Զրույցի այս մասում կբացահայտենք Սամվել Գրիգորյան քաղաքացուն եւ կիմանանք` ինչից է, որ նրա գործերն «աջ են գնում»:
-Ակումբում աշխատող Ձեր գործընկերներից լսել եմ, որ ակումբային աշխատանքը բավականին հոգնեցուցիչ ու ծանր է:
-Չէի ասի, եթե սիրում ես քո աշխատանքն ու հաճույքով անում, ոչ այն պատճառով, որ դա եկամտի աղբյուր է, ու փող ես աշխատում, այլ որ այն իսկապես քո սիրելի գործն է, այդ դեպքում քեզ համար դժվար չի լինի: Իմ մասնագիտության մեջ ես զգում եմ ինձ, ինչպես ձուկը ջրում: Հենց դա է պատճառը, որ ուրիշ տեսակի բիզնես չեմ ձեռնարկում ու չեմ էլ ցանկանում որեւէ այլ աշխատանքի մեջ խորանալ: Սա իմ ապրելակերպն է, առանց որի ես չեմ կարող:
-Հիմա անդրադառնանք Ձեզ՝ որպես քաղաքացու. որքանո՞վ եք հետաքրքրվում Հայաստանի վաղվա օրով:
-Այնքան եմ մտածում, որ բավականին լավ ու հետաքրքիր աշխատանքի առաջարկներ եմ ունեցել շատ ու շատ երկրներից, բայց հրաժարվել եմ, քանի որ սիրում եմ Հայաստանն ու երբեք չեմ լքի իմ երկիրը: Այդ փաստն ինձ համար մեծ նշանակություն ունի: Ես պարտադիր մասնակցում եմ բոլոր տեսակ ընտրություններին, դա համարում եմ իմ քաղաքացիական պարտքը` անկախ նրանից՝ ես գործող իշխանության կողմնակից եմ, թե ոչ: Կարեւորը՝ ես ունեմ իմ սերն ու վերաբերմունքը դեպի իմ Հայաստանը: Լավ կլինի, եթե բոլորն էլ նմանատիպ վերաբերմունք ունենան իրենց երկրի հանդեպ:
-Ընտրություններին մասնակցություն ցուցաբերելուց բացի, Դուք նաեւ Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգաշարն էիք վարում:
-Ես դա արել եմ մեծագույն հաճույքով եւ ոչ միայն գումար վաստակելու համար:
-Ինչպիսի՞ երկիր եք ուզում ունենալ ապագայում:
-Ազատ, դեմոկրատական, որտեղ խոսքի ազատություն կլինի: Սահմանները բաց լինեն, ինչը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Եւ թող մարդիկ ամեն ինչին լավատեսորեն տրամադրվեն: Երբ հոռետեսն ու լավատեսը նայում են կիսով չափ ջրով լցված բաժակին, տարբեր տեսակետներ են հայտնում: Լավատեսն ասում է՝ կեսը լցված է, իսկ հոռետեսը պնդում է, թե կեսը դատարկ է: Մեր վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ շատ կարեւոր է: Եկե՛ք լինենք օպտիմիստ ու մեր երկիրը չլքենք 1 օրվա ուտելու համար: Մի շատ լավ կարգախոս կա, ինքս դրա կողմնակիցն եմ. «Ավելի լավ է գյուղում լինել առաջինը, քան քաղաքում` վերջինը»: Չեմ ընդունում էմիգրանտ հասկացողությունը:
-Բայց մարդիկ ստիպված, հացի խնդիր լուծելու համար են գնում: Եթե այստեղ աշխատանք ունենային, բնականաբար, չէին գնա:
-Եղել են օրեր, երբ այդ հացի խնդիրը ինքս եմ ունեցել, նույնիսկ ծխախոտի գումար չեմ ունեցել, բայց պայքարել եմ, ամեն ինչ արել եմ, որ ստանամ այն, ինչի կարիքն ունեմ, ու հասել եմ դրան: Թող չլինի, թե ձայնս թաք տեղից է դուրս գալիս: Ես ինքս էլ շատ-շատ խնդիրներ ու դժվարություններ եմ ունեցել: Ի վերջո, դժվարություններն էլ մարդու համար են, ու այդ դժվարության մեջ է մարդ շատ բան հասկանում: Այդ տեսակ իրավիճակներից հետո մարդ սկսում է բոլորովին այլ կերպ ապրել: Յուղոտ ուղեղը լավ չի աշխատում:
-Բայց մարդիկ ինչքա՞ն պետք է դժվարություն տանեն:
-Եկե՛ք չմոռանանք, որ մենք շրջափակման մեջ ենք, մեր պատերազմն օրինական դեռ չի էլ ավարտվել: Մենք ընդամենը 20 տարեկան երիտասարդ երկիր ենք: Նայե՛ք, Ռուսաստանը 20 տարեկանում ի՞նչ ձեւի էր: Նույնն ԱՄՆ-ը, որ հիմա ամենաբարձր էկոնոմիկան ունի, 20 տարեկանում ի՞նչ պետություն էր:
Հասկանալի է, որ չենք ուզում սպասել, դժվարություններ ունենալ, էգոիզմը խոսում է յուրաքանչյուրիս մեջ, ուրեմն մեր ճակատագիրն է այդպիսին, հայի բախտը: Չմոռանանք, որ մենք շատ քիչ քանակությամբ, ընդամենը 3-միլիոնանոց, եթե, իհարկե, այդքան էլ լինենք, երկիր ենք: Եթե ես, ընկերս, իմ հարազատն ու բարեկամը մեր ընտանիքները վերցնենք ու գնանք օտար երկիր, է հետո՞, բա մեր երկի՞րը, մեր Հայաստա՞նը: Էնպես էլ չէ, որ մենք մեր աչքերը փակում ենք, որովհետեւ լավ ենք ապրում: Շնորհիվ մեր սփյուռքի հայրենակիցների՝ լավ թե վատ ինչ-որ բաներ փոխվում են:
-Բայց դե լավ չէ, երբ նստում, սպասում ենք, որ սփյուռքը մեզ գումար տա:
-Ա՛յ դրա մասին է խոսքը, որ չի կարելի գնալ ու դրսից գումար ուղարկել Հայաստան: Ավելի լավ է մնալ էստեղ ու աշխատել: Ինձ թվում է՝ աշխատող մարդը կկարողանա ամեն տեղ էլ աշխատել, եթե մեծ ցանկություն ունենա:
-Դուք լավատես եք:
-Եւ դա է պատճառը, որ գործերս աջ են գնում` թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ:
ՅՈՒՂՈՏ ՈՒՂԵՂԸ ԼԱՎ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ