Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով մեղադրական դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան երկու բողոք է ներկայացվել: Միայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակելը, մեղավոր ճանաչված, 2 տարվա ազատազրկման ու 500 հազար ՀՀ դրամ տուգանքի դատապարտված, սակայն համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից ազատված Դավիթ Մանուկյանի կողմից վերաքննիչ բողոք չի բերվել:
Հիշեցնենք, որ Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ՝ դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան զրկել կյանքից: Վերջինիս խափանման միջոցն ընտրված է կալանավորումը:
Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72 հասցեում բռնության գործադրմամբ` խմբի կազմում կատարել է խուլիգանություն, բացի այդ կատարել է առանձնապես ծանր հացագործության՝ պարտակելով հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակը: Վերջինիս խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Վերաքննիչ քրեական դատարան բողոքները ներկայացրել են առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանական դրդումներով սպանություն և զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանություն, մեղավոր ճանաչված անչափահաս Հայկ Աղամալյանի պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը:
Պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդում է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Հայկ Աղամալյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, իսկ տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը բավարարվել մասնակիորեն` անչափահաս ամբաստանյալ Հ.Աղամալյանից, նրա ծնողներ Նարինե Արիստակեսյանից և Ստեփան Աղամալյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի պետք է բռնագանձվի 1 մլն 430 հազար դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
Պաշտպանը միջնորդում է գործն ուղարկել նույն դատարան` մեկ այլ կազմով քննության առնելու, և կամ դադարեցնել քրեական հետապնդումը Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի մասով, քրեական գործի վարույթը վերջիններիս վերաբերյալ կարճել նրանց նկատմամբ` ներկայացված մեղսագրված արարքներում հիմնավոր ապացույցներ չլինելու հիմքերով և այդ հիմքերով նրանց նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ, փոխել Հայկ Աղամալյանի խափանման միջոց կալանավորումը, քաղաքացիական հայցի մասով դատական ակտը բեկանել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հայկ Աղամալյանի օրինական ներկայացուցիչ Նարինե Արիստակեսյանը միջնորդում է վերանայել դատավճիռը և Հայկ Աղամալյանի նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ: