Armenian text to speach

Գերական ոչ թե հանրային, այլ անձնական շահն է.Վարդան Գերավետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ուզում եմ՝ քանդում եմ, ուզում եմ՝ սարքում եմ. ինչ ուզում եմ՝ անում եմ». «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի համոզմամբ՝ հենց այս կարգախոսով են առաջնորդվում Երեւանի քաղաքային իշխանությունները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանն անդրադարձել է մայրաքաղաքի մշակութային եւ ճարտարապետական խնդիրներին:

-Ըստ Ձեզ՝ մայրաքաղաքի համար այսօր մշակութային ամենահրատապ խնդիրը ո՞րն է:

-Կարծում եմ՝ իր հրատապությամբ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկն առնչվում է «Հին Երեւան» նախագծին. անհրաժեշտ է այն կյանքի կոչել, թեեւ պետք է նկատել, որ եթե անգամ որոշ շինություններ էլ վերականգնվեն, անունը դնեն «Հին Երեւան», միեւնույն է՝ հին քաղաքի այդ ընդհանուր մթնոլորտն արդեն, ցավոք, կորցրել ենք: Օրինակ՝ Արամի, Բուզանդի փողոցներում մշակութային արժեք ներկայացնող շինություններ կան, որոնք քանդվում ու չգիտես, թե ուր են տարվում: Միեւնույն ժամանակ Ամիրյան, նույն Բուզանդ փողոցներում բարձրահարկ շենքեր են կառուցել, որոնք ստվեր են գցում հին շենքերի վրա:
Առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել նաեւ այն շենքին, որտեղ բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը: Կառույցը վերականգնման կարիք ունի, իսկ ահա իշխանությունների վերաբերմունքն այդ արժեքին արհամարհանք է մեր պետականության, անկախության, ժողովրդի արժանապատվության հանդեպ: Ընդ որում, բացի վերանորոգումից, հարկ կլինի նաեւ այդ տեղում Արամ Մանուկյանի պատվին թանգարան բացել:

-Ի՞նչ եք կարծում՝ նման անտարբերությունն արդյո՞ք նաեւ պատկան մարմինների անտեղյակության եւ անգրագիտության հետեւանքը չէ:

-Այո՛, երբ մարդիկ տգետ են, նրանք պատկերացում չունեն, թե ինչ են կորցնում: Օրինակ՝ Երեւանի փոխոստիկանապետի համար ծածկած շուկան կարող է ընդամենը մի սովորական «բազար» լինել. մարդը չի գիտակցում դրա արժեքը: Հիշում եմ, որ երբ, օրինակ, ԱՕԿՍ-ի շենքը քանդեցին, միակ մարդը, ով այդ դեպքի առթիվ դիմեց ոստիկանություն, ես էի: Այս պարագայում չես հասկանում, թե որն է ՀՀ մշակույթի նախարարության ֆունկցիան:

-Բանն այն է, որ քաղաքային իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե իբր ինչ քանդում է, օրենքի համաձայն է քանդում…

-Նրանք պարզապես որեւէ պատրվակով հասցնում են շենքն իրապես վթարային վիճակի եւ հետո պատճառաբանում, թե ըստ օրենքի՝ այն պետք է քանդվի: Մեր քաղաքում գործում է իշխանությունների հետեւյալ կարգախոսը. «Ուզում եմ՝ քանդում եմ, ուզում եմ՝ սարքում եմ, ինչ ուզում եմ՝ անում եմ»: Տեսեք, թե ինչ եղավ, օրինակ, Աֆրիկյանների շենքը քանդելուց հետո: Մինչ այդ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը ակտիվ կերպով քարոզում էր, որ ամեն ինչ նորմալ կլինի, սակայն այն քանդվեց, եւ հիմա դրա փոխարեն հարթ տարածք է: Գերակա է ոչ թե հանրային, այլ անձնական շահը: Հիմա զգում եմ, որ Աֆրիկյանների շենքի ճակատագրին է արժանանալու նաեւ ԱԻՆ-ի նախկին շենքը: Այն հիմա փակ է, եւ տարօրինակ է, որ քաղաքի կենտրոնում գտնվող, բավական հետաքրքիր արտաքինով այդ շինությունը չի շահագործվում: Ակամայից ենթադրում ես, որ դրա հետ կապված եւս հեռահար նպատակներ կան:

-Այնպիսի տպավորություն է, որ Երեւանի ավագանին ձեւական բնույթ է կրում, քանզի ավագանու անդամների խոսքը նման կարեւոր պահերին առանձնապես նշանակություն չի ունենում:

-Սկսենք այնտեղից, որ մշակույթի նախարարությունը մշակութային արժեքների ոչնչացման դեպքերի առթիվ չի դիմում ՀՀ դատախազությանը, չի պարտադրում քրեական գործ հարուցել: Մտածում եմ՝ գուցե այդ կառույցները, առհասարակ, փակվեն. ավելորդ գումար են աշխատում: Իսկ ավագանու անդամների մեծ մասը հանրապետականներ են, մյուսների խոսքն էլ չգիտես՝ որքանով է անկեղծ…Ի վերջո, բոլորս մի բան ենք հասկացել. մինչեւ իշխանությունների շրջանում համակարգային փոփոխություններ չգրանցվեն, մեր նշած ոչ մի խնդիր չի լուծվելու: Այնուամենայնիվ, նախաձեռնության վերաբերմունքն առկա խնդիրներին չի փոխվել, եւ մենք շարունակելու ենք պայքարել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս