ՌԴ նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների հարցերի խորհրդի անդամ Իրինա Խակամադան ադրբեջանական կայքերից մեկի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Վերջինս կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այժմ աշխարհում ոչ մեկի չի հետաքրքրում:
«Հասկացե՛ք, այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն աշխարհին չի հետաքրքրում: Համաշխարհային քաղաքականությունն այժմ զբաղված է ուկրաինական խնդրով, որպեսզի այստեղ նոր պատերազմ չբռնկվի, այսինքն ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:
Եվ ներկայիս ստատուս-քվոյի ցանկացած խախտումը վատ կանդրադառնա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Ձեր առջև Ուկրաինայի օրինակն է»,-ասել է նա: