Ռոբերտ Քոչարյանը, ում ձայնը վաղուց չէր լսվում, երեկ իր ոչ պաշտոնական 2rd.am կայքի միջոցով հարցազրուցի տեքստ է տարածել: Հարցազրույցն ընթերցելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն իր ով լինելը եւ Հայաստանի տնտեսությանը պատճառած ավերածություններն է մոռացել, այլ նաեւ փորձում է իրեն դնել իր երազած գործչի տեղը: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարեւոր ուղերձը հասցեագրված է Սերժ Սարգսյանին:
Բայց ամեն ինչ՝ հերթով: Այսպես՝ անցած տարվա դեկտեմբերին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, Ռոբերտ Քոչարյանն այսպիսի գնահատական է տվել. «Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները»:
Կարելի է կարծել, թե Հայաստանի տնտեսությունում վերջին տարիներին ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, կամ էլ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի այդ ամենի հետ: Հայաստանում գործում է տնտեսության այն նույն համակարգը, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխելու տարիներին: Ավելին՝ ոչ միայն տնտեսությունը չի փոխվել, այլեւ դրանում ներգրավված անձինք: Այս ընթացքում փոխվել է միայն մեկ բան` Սերժ Սարգսյանն է ստորագրում Հայաստանի տնտեսության քայքայումը շարունակող գործընթացների տակ եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն մեզանում գերիշխող տրամադրությունների եւ բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ եւ որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ Քոչարյանի եւ հայ հասարակության լավատեսությունը մեկը մյուսին հակասում են:
«Էժան բենզինը եւ դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները՝ հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա (բենզինի գինը Հայաստանում բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը)»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է կարծել, որ Հայաստանի էներգակիրների շուկայում այս տարիներին ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, որը չի եղել Ռոբերտ Քոչարյանի իշխելու տարիներին: Բայց իրականում այդ շուկայում մեկ միլիմետրի փոփոխություն չի եղել, նույն տնտեսվարողներն են, որոնք գործում են նույն այն սկզբունքներով եւ քվոտաներով, որոնք սահմանվել են հենց Քոչարյանի իշխելու շրջանում: Փոխվել է մեկ բան` «ատկատի» հասցեատերը. այլ անձի գրպան է մտնում:
«Ցավոք, որեւէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի եւ դրա արդյունավետության բարձրացման շարժիչը: Տնտեսության մենաշնորհացումն ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի տնտեսութան վերաբերյալ իր գնահատականը ներկայացնելու հարցին ի պատասխան: Այսինքն՝ Հայաստանում առկա քրեաօլիգարխիկ համակարգի նախագծող եւ իրագործող անձը, որն անձամբ է կառուցել Հայաստանի ներկայիս գեր կենտրոնացված տնտեսությունը, խոսում է մենաշնորհների ահագնացման մասին:
Սա առնվազն ծիծաղելի է: Իհարկե, եթե նրա իշխանության տարիներին տնտեսության 80 տոկոսն էր մենաշնորհված, այժմ 85-ի է հասել: Չլինի թե այդ 5 տոկոսն է մեղավոր:
Սակայն ամենաուշագրավը Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ միտքն է. «Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»: Հոպլա, հասանք: Այսինքն՝ տնտեսական մենաշնորհները շատ վատ բան են, բայց միեւնույն է՝ հիմնական «մեղավորը» այդ երեւույթը չէ, այլ «քաղաքական մենաշնորհը»:
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի առաջարկում է, ինչպես ինքն է ձեւակերպել, վերացնել «քաղաքական մենաշնորհը», ասել է թե՝ կիսել իշխանությունը: Ի դեպ, ոչ իշխանականների լեքսիկոնում եւս նույն միտքն է՝ վերացնել «քաղաքական մենաշնորհը»:
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ուշագրավ կողմերից մեկն էլ այն է, որ այս անգամ, ի տարբերություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում հնչեցրած գնահատականների, նա բավական զուսպ է արտահայտվել՝ «մոռանալով» վարչապետին քննադատել:
Վահագն Հովակիմյան