«Քաղաքական մենաշնորհները պահպանվում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2rd.am-ը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններին, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տնտեսության վիճակի մասին:

Armlur.am-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ՝ տեղեկանալու՝  իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականը, որ դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկումը ՀՀ տնտեսության «հիվանդության» արտացոլումն է, արդյո՞ք ուշացած չէ և ՀՀ տնտեսությունը վերջին 5 տարիների՞ն է նոր միայն «հիվանդացել»:

«Պարոն Քոչարյանն իր հարցազրույցում չի ասում այն մասին, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում է հիվանդացել մեր տնտեսությունը, այլ նշում է, որ դրամի փոխարժեքի կտրուկ անկումը վերջին 5 տարիներին արդեն երկրորդ դեպքն է: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության «հիվանդացմանը», ապա պարոն Քոչարյանը հստակ ընդգծում է, որ շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա և ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ, և բնական է համարում, որ արտաքին գործոնները որոշակի նշանակություն ունեն, «բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները»:

Եվ իմ կարծիքով իշխանությունների թիվ մեկ խնդիրը ոչ թե այդ «հիվանդության» կոծկումը պետք է լինի, այլ նրանց քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ դրա մասին հստակ ասվի և միջոցներ ձեռնարկվեն դրանք վերացնելու ուղղությամբ, որի մասին և հորդորում է պարոն Քոչարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե իր կարծիքով արդյոք մենաշնորհները ներկա կամ նախորդ կառավարության գործունեության ծնո՞ւնդ չեն և արդյոք մենաշնորհների ստեղծման և սնման հարցում առավել դերակատարում չո՞ւնի Ռոբերտ Քոչարյանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց.

«Քոչարյանը խոսում է ոչ թե կառավարության` որպես գործադիր իշխանության գործունեության ու նրա սխալների մասին, որոնց արդյունքում ստեղծվել ու ահագնացել են մենաշնորհները, այլ խոսում է ՀՀ քաղաքական իշխանությունների գործունեության մասին` որպես ամբողջություն` իր բոլոր ինստիտուտներով հանդերձ»,- ասաց Իսագուլյանը: Վերջինիս կարծիքով՝ քաղաքական ոլորտում խոսել այն մասին, թե պարոն Քոչարյանի ժամանակ առկա էր մենաշնորհ, նուրբ ասած անտեղին է. «Նա որպես անձ և ՀՀ նախագահ որևէ քաղաքական ուժի չի պատկանել, և նրա նախագահության տարիներին իշխանությունը ձևավորվել է քաղաքական կոալիցիայի արդյունքում»,- նշեց կուսակցության նախագահը :

«Այժմ տիրում է քաղաքական բացարձակ մենաշնորհ, և ինչպես պարոն Քոչարյանն է ընդգծում` «քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա»»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը: Նրա կարծիքով՝ տնտեսության բնագավառում հնարավոր է մենաշնորհի առկայություն, որի դեմ պետք է պայքարեն իշխանություններն օրինական բոլոր միջոցներով, բայց այժմ նկատելի է, որ տնտեսության մեջ նույնպես առկա մենաշնորհները պատկանում են նույն քաղաքական խմբի բարձրաստիճան պաշտոնյաներին` ամենաբարձր մակարդակով:




Լրահոս