Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ են մտածում Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողները:
2009թ. իր ծառայությունը սկսած Ռոդիոն Կոմովը մեզ հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե սպանությունը նախօրոք ծրագրավորված է եղել, որպեսզի թշնամանք առաջացնի դարավոր բարեկամ հայ և ռուս ազգերի միջև: Նախկին զինծառայողն իր ծառայությունից և գյումրեցիներից միայն լավ հիշողություններ ուներ:
– Հայաստանում ծառայության մասին մնացել են միայն լավ հիշողություններ: Հայերը շատ բարի մարդիկ են: Հայաստանում ռուս զինվորն իրեն շատ լավ է զգում: Շատ վատ է, որ երկու ազգերի միջև եղած դարավոր ընկերությունը կարող է վտանգվել զինվորի հիմար արարքի պատճառով: Մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի: Ես հաճախ եմ զբոսնել Գյումրիի փողոցներով և նույնպես զինվորական հագուստով, ինչպես Պերմյակովը, ինձ բոլորը մեծահոգաբար օգնել են, ճանապարհ ցույց տվել: Ես շատ զարմացած էի ռուս զինվորների հանդեպ հայերի վերաբերմունքից: Իմ սրտում հավերժ Հայաստանից մասնիկ է մնացել:
– Ի՞նչ կասեք Գյումրիի ողբերգական դեպքերի մասին:
– Ես կարծում եմ, որ այդ դեպքը ծրագրավորված է եղել, որպեսզի վեճ առաջացնեն երկու ազգերի միջև: Շատ անհասկանալի և անտրամաբանական բաներ կան Վալերի Պերմյակովի արարքներում: Եթե նույնիսկ նա է մարդասպանը, ապա ես ցանկանում եմ, որ դատարանի առջև կանգնեն և պատիժը կրեն այն մարդիկ, ովքեր նրան հասցրել են այդ վիճակին:
– Որո՞նք են ըստ ձեզ անտրամաբանական քայլերը:
– Նա ո՞ւր պետք է փախներ, Թուրքիա՞, այնտեղ և՛ մեզ, և՛ ձեզ չեն սիրում: Վրաստանը նույնպես տարբերակ չէ, քանի որ 2008թ. պատերազմից հետո այնտեղ մենք ոչինչ չունենք անելու: Ադրբեջանի մասին էլ խոսք չկա: Քիչ հավանական է, որ նա կարող էր նստել ինքնաթիռ և թռչել Ռուսաստան, քանի որ նա ոչ մի փաստաթուղթ չուներ, իսկ նրան փնտրում էին: Ջուր խմել նա կարող էր ցանկացած վայրում , իսկ թողնել զինվորական կոշիկները, որոնցով շատ հարմար է քայլել այդ տարածքներում և այն էլ ազգանունով, այնպիսի մարդու արարք չէ, ով մտադրվել էր փախչել: Ցանկացած հայկական ընտանիք նրան կկերակրեր, կթողներ, որ գիշերեր և ամեն ինչով կապահովեր:
– Ի՞նչ եք ենթադրում, ի՞նչ է իրականում եղել:
– Որպես տարբերակ. շահագրգռված անձինք հափշտակում են նրան ռազմաբազայից: Հավատացեք, դա անելը դժվար չէ: Միգու նրան ինչ-որ բան են ներարկել, որի պատճառով վերջինս ոչինչ չի գիտակցել:
– Հայերը ցանկանում են, որ Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանում և նրա համար խիստ դատավճիռ են պահանջում: Ըստ ձեզ՝ ինչ դատավճռի է նա արժանի:
– Ես ինքս նրան ցմահ ազատազրկման կդատապարտեի: Նրան Ռուսաստան տեղափոխելուց ոչ մի օգուտ չի լինի: Մեր իշխանությունների, Պաշտպանության նախարարության և նախագահի համար ցանկացած տարբերակ արդեն պարտության համարժեք կլինի: Կարծում եմ, որ նրան կտան հայերին, որպեսզի էլ ավելի չսրեն իրավիճակը: Եթե նույնիսկ տեղափոխեն Ռուսաստան, միևնույնն է՝ կազատազրկեն, իսկ մի քանի տարի անց միգուցեև մահանա: Մեր քաղաքական գործիչները և զինվորականները պետք է ամեն ինչ անեն լավ հարաբերությոնների պահպանման համար, քանի որ Ռուսաստանի համար բարեկամ երկիր գրեթե չի մնացել:
– Կարող եք ասել՝ ձեր տարածաշրջանում (նա ապրում է Մոսկվայի մարզում) ի՞նչ են մտածում այս դեպքի մասին:
– Շատերը նույնիսկ չեն էլ լսել Գյումրիի դեպքերի մասին, որովհետև լուրերի թողարկումների ժամանակ գրեթե չի խոսվում այդ մասին: Դա ձեռնտու չէ Ռուսաստանի բանակի հեղինակության համար: Այժմ լուրերի թողարկումների ժամանակ ցույց են տալիս Ուկրաինայում և Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները: Միայն համացանցի միջոցով կարող ես տեղեկանալ դեպքերի մասին, այն էլ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Նույնիսկ «Пусть говорят» հաղորդաշարի նկարահանումները չեղյալ համարվեցին, քանի որ ռուսական կողմը ոչ մի կերպ չէր կարող դիմակայել մեղադրանքներին:
– Ինչպիսի՞ զինվորներ էին ծառայում 102-րդ ռազմաբազայում:
– Մարդիկ շատ տարբեր էին. ոմանք հանգիստ, ոմանք շուտ բռնկվող: Գրեթե բոլոր զինվորները հասարակ ընտանիքից էին, մեծ մասամբ կային նաև մանկատներից տղաներ, սակայն այնպիսի խելագար, ինչպիսին Պերմյակովն է, չկար: Ցանկացած զորամաս փակ տարածք է և այնտեղից հատկապես բացասական լուրերը շատ հազվադեպ են տարածվում: Մեր բանակում ոչ ուրախալի դեպքեր են գրանցվում, սակայն դեռևս դրանց մասին հասարակությունը չի տեղեկանում: Եթե նա զորամասում կրակեր զինծառայողների, այդ մասին ոչ ոք չէր իմանա:
Նաիրա Հովհաննիսյան