Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով սահմանում օր օրի մեծացող լարվածությանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանի ցանկացած գործողության պատասխանում է ադեկվատ: ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ հասարակությունը պետք է մշտապես հիշի, որ պատերազմը չի ավարտվել ու ամեն վայրկյան կարող է վերսկսվել:
-Պարո՛ն Շարմազանով, նախօրեին միանգամից երկու միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանի՝ այս անգամ արդեն ՀՀ ՊՆ զինված ուժերի պատասխանատվության տակ գտնվող հատվածում, որի արդյունքում երկու զինծառայող է զոհվել: Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն գիտակցում պահի լրջությունն ու որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Որտե՞ղ են ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ են լռում:
-Հայաստանի իշխանություններն ունեն համապատասխան պետական մարմիններ՝ բանակ, ազգային անվտանգություն, ոստիկանություն եւ այլ պետական մարմիններ, ու մենք պետք է բոլորս կանգնած լինենք մեր բանակի կողքին եւ, ինչպես ցանկացած դեպքի ժամանակ, կարողանանք հակահարված տալ: Ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է ամպագորգոռ հայտարարություն անի, որովհետեւ ես վստահում եմ մեր բանակին: Մեր բանակը բավականին պրոֆեսիոնալ է, եւ ես համոզված եմ, որ կարող է ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լռեցնել ու արժանապատիվ պատասխան տալ հակառակորդին:
-Բայց մեր ունեցած զոհերի քանակից կարելի է արձանագրել, որ ադրբեջանական ագրեսիվ գործողություններին ադեկվատ պատասխան չի տրվում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հակառակորդի մարտական գործողությունները կանխող գործողություններ չեն իրականացնում:
-Չէ՛, չէ՛, ես այդպես չեմ կարծում, բնականաբար մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց կրկնում եմ՝ ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ, դա իմ լիազորությունների շրջանակում չի, եւ ճիշտ էլ չի, որ ես դրա մասին խոսեմ: Բայց նախորդ, նման ցավալի դեպքերը ցույց են տվել, որ հակառակորդն արժանիորեն պատժվել է ու հստակ հակահարված ստացել: Մենք հունվարին ծանոթացանք նաեւ ՀՀ ՊՆախարարի 7 կետանոց նոր ռազմավարությանը, ու մեր հասարակության համար հրապարակային ձեւով մեր պաշտպանության նախարարը ներկայացրեց այն առաջնահերթությունը, որով պետք է առաջնորդվի մեր բանակը: Այդ 7 կետերում էլ կարելի է տեսնել, որ որեւէ սխալ, տմարդի քայլ, որը կարվի Ադրբեջանի կողմից, անպատասխան չի մնա:
-Այս օրերին ՀՀ սահմանում տեղի ունեցող իրադարձություններից կարելի է ենթադրել, որ հակառակորդը ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը լուրջ չի ընդունել: Ու չնայած պաշտոնապես մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի պատերազմ է սկսել:
-Չեմ կարծում, որ պատերազմի մասին խոսելը ռեալ է, բայց այն, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը կփորձի շփման գծում որոշակի լարումներ մտցնել, սա արդեն երեւում է, իսկ մենք էլ պետք է լինենք ավելի զգոն: Ու մենք միշտ էլ ասել ենք, որ պատերազմը չի ավարտվել մինչեւ այն փուլը, քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարը ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս եւ խոսում ռազմական գործողությունները վերսկսելու մասին: Իսկ Ադրբեջանի կողմից կազմակերպված բոլոր ռազմական գործողություններն արժանի եւ ադեկվատ հակահարված ստացել ու ստանալու են: Մենք տեսել ենք, որ օգոստոս ամսին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության բանակները փայլուն են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Ցավալին այն է, որ Գյումրիում տեղի ունեցած այս ողբերգական դեպքի ֆոնի վրա է Ադրբեջանն ակտիվացել: Ու ես ուզում եմ ցավակցել բոլոր այն զինծառայողների հարազատներին, որոնք այս օրերի ընթացքում զոհվել են: Այլ բան չենք կարող անել, դա է մեր հարեւանը, ու մենք էլ պատրաստ ենք ամեն քայլի: Հայաստանի համար գլխավոր խնդիրն անվտանգությունն է, ու մեր ամեն ինչը պետք է ցույց տա, որ պատերազմը չի ավարտվել, ու մեր առաջին խնդիրն անվտանգության ապահովումն է: Էս սուտի-մուտի ներքին բաներն անցողիկ են, մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ առանց անվտանգության ուժեղ համակարգի, առանց հզոր բանակի չենք կարող ունենալ որեւէ առաջընթաց: Ու խոսել տնտեսության զարգացման, սոցիալական զարգացման մասին, երբ որ հակառակորդն իրականացնում է նման քայլեր, անիմաստ է: Մենք պետք է ողջ հասարակությամբ մեր ուղեղներում իմանանք, որ առաջնայինը պետք է լինի մեր բանակը: Մենք այստեղ` ասֆալտի վրա ապրող յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցենք, որ հայրենիքի համար յուրաքանչյուրս ենք պետք:
-Ինչպես նաեւ՝ պաշտոնյաները պետք է իրենց զավակներին բանակ ուղարկեն …
-Դե, դա այլ հարց է, միանշանակ այդպես է, բայց դա միայն պաշտոնյաներին չի վերաբերում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ