Ադրբեջանը, չնայած որ շարունակում է հերքել իր կողմից դիվերսիոն գործողություններ իրականացնելու՝ հայկական կողմի լուրերը, սկսել է սեփական ժողովրդին այլ կերպ հրամցնել իր կրած կորուստները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է գործել իրեն բնորոշ ոճով՝ մարտական պայմաններում կրած զոհերը ներկայացնելով ոչ մարտական պայմաններում, վթարից, դժբախտ պատահարների և այլնի արդյունքում կրած կորուստներ:
Այսպես, ադրբեջանական Vzglyad.az -ը գրում է, որ անփութության պատճառով «ոչ մարտական պայմաններում» զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր: Այս մասին ադրբեջանական կայքին հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ Զինված ուժերի N զորամասում իբրև թե «անզգուշության պատճառով ինքնաձիգից կրակոց է հնչել» , ինչի արդյունքում զոհվել է զինվոր Բաբաշով Նիզամի Շամիլօղլուն:
Կայքը հայտնում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը հետաքննություն է կատարում:
Ելնելով Ադրբեջանի իշխանությունների տրամաբանությունից՝ հաջորդող օրերին ևս Ադրբեջանից նման մատուցմամբ ադրբեջանցի զոհված զինծառայողների մասին լուրեր կստանանք: