օգտին չքվեարկելու համար, մյուս մոտեցումն էլ այն է, որ նա վախենում է Գյումրի գնալ, քանի որ անհայտ է, թե գյումրեցիներն ինչպես կարձագանքեն նրա ներկայությանը, եւ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այս երկու մոտեցումները գործնականում մեկը մյուսին լրացնում են:

Ոճրագործությանը հաջորդած առաջին օրերին Սերժ Սարգսյանի գործողությունները, իսկ ավելի կոնկրետ՝ անտարբերությունը պայմանավորված են եղել 2013-ի ընտրություններից պահպանած քենով: Այդ իսկ պատճառով էլ նա դեպքից անմիջապես հետո չցավակցեց ու կատարվածը փորձում էր անտարբերության մատնել: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նա իր այդ քայլով միմիայն իրեն էր վնասել: Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը հաջորդած օրերն ապացուցեցին, որ ոչ միայն գյումրեցիները, այլ նաեւ Հայաստանի բնակչության մեծամասնությանը չի հետաքրքրում՝ Սերժ Սարգսյանը ցավակցել է, թե ոչ: Մարդիկ ապրում են իրենց պատած ողբերգության հետ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս