ԵԽԽՎ-ում սահմանային միջադեպերի մասին հարց հնարավոր է` չլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ:
Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարեւորել է ԱԳՆ-ի եւ խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը եւ մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը հանձնաժողովին հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-ից 30-ը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խորհրդակցությունը որեւէ արտառոց բանով աչքի չի ընկել, այս անգամ առանձնահատուկ է եղել միայն այն, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է բարեհաճել ներկայանալ խորհրդակցությանը: Մեր տեղեկությունների համաձայն՝ քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում ձեւավորված օրակարգը ու այն, թե ընդգրկված հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում պետք է հայտնի հայկական պատվիրակությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք հայկական պատվիրակությունը պատրաստվում է սահմանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զեկույցով հանդես գալ կամ այդ հարցն ընդհանրապես բարձրաձայնել: «Այս իրավիճակի հետ կապված ԵԽԽՎ օրակարգում որեւէ հարց ընդգրկված չէ, բայց որեւէ հարմար ձեւաչափով պատվիրակությունը կքննարկի այն բարձրացնելու հարցը»,-հայտարարեց պատգամավորը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս