Թովմա Մաթևոսյանը բժիշկների անփութության պատճառո՞վ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու` Թովմա Մաթեւոսյանի սպանության գործը զարմանալի ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր նախնական վարկածով` բժիշկների ակնհայտ անփույթ վերաբերմունքի եւ սխալ բուժման հետեւանքով է Թովմա Մաթեւոսյանը շատ արագ մահացել:

Նշենք, որ 2013թ. մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում բնապահպանության նախարարության էկոլոգիայի բաժնի տեսուչ Տիգրան Մելիքյանը սպանել էր գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն` Թովմա Մաթեւոսյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեղադրյալ Տիգրան Մելիքյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի այս գործով բժիշկները հարցաքննվեն. «Հարցաքննվել է դատաբժիշկը` Քոսյանը, եւ օգնություն ցուցաբերած բժիշկներից մեկը` Հայրապետյանը:

Հարց է ուղղվել, թե ինչպես է իրականացվել դատաբժշկական փորձաքննությունը: Տպավորություն է, որ գործ ունենք ծայրահեղ անգրագետ մարդկանց հետ: Դատաբժիշկը բոլոր կարեւոր հարցերին, օրինակ` ինչ վնասվածք է ստացել, եւ այդ վնասվածքի հետեւանքով որքան ժամանակում կմահանար, պատասխանում էր, թե դրա համար պետք է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացվի: Կարեւոր է նաեւ այն, թե ձեռքին ինչի համար է 3 ներարկում արվել: Նա չի պարզել` ինչի համար են դրանք կատարվել: Ասում ենք` հնարավոր է՝ նա դեղորայքից մահացած լիներ, կամ դրանից նրա վատ վիճակը խորանար, պատասխանում էր` պետք է փորձաքննություն»:
Ըստ փաստաբանի՝ Թովմա Մաթեւոսյանը ստացել է մարմնական վնասվածք, որը եղել է համատեղելի կյանքի հետ. «Իմ տեղեկություններով` մարդուն նման դեպքերում 80% հավանականությամբ հնարավոր է փրկել: Իմ ունեցած նախնական վարկածով` բժիշկների ակնհայտ անփույթ վերաբերմունքի եւ սխալ բուժման հետեւանքով է Թովմա Մաթեւոսյանը շատ արագ մահացել» :

Սա, թերեւս, այս գործով միակ աղմկալի նորությունը չէ: Ըստ պաշտպան Աթանեսյանի՝ իր տեղեկություններով՝ գործը քննող դատավորը` Աղասի Մկոյանը, սովորաբար քննել է քաղաքացիական գործեր, եւ վերջին 7-8 ամիսն է, ինչ քննում է քրեական գործեր. «Հիմա կրկին պետք է վերադառնա եւ քննի քաղաքացիական գործեր եւ ունի հանձնարարություն այս գործը շատ արագ քննելու, որպեսզի անցնի մյուս գործերին: Սա նշանակում է, որ, ըստ ամենայնի, նա մերժելու է մեր դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը: Եթե նախկինում նիստեր էին նշանակվում ամիսը 1-2 անգամ, հիմա 4 օրը մեկ են նշանակվում, որ շտապ ավարտեն, վերջացնեն: Այս պայմաններում ակնհայտ է, որ նա կկայացնի անհիմն դատավճիռ»:

Քնար Մանուկյան




Լրահոս