ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՅԴ-ն թեեւ տրամադրված է նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալուն, սակայն չի բացառվում, որ սատարեն ընդդիմության միասնական թեկնածուին: Երեկ այդ մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցը իրենք քննարկելու են այդ նպատակով հրավիրվելիք հատուկ ԳՄ նիստում:
“Մեզ համար ինքնանպատակ չէ ընդհանրապես առաջադրվելը, սեփական թեկնածուով մասնակցելը. մեզ անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մրցակցային դաշտ ստեղծենք մեր խնդիրը լուծելու համար: Որպես հիմնական ուղեգծային խնդիր` մենք մեր օրակարգում դրել ենք ամբողջական իշխանափոխության հարցը, ուրեմն մենք կգնանք դրան նպաստող ցանկացած քայլի, որպեսզի դա օր առաջ իրականացվի”,-հայտարարեց Ռուստամյանը: Սակայն նա չմանրամասնեց, թե նախագահի ընտրություններում իրենք հատկապես որ ուժերի հետ են համագործակցելու: Նրա խոսքերով, երբ իրենք խոսում են միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալու մասին, կարեւորում են նախ գաղափարի շուրջ համաձայնության գալը, հետո՝ թեկնածուի: ,Եթե տեղերով փոխենք, անպայման կառաջանա անձի խնդիր՝ ինչու նա, ոչ թե նաե,-նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ կա ընտրազանգված, որին համախմբելու համար պետք է պայքարի ընդդիմությունը:
Նա ներկայացրեց նաեւ ՀՅԴ ԳՄ նոր կազմը, որը, ի դեպ, բավական փոփոխությունների է ենթարկվել, ինչի մասին ,Ժողովուրդե-ը շաբաթներ առաջ գրել էր: ՀՅԴ ԳՄ կազմում ընտրվել են՝ Արմեն Ռուստամյանը (նա կրկին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել) Միքայել Մանուկյանը, Հրաչ Թադեւոսյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը, Արծվիկ Մինասյանը, Ռոմիկ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Հովիկ Թադեւոսյանը, Վարդան Ալեքսանյանն ու Արտաշես Նիկոյանը: Նկատենք, որ ԳՄ անդամներից վերջին 6 հոգին նոր են: ԳՄ հին կազմից բացակայում է 5 հոգի, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը: 
Ռուստամյանի խոսքերով՝ ՀՅԴ ԳԺ-ում քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կուսակցության հավաքած ձայների համար եղել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառների դեպքում, ըստ Ռուստամյանի, ԳՄ-ն ինչ կազմ էլ ունենար, արդյունքը գրեթե նույնն էր լինելու:”Անազնիվ, անարդար պայքար է եղել: Եթե մենք պայքարել ենք մեր ռեսուրսով, մեր դիմացինը պայքարել է ողջ պետական ռեսուրսով, մենք պարտվել ենք պետության վարչաֆինանսական ռեսուրսին”,-հայտարարեց նա: 
Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս