Գյումրիի ոճրագործությունը պատվիրատու ունի. Հայկ Մարտիրոսյան. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 Ժամ» թերթը գրում է. ««Գյումրիի ոճրագործությունն ունի պատվիրատու»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք)` անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին: Նա նշեց, որ դավադրությունների տեսություններին չի հավատում գոնե այն տեսքով` ինչպիսին դրանք հայտնվում են համաշխարհային և հատկապես ռուսական կամ հետխորհրդային երկրների մամուլի էջերում կամ եթերում:

Ըստ Մարտիրոսյանի, դրանց մեծ մասն աղբ է` ծնված խիստ սահմանափակ ինտելեկտ և թերթային գիտելիքներ ունեցող մարդկանց գլուխներում: «Այդպիսիք հատկապես շատ են ռուսական մեդիադաշտում: Անշուշտ, համաշխարհային քաղաքականությունում կամ ներպետական գործերում կան բազում հանգամանքներ և օրակարգեր, որոնք պետությունների կամ դրանց որոշակի խավերի կողմից կեղծվում են, և որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Սակայն դա այլ խնդիր է: Արևմուտքում շատերն անգամ այդ գաղափարներն են համարում դավադրության տեսություն, և այստեղ իմ կարծիքն արդեն այլ է:

Ինչ վերաբերում է Պերմյակովի դեպքին, ապա, իմ կարծիքով` բոլոր դավադրության տեսություններն անհեթեթ են` բացի մեկից. իմ համոզմամբ` ոճրագործությունը պատվիրատու ունի, և այդ պատվիրատուն Ադրբեջանը կամ նրա ավագ դաշնակիցն են կամ՝ երկուսը միասին: Եվ դա խելամիտ բացատրություն ունի: Շրջանառվող մնացած տեսությունները, թե Ռուսաստանն է կանգնած դրա հետևում, որպեսզի իր բազան դուրս բերի Հայաստանից, մեղմ ասած, խիստ անհեթեթ եմ համարում»,- ասաց Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Վերջինս կատարվածի հետևում ամերիկյան հետք տեսնելու տեսությունը մեկ այլ ցնդաբանություն է համարում, որը հրապարակ են նետում, նրա խոսքով, խիստ էքսցենտրիկ «վերլուծաբանները», ինչպես, ասենք, Կիսելյովը: Ադրբեջանական վարկածը, նրա համոզմամբ, իր հերթին՝ վկայում է մի բանի մասին: Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: «Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- նշեց վերլուծաբանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս